25 03 2020

Հայաստանում կա ընդամենը 63 համաճարակաբան

Հայաստանում կա ընդամենը 63 համաճարակաբան

Այս օրերին, երբ աշխարհում թիվ մեկ խնդիրը համաճարակի կործանարար ալիքին դիմակայելն է, Հայաստանում, պարզվում է, զուգահեռաբար ձևավորվում է նոր օրակարգ. Պետական կառավարման համակարգում լուրջ մտահոգություն կա․ հակահաաճարակաբանների մասնագիտական ռեզերվում առկա է կադրային սով:

Ողջ Հայաստանում այսօր կորոնավիրուսի դեմ պայքարող համապատասխան մասնագետների թիվը հազիվ հասնում է 65-ի, ըստ որում՝ նրանց մեծ մասն արդեն թոշակառու է:

1998 թվականից հետո հակահամաճարակաբանությունը Հայաստանում դասվել է մեռնող մասնագիտություների շարքին: Բայց մինչ պատճառներին անդրադառնալը, փորձենք անել մի պարզ հաշվարկ.

Պաշտոնական տվյալներով, միայն 2018-ին ՀՀ-ն  ունեցել է 63 հակահամաճարակաբան, տարեգրքում հրապարակված չեն 2019 թվականի տվյալները:

Կնշանակի՝ պանդեմիան Հայաստանում չեզոքացնելու ծանրագույն գործին լծվել է այսքան փոքրաթիվ մասնագետ: Փորձենք ամենապարզ հաշվարկով նրանց բաշխել ողջ Հայստանով մեկ․ չմոռանանք՝ սպասարկող մասնագետների մի զգալի մասը փետրվարի վերջին-մարտի սկզբին արդեն իսկ տեղակայվեցին սահմանային 7 անցակետերում: Նրանք անձնվիրաբար ու տաժանակիր աշխատանքով շուրջօրյա գերծանր ռեժիմով հերթապահում են Գոգավանի, Այրումի, Շիրակի օդակայանի, Բագրատաշեն-Բավրայի, Մեղրիի, Զվարթնոցի անցակետերը:

Իսկ հակահամաճաակաբանների երիտսերունդը 20 տարի չի մտել Հայաստանի առողջապահական համակարգ այն պարզ պատճառով, որ որ 21–րդ դարում հակահամաճարակաբան ու ինֆեկցիոնիստ լինելն այլևս չի դասվել արդի մասնագիտացումների շարքին, ուստի խիստ նվազել է պահանջարկը՝ այս նեղ մասնագիտացումը ստանալու նկատմամբ:

Թերևս պահանջարկի բացակայության պատճառով է Պետական Բժշկական համալսարանի այն ժամանակվա ռեկտոր Գագիկ Ստամբոլցյանը (պաշտոնավարել է 1997-98թթ) որոշել, որ պետք է լուրծարվի հակահամաճարակաբաններ պատրաստող Սանիտարական բժշկության ֆակուլտետը:

Դրանից հետո՝ այսքան տարիներ, բուհի կադրերին այս նեղ մասնագիտացումն ապահովվում է ընդհանուր բժշկության ֆակուլտետը:

Ի դեպ, այսօր նաև ինֆեկցիոնիստի լուրջ դեֆիցիտ կա մեր երկրում․ այս պահին ԵՊԲՀ-ում պատրաստվում է ինֆեկցիոնիստ ընդամենը 13 կադր: Եվ սա այն դեպքում, երբ  բուհի դիմորդների մեջ երկու տասնամյակ է՝ հազարներով հոսք է ապահովվում հատկապես պլաստիկ վիրաբուժության, ռադիոլոգիայի և սիրտանոթային ֆակուլտետը։ Սրանք են համարվում ամենաթրենդային մասնագիտացումները՝ ողջ աշխարհում:

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ