06 03 2019

ԵՄ-ի ուղերձը Փաշինյանին. արցախյան խնդրի քաղաքական շուտափույթ կարգավորում

ԵՄ-ի ուղերձը Փաշինյանին. արցախյան խնդրի քաղաքական շուտափույթ կարգավորում

Ի սկզբանե էլ կարելի էր կռահել, որ Փաշինյանի Բրյուսել կատարած այցն ուներ երկու հիմնական նպատակ: Առաջինը. եվրաչինովնիկությունից գոնե մի քիչ փող պոկել: Երկրորդ ու, թերևս, հիմնական խնդիրն էր Արցախը: Սպասվում է Ալիևի հետ հանդիպում, և կասկածից դուրս է, որ Մինսկի խմբի համանախագահները, ընդգծենք` համանախագահող երկրները հակամարտության կարգավորմանը միտված փաստաթուղթ կներկայացնեն: Թե ինչ սկզբունքներով, ժամանակի ընթացքում շատ բաներ բացահայտվել են, արտգործնախարարները` Մամեդյարովն ու Մնացականյանն արդեն իսկ հայտարարել են` «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին»: Ու կարծես թե հենց այս հանդիպմանը համանախագահները մեկ պարզ հարց են ուղղելու Ալիևին ու Փաշինյանին` դե, ի՞նչ եք մտածում այս մասին: Ու քանի որ այդ հարցի հետ կապված` ՄԽ-ում ներգրավված երկու աշխարհաքաղաքական կենտրոնների մոտեցումը պարզ է, պետք էր նաև երրորդ կենտրոնի` Բրյուսելի մոտեցումը հստակեցնել. ով իմանա, գուցե ինչ-որ բան փոխվի՞:

Փաշինյանի բրյուսելյան այցի ընթացքը ցուց տվեց, որ իրոք, հենց այդ երկու հարցն էլ դարձան հիմնական առանցքը: Համենայնդեպս, նրա բոլոր հանդիպումներում փող խնդրելու հարցն առաջին պլանում էր: Սակայն «օգնեք` հայաստանյան դեմոկրատիայի հորը» ոճն ակնհայտորեն չաշխատեց. վերին եվրապաշտոնյաները, թեև չզլացան լայն ժպիտները դեմքերին` մի լավ գովերգել Փաշինյանին, համակողմանի օգնություն խոստանալ, բայց դե` այդ ամենը շատ հեռու է «կենդանի փող» դառնալուց:

Ինչ վերաբերում է Արցախին, ապա Փաշինյանը Բրյուսելում ևս փորձեց առաջ տանել իր այն հայտնի թեզը, թե` ինքը արցախյան ծագմամբ Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը չէ, որ բանակցի արցախցիների անունից: Այդ միտքն այցի քաղաքական օրակարգի ամենասկզբում` Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հնչեցնելով, Փաշինյանը թերևս փորձեց դրան հաջորդած բարձրաստիճան եվրապաշտոնյաների հետ հանդիպումներում դրական ֆոն ստեղծել: Սակայն հենց առաջին պաշտոնյան` Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի տեսակետը հաստատ սառը ցնցուղի էֆեկտ ունեցավ: Այսպես, Տուսկի խոսքով. «ԵՄ-ն շարունակում է հավատալ, որ ստատուս քվոն անկայուն է. հակամարտությունը ռազմական լուծում չունի և շուտափույթ քաղաքական կարգավորման կարիք ունի` միջազգային իրավունքի համաձայն: Բնակչությանը խաղաղությանը պատրաստելը կարևոր քայլ է դեպի կարգավորում, որին մենք պատրաստ ենք աջակցել»: «Անկայուս ստատուս քվո» և «քաղաքական շուտափույթ կարգավորում». սրանք Փաշինյանին ուղղված պարզ հորդորներ են` վերադարձիր տուն և «բնակչությանը խաղաղությանը նախապատրաստիր»:

Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանն էլ իր ու այդ պահին ներկա Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի անունից ևս մեկ հարված հասցրեց. «Ինչ վերաբերում է մեր աջակցությանը, կարծում եմ, որ պետք է թողնենք ամեն ինչ գործող ֆորմատով, նոր բան չստեղծենք»: Կարճ ասած, որ Փաշինյանը լավ կանի, ԵՄ-ի հետ հույսեր չկապի: Առավել ևս, որ Հաննը նաև հավելեց. «Մենք դրսից՝ որպես Եվրամիություն, ի՞նչ կարող ենք անել»:

Եվ այս ամենից հետո արդեն հետաքրքիր էր Փաշինյանի այս միտքը` Ալիևի հետ սպասվող հանդիպման մասին. «Ես արդեն Թեհրանում ասել եմ, որ առաջիկա մեր հանդիպումը նվիրված է լինելու այդ թվում՝ բանակցային ֆորմատի շուրջ քննարկումներին»: Չէ, Իրանում Փաշինյանը մի փոքր այլ կերպ էր ասել. «Դա լինելու է առանց օրակարգի հանդիպում, բայց դրա կարևոր ուղենիշներից մեկը լինելու է բանակցային ֆորմատի քննարկումը»: Իսկ բրյուսելյան հայտարարության մեջ ավելացել է «այդ թվում» արտահայտությունը: Դա հետևյալն է նշանակում` կլինեն տարբեր հարցեր, որոնց թվում` բանակցային ձևաչափը: Կքննարկվի՞ ձևաչափի թեման, մեծ հարցական կա` հաշվի առնելով նաև, որ մյուս բոլորը դեմ են դրան, և Հանն էլ, թերևս, հենց դա էր ակնարկում` խորհուրդ տալով` « թողնենք ամեն ինչ գործող ֆորմատով» : Սակայն կոնկրետ դեպքում խնդիրն այլ է. Փաշինյանի «այդ թվումը» նշանակում է, որ Ալիևի հետ հանդիպումը, այնուամենայնիվ, լուրջ օրակարգ ունի: Ինչպիսի՞. այդ հարցն էլ արդեն իմաստ չունի, միանգամայն հասկանալի է: Ընդամենը նկատենք, որ բրյուսելյան այցը նկատելի փոփոխություն մտցրեց Փաշինյանի հայտարարությունների երանգավորման մեջ, ինչը նշանակում է, որ առնվազն Արցախի հետ կապված ԵՄ-ից սպասելիքներ Փաշինյանն այլևս չունի:

Քերոբ Սարգսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ