Կորոնավարակի երրորդ ալիքի բռնկման փուլում, երբ Հայաստանում առանց այդ էլ համաճարակաբանների ռեզերվում կադրային սով կա, արտագաղթել է Հայաստանի լավագույն բշիկ-համաճարակաբաններից մեկը՝ Մհեր Դավիդյանցը:
Բժիշկ-վարակաբան, Նորքի ինֆեկցիոն կենտրոնի նախկին տնօրեն Մհեր Դավիդյանցը մեկ ամիս է՝ ինչ ընտանիքով հաստատվել է Ուկրաինայում և ըստ Yerevan.Today-ին փոխանցված տվյալների՝ Կիևում հասցրել է կնքել աշխատանքային պայմանագրեր։ Այսօր նա հայրենակիցներիս փոխարեն՝ Covid 19-ից փրկում է ուկրաինացիների կյանքեր:
Նա պատերազմից առաջ անսպասելի լքեց «Նորք» ինֆեկցիոն կենտրոնի ղեկավարի պաշտոնը քայլականների կարկառուն գործիչ Արսեն Թորոսյանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:
Փաստորեն, Արսեն Թորոսյանը թույլ տվեց կամ ավելի ճիշտ՝ դրդեց լքել Հայրենիքը այն էլ հիմա՝ կորոնավիրուսի դեմ «կռիվը» չավարտած պայմաններում:
Ընդգծենք, Մհեր Դավիդյանցի առավելությունը միայն նրա մասնագիտությունը չէր: Ավելի վաղ գրել էինք, որ ամբողջ Հայաստանում այսօր կորոնավիրուսի դեմ պայքարող համաճարակաբան մասնագետների թիվը հազիվ հասնում է 65-ի, ըստ որում՝ նրանց մեծ մասն արդեն թոշակառու է:
1998 թվականից հետո այս մասնագիտությունը դասվել է մեռնող մասնագիտություների շարքին, փակվել է ֆակուլտետը, Բժշկական համալսարանում վաղուց համաճարակաբան չեն պատրաստում: Դա էր պատճառը, որ վարակի տարածման պիկին այս բացը լրացնելու համար Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը որոշեց այլ մանսագետների գործուղել Առողջապահության ազգային կենտրոն՝ կարճատև կուրսով վերապատրաստման, որպեսզի համաճարակի դեմ պայքարը գլուխ բերեն։ Ինչո՞ւ գլուխ չբերվեց, ինչո՞ւ այսքան մահեր ու ահռելի ֆինանսական կորուստ ունեցանք, բայց պայքարն արդյունք չտվեց՝ կպարզի հաջորդ իշխանությունը:
Փաստն այն է, որ Դավիդյանցի ազատումը լուրջ հարցեր էր առաջ բերում, իսկ նրա որակի մասնագետի կորուստը կրկնակի նշանակություն ուներ. Դավիդյանցը դասախոսում էր նաև Հերացու անվան Բժշկական համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնում: Իսկ դա նշանակում է, որ չկա այլևս նաև մասնագետներ պատրաստող ձեռքը, նա ազատման դիմումով հեռացել է նաև Հերացու անվան բժշկական համալսարանից:
Հիշենք, վարակի տարածման ամենաագրեսիվ փուլում համաճարակի դեմ պայքարի հիմնական բեռը դրվել էր հենց «Նորք» ինֆեկցիոն կենտրոնի վրա, որը ղեկավարում էր Մհեր Դավիդյանցը: Սակայն անցած տարի օգոստոսի 20-ին նա անսպասելի ազատման դիմում գրեց: Այդպիսով, Դավիդյանցը որպես համաճարակաբան դուրս մղվեց նաև կորոնավիրուսի դեմ պայքարի ֆրոնտից՝ այդ ժամանակվա նախարար Արսեն Թոորսյանի հետ ունեցած կոնֆլիկտների պատճառով։
Մամուլում երկար քննարկվեց նրա հեռացման թեման, սակայն Դավիդյանցն անձամբ այդպես էլ չմեկնաբանեց իր որոշումը:
Հիշեցնենք՝ նախարարությունն այդ «անհամաձայնությունները» պատճառաբանել էր այսպես՝ «2020 թ մեկնարկած ՁԻԱՀ-ի ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկայի միաձուլման հետ է պայմանավորված»։ Ըստ Թորոսյանի խոսնակի՝ Դավիդյանցին Թորոսյանն առաջարկել էր ընդհանուր գծով տեղակալի պաշտոնը, որը մերժվել էր միանգամից:
Մի կարևոր նկատառում ևս. Դավիդյանցի դեմ ներքին «բազառները» կառավարությունում սկիզբ առան հայտնի ուղիղ եթերից հետո. Երբ Դավիդյանցը Փաշինյանի ու Արսեն Թորոսյանի ներկայությամբ անսպասելի հայտարարեց, որ կորոնավարակով առաջին հիվանդները բուժվել են 2020թ․ փետրվարին, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը հիշեցնենք, առաջինը պաշտոնապես հայտարարեց, որ վարակակիր առաջին ծիծեռնակը Հայաստանում արձանագրվել է մարտի 1-ին: Իսկ վարակի դեպքերը կոծկելն այն ժամանակ համարվում էր, որ կարող էր արվել հանուն սահմանադրական ԱՅՈ-ի իշխանական քարոզարշավի, որն այդպես էլ տապալվեց:
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը