05 03 2021

Այդ ի՞նչ օրենքից եք խոսում, ո՞ր «օրենքն» եք պահում

Այդ ի՞նչ օրենքից եք խոսում, ո՞ր «օրենքն» եք պահում

Վստահ եմ, որ բողոքի զանգվածային այս ցույցերին, այլ ակցիաներին մասնակցած, ներկա գտնվածներից շատերն են ուշադրություն դարձրել ՀՀ ոստիկանության համազգեստով անձանց: Նրանք՝ այդ համազգեստը կրողներն էլ, իհարկե, «դասակարգվում» են: Մի կողմից՝ կարմիր կամ մորեգույն բերետներով ոստիկանության հատուկջոկատայիններն են, որպես կանոն՝ «կերած-խմած-թափով» տեսքով, այսպես՝ խրոխտ «անագե զինվորիկների» նման: Հեռավոր կերպով նրանց փորձում են նմանվել ներքին զորքերի (սաղավարատ-վահանակիր) ծառայողները: Բայց, միայն հեռավոր կերպով, քանզի նրանց շարժը, արտաքին տեսքը, դեմքերի ու աչքերի արտահայտությունները հազար բառից ավելի պերճախոս դրսևորում են տիեզերական գերհոգնածություն, ըստ որում, ոչ միայն ֆիզիկապես, այլ, որ շատ ավելի կարևոր է՝ հոգեբանական առումով:

Այլ հարց են «սովորական ոստիկանները», որոնց շարքում կարելի է թվարկել, ասենք, «հրեշտակներին», պարեկայիններին, թաղայիններին, մի խոսքով, բոլոր նրանց, ում առօրյա-խոսակցականով շատերը անվանում են՝ «մելիցա» կամ «մլիցա»: Եթե ոստիկանության զորքերի զինծառայողները, ինչ-որ կերպ կարողանում են սաղավարտների ու պլաստիկ դիմավահանիկների ետևում թաքցնել իրենց հոգեվիճակն ու տրամադրությունը, ապա «սովորական» ոստիկանները ուղղակիորեն անկարող են դա անել. նախ սաղավարտներով չեն ժողովրդի մեջ կանգնած, երկրորդ՝ նրանք ցուցարարներին շատ մոտ են կանգնած, երբեմն նաև ուղղակիորեն հաղորդակցվում են, ասում-խոսում ու այդ զրույցներից արդեն շատ բան պարզ է դառնում:

Իսկ պարզ է դառնում այն, որ նրանց ճնշող մեծամասնությունն անասելի հոգնած, եթե չասվի՝ զզված է այս անտանելի իրավիճակից: Այդ ոստիկաններից շատերին ցուցարարներից բաժանում է միայն... համազգեստը:

Զրույցներն էլ հետաքրքիր են: Հատկապես ոստիկանական ավագ սպայակազմի (կապիտան, մայոր և փոխգնդապետ, գնդապետ) ներկայացուցիչների հետ: Նրանց տրվող հարցը չափազանց պարզ է. ինչո՞ւ եք դեռ «այդ կողմում» կանգնած, ինչո՞ւ չեք կանգնում ձեր արժանապատիվ հայրենակիցների կողքին, ինչո՞ւ եք շարունակում պահել նիկոլ փաշինի թրքահպատակ իշխանությունը, այն իշխանությունը, որ բազմաթիվ ոստիկանների ուղղակիորեն մատնեց մահվան՝ առանց անհրաժեշտ պատրաստության և ապահովման ուղարկելով ռազմաճակատ (ասվածը հաստատող ու բազմիցս շրջանառված տեսանյութերը հիմնավորում են դա):

Այդ ոստիկանների պատասխանները կարելի է ասել՝ ստանդարտ են, գրեթե «անգիր արած»: Ի՞նչ են ասում: Հիմնականում նրանք ասում են, թե իրենք ոչ մեկի կողմից չեն, իրենք պարզապես իրենց ծառայությունն են իրականացնում և պահում են ոչ թե իշխանությունը, այլ օրենքը: Կներեք, բայց այդ պատասխանը նախ՝ անկեղծ չէ, երկրորդը համոզիչ չէ, երրորդը՝ կապ չունի իրականության հետ:

Բողոքի ակցիաների անմիջական վայրերում և շրջակայքում նրանք՝ ոստիկանները հիմնականում այսպես ասած՝ «հասարակական կարգն» են ապահովում, այսինքն՝ որ հանկարծ բռնության միջադեպեր չլինեն, լինելու դեպքում արագորեն չեզոքացվեն, որ երթի ժամանակ (ենթադրենք) որոշակի կարգուկանոն ապահովվի: Ինչևէ:

Բայց դա կապ չունի «օրենքը պահելու» հետ՝ այդ արտահայտության ընդարձակ ընկալմամբ, հետևյալ տեսանկյունից:

Ո՞ր «օրենքն» են պահում ոստիկանները: Այդ ո՞ր օրենքով է սահմանված, որ պետության ղեկավարի պաշտոնն զբաղեցնողը, առանց հասարակությանը, առանց քաղաքական ուժերին, պետական իշխանության այլ մարմիններին կամ գոնե ղեկավարներին տեղյակ պահելու, առանց գոնե խորհրդակցելու, վերցնի ու թշնամուն, արտաքին ագրեսորին հանձնի Հայրենիքի մի զգալի ու գերռազմավարական արժեք ունեցող մասը: Դա օրենքո՞վ է, պարոնայք ոստիկանական մայորներ, գնդապետներ, ո՞ր օրենքով:

Այդ ո՞ր գրված թե չգրված ՕՐԵՆՔՈՎ է սահմանված, որ պետությունը կրախի մատնած, երկիրն ու ժողովրդին աղետի մեջ գցած, ծայրահեղ աստիճանի անպատասխանատու մեկը շարունակի իշխանավարել իր գաղտագողի ստորագրած կապիտուլյացիոն հայտարարությունից հետո:

Դա օրենքո՞վ է: Ա՞յդ օրենքն եք պահում: Դավաճանության ու թշնամության «օրե՞նքն» եք պահում, ոստիկանական համազգեստով հայրենակիցներ (հուսով եմ, դեռ՝ հայրենակիցներ, չնայած լուրջ կասկածներ ունեմ, որ մենք հայրենակիցներ ենք ու միևնույն ազգի ներկայացուցիչներ):

Այդ ո՞ր օրենքով եք դուք կամ ձեր ծառայակիցները հարձակվում ցուցարարների վրա՝ թիրախավորելով կոնկրետ լիդերների: Դա՞ է օրենքը:

Ու առհասարակ, պարոնայք ոստիկաններ, հատկապես՝ սպայական ուսադիրներ կրող ոստիկաններ, լավ իմացեք. պաշտպանելով նիկոլ փաշինի ու նրա «քայլոների» իշխանությունը, որը մերժվում և դավաճանական է գնահատվում բոլոր նորմալ ու իրավիճակը սթափ ընկալող հայերի ու ՀՀ քաղաքացիների կողմից, դուք ինքներդ ձեզ արդեն իսկ դնում եք օրենքից և օրենքի պաշտպանությունից դուրս: Դուք այդպիսով օրինապահից վերածվում եք օրինախախտի և կապիտուլյանտի հանցակցի:

Մտածե՛ք այդ մասին: Մտածեք նաև այն մասին, թե ի՛նչ եք պատմելու ձեր զավակներին, ձեր թոռներին, երբ վաղը, մյուս օրը նրանք ձեզ հարցնեն, թե ինչո՞վ էիք զբաղված, երբ մի խումբ լածիրակներ կործանում էին Արցախն ու Հայաստանը, երբ հայությանը մտցնում էին թուրքի լծի տակ:

Առաջնորդվեք օրենքո՛վ. Հայրենիքը օտարից ու կործանարարից ազատելու, ազատագրելու օրենքո՛վ, ինչի համար էլ երդում եք կերել, ինչի համար համբուրել եք հազարավոր մեր լուսավոր եղբայրների արյամբ ներծծված Եռագույնը: Հավատարիմ եղեք օրենքին՝ ազգի արյան կանչի օրենքին, ազգի հավատի ու ժառանգության հանդեպ հավատարմությա՛ն օրենքին, ազգային ու անհատական արժանապատվությա՛ն օրենքին:

Արմեն Հակոբյան  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ