25 03 2021

Թուրքական ապրանքների Հայաստան ներմուծման արգելքը կչեղարկվի՞

Թուրքական ապրանքների Հայաստան ներմուծման արգելքը կչեղարկվի՞

Արցախյան պատերազմում թուրքական պետության ակտիվ մասնակցության հետեւանքով Հայաստանում առաջացած դժգոհության ալիքը ստիպեց իշխանությանը գնալ թուրքական ապրանքների ներմուծման արգելքին։ Թե՛ մեր պետության անվտանգության, թե՛ անհավասար և անարդար տնտեսական մրցակության, թե՛ ազգային արժանապատվության առումով անընդունելի էր հանդուրժել տարեկան 250-350 մլն դոլարի թուրքական ներմուծումը Հայաստան։ Կառավարությունը որոշեց 2021թ․ հունվարի 1-ից արգելել թուրքական ապրանքների ներմուծումը վեց ամսվով։ Դրա համար ժամկետի սահմանումը բացատրվեց ԵԱՏՄ ընթացակարգերով։ Տարբեր պաշտոնյաներ հավաստիացրեցին, որ ամեն անգամ վերոնշյալ վեցամսյա ժամկետը լրանալուց հետո, արգելքը կերկարաձգվի։ Սակայն, օրերս պետական պաշտոնյաներից մեկի մի արտահայտություն լուրջ կասկածներ առաջացրեց այդ հարցում կառավարության մտադրությունների մասին։ Դատելով դրանից, չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կարող է չեղյալ համարել թուրքական ներմուծման արգելքը, և թշնամի երկրի ապրանքները դարձյալ կհեղեղեն հայկական շուկան։

Մասնավորապես, էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանի տրվեց հարց՝ մտադի՞ր եք երկարացնել թուրքական ապրանքների ներմուծման արգելքը Հայաստան։ Վերջինս միանշանակ պատասխան չտվեց, ինչպիսին տրվում էր պատերազմի ընթացքում և դրան հաջորդած սկզբնական շրջանում։ Փոխնախարարի տեղեկացմամբ, «այդ հարցի քննարկումները ընթացքում են, և հարցը շատ արագ կերեւա»։ Ի՞նչ քննարկումներ են դրանք և ինչո՞ւ պետք է լինեն քննարկումներ, երբ հարցն արդեն կարգավորված է, անհասկանալի մնաց։ Միանշանակ եզրակացություններ չանելով, միանգամայն հնարավոր է, որ Հայաստանի կառավարությունը չեղարկի թուրքական ապրանքների ներմուծման արգելքը։ Նիկոլ Փաշինյանն անշեղորեն կատարում է Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների բոլոր պահանջները։

Բան այն է, որ միայն Սյունիքով անցնող միջանցքը բավարար չէ Հայաստանի թուրքականացման համար։ Ադրբեջանի Թուրքիային կապող ճանապարհով բեռնափոխադրումները թուրքական պետությունների երազանքն է անշուշտ, սակայն Հայաստանում թուրքական ապրանքերի արգելքը թույլ չի տալիս, որպեսզի թուրքական բիզնեսը Հայաստանի տնտեսությունն իր ազդեցության տակ մտցնի, ինչպես դա տեղի է ունեցել հարեւան Վրաստանում և մասնավորապես՝ Աջարիայի ինքնավար հանրապետությունում։ 

Կասկած չկա, որ Թուրքիայից ուժեղ ճնշում է լինելու թուրքական ապրանքների ներմուծման արգելքը վերացնելու պահանջով։ Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի որոշումը դժվար չէ կանատեսել, թե ինչպիսին կլինի։ Մինչդեռ, Հայաստանի Հանրապետության համար թիվ 1 սպառնալքի հանդիսացող երկրի ապրանքներրի ներմուծման արգելքից բացի, հարկ է Հայաստանում թույլ չտալ թուրքական կապիտալի ներդրում որևէ ոլորտում։ Տնտեսական դիրքերի ամրապնդումը Հայաստանում Թուրքիային հնարավորություն է տալու քաղաքական ավելի ծանր պահանջնել դնել Հայաստանի առջև։ Ամեն ինչ պետք է անել թուրքական տնտեսական էքսպանսիա Հայաստանի նկատմամբ թույլ չտալու համար։  

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ