04 03 2021

Փետրվարին գնաճի տեմպը բարձրացել է՝ գերազանցելով ԿԲ սահմանած վերին շեմը

Փետրվարին գնաճի տեմպը բարձրացել է՝ գերազանցելով ԿԲ սահմանած վերին շեմը

Հայաստանում գները շարունակում են բարձրանալ վերջին տարիների համեմատ աննախադեպ տեմպերով։ Այս տարվա փետրվարին գնաճը նախորդ տարվա փետրվարի համեմատ կազմել է 5,3 տոկոս։ Հիշեցնենք, որ Կենտրոնական բանկը որպես գնաճի նպատակային միջակայքի վերին շեմ սահմանել է 4 տոկոսը։ Արդեն նախորդ ամսին այդ շեմը գերազանցվել էր, կազմելով 4,5 տոկոս։ Ինչպես տեսնում ենք, թանկացումների շքերթը ոչ  միայն  շարունակվում է, այլև ավելի բարձր տեմպ ընդունում։ Ընդ որում, ավելի բարձր գնաճ է արձանագրվում մարդկանց համար առավել կենսական սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների դեպքում՝ 7,8 տոկոս, ոգելիչ խմիչքների և ծխախոտի դեպքում՝ 8,7 տոկոս։ Մինչ այս ապրանքախմբերից առանձին ապրանքների կտրուկ թանկացման տվյալները ներկայացնելը, անդրադառնանք ոչ պարենային ապրանքների գնաճին։

Ոչ պարենային ապրանքները նույնպես զգալի թանկացել են՝ 6,7 տոկոս։ Բարձր է նաև այս ապրանքախմբի ամենակենսական ապրանքների՝ հագուստի և կոշիկի գնաճը՝ 5,2 տոկոս։ Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկա և բնակարանների խնամքի ամենօրյա գործունեության ապրանքների գնաճը կազմել է 6,9 տոկոս։ Մատուցված ծառայությունների ոլորտում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ արձանագրվել է սակագների ավելի ցածր՝ 1,6 տոկոս հավելաճ։ Այստեղ ամենամեծ աճը գրանցվել է տրանսպորտի ոլորտում՝ 7,2 տոկոս։ Դա ամենայն հավանակնությամբ միջքաղաքային տրանսպորտի գների արտացոլումն է։ Սակայն, կարծե թե տրանսպորտի սակագների նման թանկացումը բողոքի լուրջ ալիք չի առաջացրել։ Մի ժամանակ տրանսպորտի սակագնի 50 դրամով թանկացումը շահարկողներն էլ արդեն հասել են իրենց նպատակին՝ դարձել են իշխանություն և նրանց այլևս ձեռնտու չի այս մասին խոսել։ 

Վերադառնանք սննդամթերքի առանձին տեսակների գներին։ Բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 13,1 տոկոս գնաճ, մրգի ապրանքախմբում՝ 8,3 տոկոս։ Յուղերի և ճարպերի ապրանքախմբում արձանագրվել է 19,7 տոկոս գնաճ, ընդ որում՝ արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը կազմել է 50,4 տոկոս։  Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում գրանցվել է 9 տոկոս գնաճ։ Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 13,1 տոկոս գնաճ, ընդ որում՝ ձվի գինը 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ աճել է 52,5 տոկոսով։ Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 40,6 տոկոս գնաճ։ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի սիրված թեման շաքարավազի գինն էր, որի 5 դրամ թանկացման համար աղմուկ աղաղակ էր բարձրացնում, բայց հիմա քար լռություն է պահպանում։ Հիմա նրա հարաբերությունները շաքարավազի մոնոպոլիստ «ատելի» օլիգարխի հետ արտասովոր ջերմ են։

Կենտրոնական բանկը գնաճը զսպելու համար իջեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Սակայն ակնհայտ է, որ այդ գործիքը նախ՝ միանգամից չի ազդում գնաճի վրա, երկրորդ՝ ցածր արդյունավետություն ունի։ Փոխարենը՝ դրանով վատթարացնում է տնտեսության ֆինանսավորման պայմանները, երբ առանց այդ էլ անցած տարին փակեցինք 7,6 տնտեսական անկմամբ։

Արտասովոր է, որ այս պայմաններում Նիկոլ Փաշինյանին հաջողվում է իրեն գովերգող ինչ որ զանգված հավաքել։ Թերևս այդ զանգվածի մեջ մտնողները արժանի են նման կացությանը, բայց դա չի նշանակում, որ պետք է թույլ տալ որպեսզի այս իշխանությունը վերջնականապես փլուզի մեր տնտեսությունն ու երկիրը։

Արա Մարտիրոսյան   

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ