27 05 2021

6 հայ զինվորների գերեվարումն ու Նիկոլի ինքնախոստովանական «ցուցմունքը»

6 հայ զինվորների գերեվարումն ու Նիկոլի ինքնախոստովանական «ցուցմունքը»

Առանց չափազանցության՝ օրհասի մեջ գտնվող Հայաստանում ոչ երեկոներն են այլևս խաղաղ, ոչ էլ արշալույսներն են բարի: Քանի դեռ պետության ղեկի մոտ են այն ապօրինի զբաղեցնող և բացահայտորեն օտարի, եթե չասվի՝ թշնամու շահերն սպասարկող ռեժիմը և այդ խմբոնի պարագլուխ Նիկոլ Փաշինյանը, երկրի վիճակն օրհասական է լինելու՝ ավելի ու ավելի հակվելով դեպի վերջնական կործանում:

Ավելի քան երկու շաբաթ է, ինչ թշնամին՝ ադրբեջանական թուրքերը ներխուժել են անմիջականորեն Հայաստանի Հանրապետության տարածք, կիլոմետրերով խորացել մեր տարածքում, դիրքավորվել, զորք կուտակել: Նախօրեին կրակոցներ արձակելով սպանել էին պայմանագրային հայ զինծառայողի: Այսօր արդեն հենց մեր տարածքում գերեվարել են ՀՀ Զինված ուժերի 6 զինծառայողի:

Որոշ բթամիտներ, իհարկե, էլի կմրմնջան, թե՝ «նախկիններն են տվել», «բա 30 տարում ինչու էդ սահմանը չեն ամրացրել» և նման այլ ցնդաբանություններ: Դե դրանց նիկոլապաշտ գլուխները չի մտնի, չեղած ուղեղներն էլ ճաք կտան զոռից՝ հասկանալու համար, որ «նախկինների» օրոք սահմանը այդտեղից տասնյակ ու տասնյակ, եթե ոչ՝ 100-200 կիլոմետր հեռու էր, դեպի արևելք, Արցախի երբեմնի հյուսիս-արևելյան առաջնագծով: Այն Արցախի, որը նիկոլական քարոզչության համաձայն, «դժբախտ, դժգույն» էր ու «բա խի՞ մեր էրեխեքը գնան էնտեղ ծառայեն», «տանք ու խաղաղ ապրենք» և մեկ այլ խմբաքանակ զոմբիացնող նիկոլաքարոզչական կլիշչեներ:

Վերադառնանք վերջին խայտառակ եղելությանը, ըստ Փաշինյանի ՊՆ-ի հաղորդածի՝ մայիսի 27-ի վաղ առավոտյան, ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարող մեր 6 զինծառայողների՝ ադրբեջանական ասկյարների կողմից շրջափակվելու և գերեվարվելու փաստին: Կառավարության մայիսի 27-ի նիստի սկզբում կատարվածի մասին խոսեց նաև այս վիճակի գլխավոր մեղավոր Նիկոլ Փաշինյանը:

Լսեցինք: Բայց չկողմնորոշվեցինք. դա իրեն վարչապետի տեղ դրած ուզուրպատորի՞ խոսք էր, թե՞, այնուամենայնիվ, ինքնախոստովանական ցուցմունք:

Ի՛նչ ասաց Փաշինյանը: Իսկ նա ասաց, որ ՀՀ բանակի զինվորները ՀՀ տարածքում, սահմանագոտին ականապատելիս են եղել, ըստ որում՝ տարածքի ականապատված լինելու մասին նշումով ցուցանակներով, իսկ ադրբեջանական զինվորները նրանց շրջապատել ու առևանգել են:

Միանգամից հարց է ծագում. ա) ո՞ր հիմարն է թշնամու կողմից դիտարկվող, այդ թվում՝ կրակային խոցման գոտում գտնվող տարածքում ինժեներական աշխատանքներ իրականացնելու հրաման տալիս... ԱՌԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՄԱՆ և մեր կողմից ինժեներական աշխատանքներ իրականացնող սակրավորներին թիկունքից հրաձիգներով ու կրակով պաշտպանելու հնարավորության: Դա Վաղարշակի «ռազմագիտական» ո՞ր դիրեկտիվայում է նշված: Եվ՝ բ) ո՞ր ապուշը, ո՞ր դավաճանն  է մեր զինվորներին, մեր զորքին չկրակելու հրաման տվել՝ թշնամու հորդայի դեմ կանգնած հայ մարդուն զրկելով ինքնապաշտպանության տարրական մարդկային իրավունքից ու դնելով կա՛մ գերի ընկնելու, կա՛մ հրամանը խախտելու համար դատի տակ ընկնելու հիմար երկընտրանքի վիճակում:

Ու այսքանից հետո, այս ուղղակի խայտառակագույն վիճակն ստեղծողը, Հայաստանի ոչնչացման «գլխավոր ճարտարապետ», իր ապագա «յոթը պորտի» համար համազգային անեծքի ու նզովքի պաշար արդեն իսկ կուտակած Նիկոլ Փաշինյանը, կատարվածի մասին խոսելիս, ընդգծեց... շատ կարևոր է, որ հարցը չօգտագործվի «ներքաղաքական նպատակներով»: Ու, կոնկրետ ինքը կոնկրետ ո՛չ մի բառ չասաց, թե ի՛նքն ինչ է անում, որ իր կողմից թշնամուն գերի հանձնած այս 6 հայ զինվորին վերադարձնի թշնամական գերությունից:

Ի՞նչ «ներքաղաքական նպատակ», ինչի՜ մասին են խոսում, առհասարակ: Եվ ով է խոսում, էլի: Երկրի տարածքը զավթած թշնամական ջոկատները վնասազերծելու փոխարեն ՀԱՊԿ-ՄԱՊԿ-ին աղերսագրեր հղո՞ղը, Արցախը թշնամուկն հանձնո՞ղը, Հայոց բանակի ավելի քան 5000 լուսավոր զինվորների կողծանման տանո՞ղը: Ոսկեպարը թուրքի գյուղ համարո՞ղը, Շուռնուխը մեջտեղից կիսողն ու թուրքին նվիրո՞ղը:

Ամենամեծ սխալն այս ամենի մեջ ոչ թե այն է, որ նա դեռ կա և խոսում է, այլ այն, որ նա դեռ կառավարությա՛ն նիստերի դահլիճում է խոսում, այլ ոչ թե՝ դատարանի՛ դահլիճում:     

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ