29 04 2021

Առայժմ չկա միայն ամենից պահանջված փաստը՝ Փաշինյանի հեռացումը և կալանավորումը՝ իր «քայլախմբի» հետ

Առայժմ չկա միայն ամենից պահանջված փաստը՝ Փաշինյանի հեռացումը և կալանավորումը՝ իր «քայլախմբի» հետ

Եթե որևէ իշխանություն, որևէ երկրում աներ 3 տոկոսը այն ամենի, այն բոլոր սրիկայությունների, որոնք այս 3 տարվա ընթացքում իրեն թույլ է տալիս անարյուն հեղաշրջմամբ ՀՀ ղեկավարի պաշտոնը զավթած Նիկոլ Փաշինյանի գլխավորած «քայլախումբը», ապա նրան ոչ միայն կհեռացնեին իշխանությունից, այլև կդատեին ամենախիստ ու ծանր մեղադրանքներով:

Նիկոլ Փաշինյանի գլխավորած «քայլախումբը», որպես իշխանություն, ամեն շաբաթվա մեջ առնվազն մի 10 անգամ իր անհապաղ հեռացումը պահանջելու պատճառ ու առիթ է տալիս: Ամեն օրվա հետ ավելի ու ավելի են ջնջվում հնարավոր ու անհնար «կարմիր գծերը», որից հետո քաղաքական գործընթացքները դադարում են քաղաքական լինել ու վերածվում են համընդգրկուն աղետի: Մեր երկրի ու հասարակության մնացորդների դեպքում՝ աղտի շարունակական խորացման: Բայց Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն անում է բացարձակապես ամեն ինչ՝ զարգացումներն ու տրամադրությունները բախման ու եղբայրասպան արյունահեղության հասցնելու համար: Դա նրա սատանայական հանձնառությունն է:

Մյուս կողմից, երկիրը, հասարակության հավաքական «օպերատիվ հիշողությունը», նաև այն, ինչը բնորոշվում է որպես հանրային ընկալում, հանրային կարծիք, արդեն կարծես լիովին անցել են օրաթերթի խմբագրություն ռեժիմին: Ամեն նոր օրվա «լրահոսը» ասես ջնջում, հիշողություններից ժավելաջրով մաքրում է նախորդ իրադարձությունները, իրողությունները, փաստերը, ակնհայտ եղելությունները, դրանց վերաբերյալ հիշողությունը:

Ըստ այնմ, այնպիսի տպավորություն է, որ արդեն ջնջվել, մոռացության է մատնվել, որ կատարված արյունահեղ ողբերգության, տեղի ունեցած ու շարունակվող աղետի համար կա գլխավոր մեղադրյալ, կան նրա գործակից-մանկլավիկներ, որոնց անուններն են Նիկոլ Փաշինյան, Արայիկ Հարությունյան, «Իմ քայլը» խմբակցություն, ՔՊ կուսակցություն:

Նիկոլ Փաշինյանն ու իր մանկլավիկախումբը նախ, առնվազն երկու տարի շարունակաբար մոլորության մեջ է գցել իր ընտրողներին ու ընդհանրապես հանրությանը, զուգահեռաբար՝ տորպեդահարելով ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության շրջանակում Արցախի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը:

Ի դեպ, այդ հանգամանքները բավականին հակիրճ, կետ առ կետ իր վերջին հարցազրույցում  (դիտել, օրինակ, 06:00-ից 10:00 միջակայքում տրված պատասխանը) ընդգծեց նաև նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Հիշեցնենք. Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, նախ՝ Արցախի խնդրի շուրջ մինչ այդ եղած բանակցությունները զրոյացնելու, նոր կետից սկսելու մասին: Նա հայտարարել է, թե ինքն ի՛ր կետից է վարում բանակցությունները, այլ ոչ թե շարունակում է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կետից:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հնարավոր չեն կամ անիմաստ են բանակցությունները՝ առանց ԼՂՀ պաշտոնական ներկայացուցիչների անմիջական ներգրավման: Դա, ի դեպ, բացի նրանից, որ Նիկոլ Փաշինյանը գործնականում լեգիտիմացրեց Բաքվի ձևավորած այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներգրավումը, այլ նկատելի արդյունք չունեցավ: Թեպետ, ոչ, ևս մեկ «արդյունք» կամ հետևանք էլ եղավ՝ ՀՀ-ն ներկայացնող գլխավոր պատասխանատու անպատասխանատու-արկածախնդրի այդ հայտարարությունները սաստկացրեցին եռանախագահության այն տպավորությունը, որ Հայաստանը վերջնական փակուղի է մղում բանակցային գործընթացը:

Ի լրումն ամենի, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե՝ Արցախը Հայաստան է, և վե՛րջ: Դրանով նա ոչ միայն ծափեր շահեց Ստափանակերտի Վերածննդի հրապարակում, այլև գործնականում լեգիտիմացրեց ադրբեջանական կողմի, Ալիևի ռազմատենչ հայտարարությունները, Արցախի դեմ պատերազմ վերսկսելուն ուղղված գործողությունները, որոնք, նկատենք, չդատապարտվեցին «միջազգային հանրություն» կոչվածի կողմից: Չդատապարտվեցին, քանզի դրանք այդպիսով ստացան առնվազն ձևական պատճառ՝ ադրբեջանա-թուրքա-տեռորիստական ագրեսիան դիտարկելու ոչ թե Արցախի՝ ինքնորոշված հայության ցեղասպանությանն ուղղված ոճիր, այլ՝ Ադրբեջանի՝ տարածքային ամբողջականությունը վերականգնելու, Հայաստանի օկուպացիայից ազատելուն ուղղված գործողություն:

Դե ասեք, որ Նիկոլ Փաշինյանը, ով, իբրև թե «բանակցություններ« չէր վարում, այլ խորհրդատվական հանդիպումներ» էր ունենում, ով իբր թե «իր կետից էր բանակցում», ով բացեիբաց ստում էր, թե՝ «բանակցային սեղանին ոչ մի փաստաթուղթ չկա», իսկ երբ սուտը բացահայտվեց, սկսեց ծղրտալ, թե՝ «ինչ պետք ա, էն էլ փանակցում ենք, իյը՜...», դե ասեք, որ այս ամենը արած ու թույլ տվածը գլխավոր մեղադրյալ չէ, եթե ոչ մեղավոր: Եթե հանցակիցն եք, կասեք: Եթե հայ եք ու գիտակցությունը չեք կորցրել, ապա կմիանաք մեղադրող ու պատասխան պահանջող հայրենակիցներին:

Ըստ որում, ներկայացվածը միայն շատ փոքր մասն է պատժի ու պատասխանատվության ենթակա այն արարքների և գործունեության, որը իրականացրել են Նիկոլ Փաշինյանն ու իր «քայլախումբը»:

Իսկ եթե սրան հավելենք նաև բանակի կազմաքանդմանը, մարտունակության անկմանը, պաշտպանունակության նվազեցմանն ուղղված գործողությունները, ապա պատկերն է՛լ ավելի կամբողջանա, չնայած այն լիարժեք ամբողջական դարձնելու համար դեռ բազմաթիվ կետեր ու փաստեր կան:

Առայժմ չկա միայն ամենից պահանջված փաստը՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը և կալանավորումը՝ իր ամբողջ «քայլախմբի» հետ:

Մինչև այդ թրքորակ ուռուցքը մեր պետության մարմնից, թեկուզ վիրահատական եղանակով, չհեռացվի, Հայաստանի կործանման ընթացքը շարունակվելու է:

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ