Վերջին երեք տարիներին (2018-2020 թթ․)՝ Նիկոլ Փաշինյանի ավերիչ կառավարման տարիներին Հայաստանում ժողովրդագրական աղետալի փոփոխություններին անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակմամբ։
Վերոնշյալ հրապարակման մեջ նշել էինք, որ, ըստ վիճակագրական կոմիտեի հրապարակման, անցյալ տարի, նախորդ երկու տարիների համեմատ, մահացածների թիվը Հայաստանում ավելացել է 9 հազարով։ Ընդ որում, հիվանդացության և մահացության այլ պատճառներից մահերի թիվը 3213 մարդ էր։ Այդ ցուցանիշից էլ 2291 դեպքերը ռազմական գործողությունների հետևանքով են եղել։ Այսինքն, այս իշխանությունը պաշտոնապես փաստել է միայն այդքան զոհերի թիվը անցած պատերազմում։ Սա անցած տարի։ Այժմ անդրադառանանք այս տարվա հունվարի ցուցանիշին։ Մինչ օրս զոհվածների ամբողջական թիվը կառավարությունը չի հայտնում։ Իշխանական վայելքներով ապրողները շարունակում են մանիպուլացնել հասարակությանը, տարբեր ենթադրյալ թվեր հայտնելով, որոնք ամեն հաջորդ անգամ ավելի մեծ են լինում, քան նախորդը։ Նախ՝ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող մի երիտասարդ հայտնեց, որ զոհերի թիվը չի գերազանցի 4000-ը, իսկ վերջերս էլ Ազգային Ժողովում հայտնված մի աղջիկ ասաց, որ զոհերի թիվն ավելի քիչ կլինի 5000-ից։ Այն, որ զոհերի թվերով աճպարարություն անելը ցինիզմի և սրբապղծության գագաթնակետն է, անկասկած է։ Մյուս կողմից էլ պաշտոնական վիճակագրությունը դադարել է ռազմական գործողությունների հետեւանքով զոհվածների թիվը ներկայացնել՝ տպավորություն ստեղծելով, որ վերոնշյալ 2291-ից հետո այն չի ավելացել։
Այսպես, այս տարվա հունվարին մահացածների վիճակագրության մեջ բացակայում է ռազմական գործողությունների հետևանքով մահացածների թիվը (Y36 դասակարգիչով նշվող): Ի՞նչ է դա նշանակում։ Հունվարին այլևս պատերազմական գործողություններից զոհվածներ չենք ունեցե՞լ։ Ցավոք, ծանր վիրավորվածները շարունակել են մահանալ, իսկ Արցախի տարբեր հատվածներից զոհերի աճյուններ են դեռ հայտնաբերվում։ Եթե սա հունվար ամսվա մեջ չի նշվում, ապա ո՞ր վիճակագրության մեջ է նշվում։ Եթե անցած տարվա հունվար-դեկտեմբերի մեջ, ապա պետք է փոփոխություն լինի նախորդ տարվա թվային տվյալների մեջ։ Դա տեղի չի ունեցել՝ տվյալները մնացել են անփոփոխ։ Եթե այս տարվա հունվարի մեջ, ապա, ինչպես արդեն ասեցինք, այդտեղ բացակայում են։
Ի վերջո, որքան են կազմում մեր զոհերը գոնե այս պահի դրությամբ։ Նիկոլ Փաշինյանն ու նրա ոհմակը շարունակում են թաքցնել ոչ միայն իրենց կողմից մահվան ուղարկված երիտասարդների ամբողջական թիվը, այլև այս պահի դրությամբ հայտնի դարձածը։ Մենք գործ ունենք համամարդկային ստորության դրսևորման հետ, երբ մարդկանց մահվան ես ուղարկում, ապա թաքցնում նրանց թիվը, հետո այցի գնում զոհվածների ընտանիքներին կամ կառավարական առանձնատանը հանդիպում պատերազմի մասնակիցներին։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը