05 05 2021

Պաշտոնյայի կողմից ստելը անհրաժե՛շտ է քրեականացնել

Պաշտոնյայի կողմից ստելը անհրաժե՛շտ է քրեականացնել

Մեծ է հավանականությունը, որ ապագայի պատմիչները, անդրադառնալով 2018-21 թվականներին, այն բնորոշեն որպես Հայաստանում ստախոսության ու կեղծիքի, փարիսեցիության տիրապետման ժամանակաշրջան: Իսկ մոտալուտ ապագայում, այն բանից հետո, երբ Հայաստանում իշխանությունը ազատագրվի Նիկոլ Փաշինյանի գլխավորած օտարահպատակ ու կործանարար խմբոնից, նոր իշխանության առաջին խնդիրներից մեկը պետք է լինի ընթացիկ աղետի բոլոր «քայլա»-մեղավորներին օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու համաժողովրդական, կարելի է ասել՝ համազգային պահանջի իրականացման ապահովումը:

Չափազանց շատ անելիք ունի Հայաստանի ցանկացած հաջորդ իշխանություն՝ այնքան ահռելի են 3 տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած ենիչերաբարո բաշիբոզուկների գործած ավերները: Սակայն ակնհայտ է, որ հնարավոր չի լինելու վերականգնել ազգային արժանապատվության ու արդարության մթնոլորտը, եթե Արցախի հանձնման, բանակի կործանման, տազարավոր երիտասարդ զինվորների ու սպաների մահվան ու կորստի մատնելու հիմնական մեղավորները չկանգնեն ժողովրդի դատի ու դատաստանի առաջ:

Անվտանգային, տնտեսական, սոցիալական վերականգնմանն ուղղված քայլերից ու ծրագրերից բացի, ավելի ճիշտ՝ դրանց զուգահեռ, աննհրաժեշտ է ներդնել ու կիրառել նաև նոր ու խիստ մոտեցումներ պետական կառավարման համակարգում, իշխանություն-հասարակույթուն հարաբերություններում: Այդ մոտեցումներից մեկը ստախոսությունը քրեականացնելն է: Ավելի կոնկրետ՝ պետական պաշտոնյայի կողմից սուտ խոսելը քրեորեն պատժելի դարձնելը կամ նման արարք թույլ տված անձին պետական կառավարման համակարգից տևականորեն մեկուսացնելը:

Այդ մոտեցման մասին օրերս, համակիրների հետ հանդիպման ժամանակ միանգամայն հստակ ու դիպուկ արտահայտվեց նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նկատելով, որ տհաճ բացահայտում էր իր համար այն, որ մեր հասարակությունը կարող է այդքան հանդուրժողական լինել ստախոսության ու ոչ պրոֆեսիոնալիզմի նկատմամբ:

«Եթե այս նույն հանդուրժողականությունը մնա այս երկու երևույթի նկատմամբ, մեր հասարակույթունը երբեք չի կարող առողջանալ,-ասաց Ռոբերտ Քոչարյանը, ապա հավելեց: - Պաշտոնյայի կողմից սուտ ասելն ուղղակի պետք է քրեորեն պատժելի արարք դարձնել: Առնվազն պետք է օրենսգրքում մի դրույթ մտցնել, որ պաշտոնյան, եթե ապացուցվում է, որ ստել է, օրենքի ուժով պաշտոնը կորցնում է ու դրանից հետո 5 տարի իրավունք չունի զբաղեցնել որևէ պետական պաշտոն: Այդպիսի խիստ մեթոդներ է պետք կիրառել այդ երևույթից ձերբազատվելու համար»:

Նման մոտեցման անհրաժեշտության հիմնական շարժառիթն, ինչ խոսք, ակնհայտ է. չի եղել մի դեպք անցած 3 տարվա ընթացքում, որ Նիկոլ Փաշինյանը (էլ չենք խոսում նրա տասնյակ ու տասնյակ «քայլակիցների» մասին) հրապարակային ելույթ ունենա, ինչ-որ հայտարարություն անի ու դրանից հաշված րոպեներ անց չբացահայտվի, որ նա ամբողջապես կամ առանձին հատվածներով ուղղակի ստել է, հայտարարել է կեղծ տվյալներ կամ ուղղակիորեն նենգափոխել, խեղաթյուրել է այս կամ այն իրադարձույթունը, երևույթը, խնդիրը:

Եվ իրավիճակում, երբ արձանագրում ես հասարակության մի որոշակի մասի բացարձակ լոյալությունը, անտարբերությունը, իսկ որ ավելի սարսափելի է՝ համաձայնությունն ու հավանությունը ինչպես պետության ղեկավար համարվող Փաշինյանի ու նրա՝ առաջին էշելոնի մանկլավիկների կողմից բարձրաձայնվող ստերի, կեղծիքների նկատմամբ, ստախոսության քրեականացումը առավել քան հիմնավորված անհրաժեշտություն է: Մինչդեռ հենց այդ ստախոսությունը և մանավանդ դրա հանդեպ հանդուրժողոկանությունը քանդեց մեր ոչ միայն տունը, այլև մեր երկիրը...

Ավելին, կարելի է նման խիստ մոտեցումը տարածել ոչ միայն պետական պաշտոնյաների, այլև քաղաքական գործիչների վրա: Եթե որևէ քաղաքական գործիչ բացահայտ ստում է, ապա պետք է նաև օրենքով հետապնդվի:

Մենք չենք կարող առաջ շարժվել, մինչև մեր հասարակության մեջ չվնասազերծենք կեղծավորության, ստախոսության, փարիսեցիության, երկերեսանության այդ վիշապին:

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ