06 02 2021

Պտղունց մը խելք, որ դրանց վերին վերջույթում չկա...

Պտղունց մը խելք, որ դրանց վերին վերջույթում չկա...

«Դրանց» ասելով, բնականաբար, նկատի ունեմ սրանց՝ կապիտուլյանտ-հողատուների այդ հավաքույթը, որ ինքզինքն իշխանություն է համարում տակավին:

Սրանք, ասում են, մշակել, իսկ ըստ որոշ աղբյուրների՝ նաև արդեն ընդունել են ինչ-որ օրինագիծ, որով պատժամիջոցներ են նախատեսում լրատվամիջոցներում «անանուն աղբյուրների» վրա հղումով հրապարակումների համար: Եվ չնայած այդ հորինագիծն ուղղակիորեն առնչվում է նվաստիս մասնագիտական գործունեությանը, այն չեմ կարդացել, ավելին՝ չեմ էլ պատրաստվում դրան ծանոթանալ:

Զուգահեռաբար, հատկապես սոցցանցերում չի դադարում բզզոցն առ այն, որ սրանք մտածում են նաև տուգանք սահմանել Նիկոլ Փաշինյանի հասցեին ինչ-ինչ հրապարակային արված արտահայտությունների համար: Մի բան, որ սրանց բնույթն ու գործելակերպը նկատի ունենալով, միանգամայն հավանական է: Ավելին, նման հեռանկարը բավականին դիպուկ զուգահեռների առիթ է տալիս:

Բայց նախ այն մասին, թե «անանուն աղբյուրների» վերաբերյալ «քայլոների» հորինած օրինագծին ինչու չեմ ծանոթացել և ինչու չեմ պատրաստվում դա անել:

Շատ պարզ պատճառով. Նիկոլ Փաշինյանի գլխավորած խմբավորումը, նոյեմբերի 10-ի գիշերվանից ես չեմ համարում ՀՀ իշխանություն: Տրամաբանորեն, եթե նրանց չեմ համարում ու ճանաչում որպես Հայաստանի իշխանություն, ինձ համար բացարձակապես միևնույն է, թե կապիտուլյանտների ինչ-որ խմբավորում ինչ «օրենքներ» է մոգոնում՝ խոսքի ազատությունը ճնշելու, մամուլի ազատությունը բռնաբարելու նպատակով: Ու ընդհանրապես, թե՛ մասնագիտական, թե՛ անհատական տեսանկյունից խորապես վիրավորական է, որ զազրախոս իմաստակների ինչ-որ խառնակույտ իրեն իրավունք է վերապահում տխմար կանոններ հորինել ու դրանք պարտադրել հասարակությանը: Մի խոսքով, իմ մարդկային ու մասնագիտական արժանապատվությունից ցածր է՝ ծանոթանալ դրանց հորինած հերթական ֆիլիստերական սահմանափակումներին:

Առհասարակ, բնութագրական է, որ Նիկոլ Փաշինյանը ու նրա «քայլոների» որոշակի ներկայացուցիչներ զազրախոսության միջոցով, ժուռնալիստիկան ապականելով, լրագրային ասպարեզից են ներխուժել քաղաքական արենա, ըստ որում՝ դառնալով իշխանություն, բայց ազատ խոսքի, քաղաքացիական ազատությունների, մամուլի ազատության դեմ ուղղված իրենց քայլերով ձգտում են գերազանցել բոլորին: Սկզբունքորեն, Հայաստանում բռնապետական, ոստիկանական «իշխանություն» է: Դա է այդ մանրախնդիրների էությունը:

Եթե զուտ մասնագիտական տեսանկյունից դիտարկենք, ապա տեղեկատվության աղբյուրը իրական լրագրողի համար գերկարևոր է: Եվ, եթե աղբյուրը չի կամենում նշվել, ապա դա իր իրավունքն է, իսկ իրական լրագրողի անքննարկելի պարտքն է՝ չհայտնել, չբացահայտել իր տեղեկատվության աղբյուրը: Նախ՝ դա աղբյուրի անվտանգության հարցն է, երկրորդ՝ դա մասնագիտական բարեխղճության ու պատվի հարց է:

Հատկանշական է այն, որ լրագրությամբ զբաղվելու ընթացքում «անանուն աղբյուրները» չարաշահած, հաճախ պարզապես մտացածին, հորինված «տեղեկությունները», ուղղակի ստերը «իրենց աղբյուրների» վրա հղումով սաղացրած փաշինյանական լրագրաիշխանավորները թուր ու թվանքով ելել են «անանուն աղբյուրների» դեմ: Մեկը, որ «օդից կախված լուրերով» հանրության զահլան էր տանում, հիմա որոշել է ձեռքը նման արգելքների պղպջակներին նետել: Չգիտեմ, բայց եթե պտղունց մը խելք ունենային իրենց վերին վերջույթում, ապա հազիվ թե իման հիմար ու անիմաստ քայլերի դիմեին:

Ինչ վերաբերում է այս կամ այն արտահայտությունն արգելելուն կամ դրանց գործածման համար հետապնդելու մտադրությանը, որ ըստ սոցցանցային բազմազան գրառումների, ունի Նիկոլ Փաշինյանը, ապա առաջին զուգահեռը, որ ծագեց սուլթան Համիդն էր: Ավելի ստույգ՝ սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը: Այո, եղեռնագործ Աբդուլ Համիդը: Սրա օրոք, բացի արյունահեղություններից ու կոտորածներից, կամ՝ ի լրումն դրանց, արգելված էին, օրինակ, «ազատություն», «հեղափոխություն», «Հայաստան» բառերը: Բայց դա ամբողջը չէ: Այս հակահայի օրոք արգելված էր նաև «մեծ քիթ» բառակապակցությունը, քանզի մեծ քիթ ուներ: Դա էլ ամենը չէ: Արգելված էր նաև ջրի քիմիական բանաձևի գործածումը՝ H2O...

Արգելված էր, քանզի կարող էր վերծանվել որպես՝ Համիդ երկրորդը զրո է:

Ինչ վերաբերում է ժամանակակից «0»-ին՝ Նիկոլ Փաշինյանի տեսքով և նրա «0,000»-ներին, ապա շատ կլիներ դրանց արյունարբու Աբդուլ Համիդի հետ համեմատելը: Հակահայ գործունեության մասշտաբներն են տարբեր, չնայած բնույթը նույնն է՝ եղեռնագործական:

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ