18 12 2021

Բանակցություններում ես ինձ գժի տեղ չեմ դրել, ինչպես գավառամտությամբ հպարտանում էր կապիտուլյանտը․ Սարգսյան



Դուք գիտեք, որ մեր իշխանության տարիներին ես մշտապես կասկածամտությամբ եմ վերաբերվել ՀՀԿ անդամակցության աճող թվերին, համարել եմ, որ այն չի համընկնում նվիրյալ հանրապետականների թվի հետ: Ինչպես հետխորհրդային բազմաթիվ երկրներում, մեզ մոտ նույնպես, ավաղ, չհաջողվեց խուսափել բյուրոկրատացումից, կուսակցության ուռճացումից, պատեհապաշտներից: Վերջիններս, որոնց ես «տարանցիկ ուղևորներ» կբնորոշեմ, չդիմացան փորձություններին, նրանց թվաց, թե Հանրապետականի նավը վերջնականապես խորտակվում է, թե «թագավորը մահացել է», և պահն է «կեցցե՛» գոռալ նոր «թագավորին»: Գիտեք, մի հետաքրքիր օրինաչափություն կար այս ամենում՝ ում պատճառով Հանրապետականին ամենաշատն էին քննադատում, այդ նույն մարդիկ առաջիններից լքեցին մեզ և հարմար տեղավորվեցին նոր տաքուկ տեղերում: 

Եղել են նաև հազարավոր շարքային քաղաքացիներ, որոնց մեր որոշ նախկին   գործընկերներ պարզապես զանգվածաբար ցուցակագրում էին որպես ՀՀԿ անդամներ՝ թվերով ինձ տպավորելու համար: Կուսակցությունը ուներ ինքնամաքրման խնդիր՝ թե՛ թվաքանակի, թե՛ կառուցվածքի առումով: Տեղյակ եք, որ ամիսներ առաջ մենք նախաձեռնեցինք կուսակցության անդամների վերահաշվառման, ինչպես նաև կուսակցական ստորաբաժանումների և ենթակառուցվածքի արդիականացման գործընթաց: Մեր գործունեության մեջ այժմ, առավել քան երբևէ,  շեշտադրվել են գաղափարական ամուր հենքն ու ժառանգականությունը: Եվ ես ավելի քան համոզված եմ, որ մեր դավանած ազգային պահպանողականությունն է այն անհրաժեշտ հենքը, որի վրա հնարավոր է վերակառուցել Հայաստանը և պահել Արցախը:

Հանրապետականը եղել և մնում է մեր երկրի` միջազգային ամենալայն կապերն ունեցող քաղաքական ուժը և կապերի այդ լայն շրջանակը ծառայեցրել և շարունակելու է ծառայեցնել մեր պետության ու ժողովրդի ազգային շահերի սպասարկմանը: Անգամ իշխանություն չունենալու պարագայում մենք ավելին ենք արել արտերկրում մեր դիրքերի պաշտպանության համար, քան ուսապարկերի ողջ պահեստը իր պահեստապետով հանդերձ:

Կուսակցական հետագա գործունեության համար ես առաջնահերթ եմ դիտարկում հետևյալ ուղղությունները, որոնց մասին բարձրաձայնել եմ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպած մեր վերջին հավաքի ընթացքում: 

Հակիրճ թվարկեմ՝

1) կուսակցության կենտրոնական մարմնի արհեստավարժության զարգացում և ամրապնդում,

2) տարածքային կազմակերպությունների օպտիմալացում և արդյունավետության մեծացում,

3) անդամների թվի և ակտիվության փոխկապակցվածության ապահովում,

4) կուսակցության արտաքին գործունեության արդյունավետության մեծացում,

5) կուսակցության արժեքային ուղղվածության և պրակտիկ գործունեության ներդաշնակեցում,

6) ներկուսակցական ժողովրդավարության պահպանում և ամրապնդում: 

Մեզ համար գերակա են մնալու երիտասարդների, ուսանողների և կանանց ներուժի բացահայտման ու ներգրավման աշխատանքները, հանրության լայն շերտերին հուզող խնդիրների լուծումների որոնումները, ժողովրդի հետ անկեղծ ու բաց ամենօրյա շփումները:

Այսօր մեր կուսակցության առաջնահերթ նպատակն իշխանություն ունենալը չէ: Մենք, ինչպես այլ դասական կուսակցություններ, նորից կձգտենք դառնալ իշխանություն` մեր ծրագրերը, մարդկանց տված խոստումները կյանքի կոչելու համար, երբ այլ առողջ քաղաքական ուժերի հետ միասին հեռացնենք կապիտուլյանտին և հնարավորություն տանք Հայաստանին՝ ծնկած վիճակից ոտքի կանգնելու, մեջքը շտկելու, հզորանալու և  կրկին թիկունք ու ապավեն դառնալու Արցախին:

Ես սա ասում եմ, որպեսզի պատեհապաշտ ժուլիկները կրկին չփորձեն խցկվել մեր շարքերը և որպեսզի հստակ հասկանան՝ Հանրապետական կարող են դառնալ միայն նրանք, ովքեր պետությունը վեր են դասում իշխանությունից, իսկ արժանապատվությունը՝ սեփական պաշտոնամոլությունից:

Հանրապետականը այսօր իշխանություն չի ուզում, այլ՝ Հայաստանի ինքնիշխանություն:

Հավանաբար նկատել եք, որ Հանրապետականը վերջին շրջանում ակտիվ դերակատարություն է տվել հատկապես երիտասարդ կուսակցականներին: Ինչպես տեսնում եք, նրանցից երկուսը ինձ հետ միասին  մեր համագումարի վարողներն են, տասնյակ ակտիվ, նվիրյալ երիտասարդներ այստեղ դահլիճում են, հազարավորները՝ այս դահլիճից դուրս:

Չնայած Հայաստանի հանրապետական կուսակցությունը Հայաստանում գրանցված առաջին հասարակական-քաղաքական կազմակերպությունն է, այն իր կազմով երիտասարդ կուսակցություն է։ 2018 թվականից հետո մեր կուսակցության անդամության դիմում լրացրածների 50 տոկոսից ավելին երիտասարդ տղաներ ու աղջիկներ են։ Հզոր ու զարգացած Հայաստանում ապրելու երազանքի իրականացումը նրանք կապում են Հանրապետականի հետ և պատրաստ են իրենց եռանդն ու ավյունը ծառայեցնել այդ նպատակին։ Մենք իրավունք չունենք նրանց հիասթափեցնելու։ Կարող ենք  վստահաբար ասել, որ մենք` Հանրապետականը, «երիտասարդացող» կուսակցությունների շարքում է։

Եթե հիշում եք, մեր երիտասարդները անցյալ տարվա նոյեմբերի 10-ից հետո ծավալվող իրադարձությունների կիզակետում էին։

Սիրելի՛ երիտասարդ կուսակից ընկերներ, ես ձեզ խոստանում եմ, որ ցրտաշունչ ձմռանը վրանում անցկացրած ոչ մի գիշեր, հողատու իշխանությունների կողմից բռնաճնշումների ենթարկված ձեր խաղաղ անհնազանդության ոչ մի ակցիա զուր չի անցել։ Մեր ծանր, բայց պատվաբեր պայքարի առաջնագծում լինելու համար ոչ միայն ես եմ շնորհակալ, այլև տարիներ անց մեր երկրի նորագույն պատմության էջերը կարդացող գալիք սերունդները ձեզ շնորհակալ կլինեն։

Մեր կուսակցության հիմնադիր հայրերը՝ Աշոտ Նավասարդյանը, Անդրանիկ Մարգարյանը և կուսակցական մի շարք ընկերներ իրենց երիտասարդ տարիների զգալի հատվածը նվիրել են ազգային ազատագրական պայքարին և պետականաշինության գործին։ Հանրապետական լինելը ծանր պատասխանատվություն է, որը ենթադրում է անձնազոհություն և աշխատասիրություն։ Դուք պարզապես պարտավոր եք անձնական օրինակով դառնալ ազգային պահպանողական արժեքների տարածողը ձեր շրջապատում։ Պահպանողականությունը հնի պաշտամունք չէ, պահպանողականությունը հետադիմություն չէ, ինչպես շարունակաբար քարոզչական հնարքներով փորձում են համոզել ձեզ՝ նպատակ ունենալով մեր ժողովրդին կտրել սեփական արմատներից: Ու նաև  հիշեք՝ այն կուսակցությունը, որի շարքերում մեծ թիվ են կազմում նվիրված ու աշխատասեր երիտասարդները, դատապարտված է հաջողության։

Երիտասարդության նկատմամբ մեր կուսակցության վերաբերմունքը արտացոլված է նաև առաջարկվող կանոնադրական փոփոխություններով, որը հույս ունեմ` կարժանանա ձեր հավանությանը: Մենք առաջարկում ենք ստեղծել կուսակցական նոր մարմին՝ ուսանողական կազմակերպություն։ Իմ գործընկերները կանոնադրական փոփոխությունները ներկայացնելիս այս հարցին ևս կանդրադառնան: Ես միայն կընդգծեմ, որ ուսանողությունը միշտ եղել է քաղաքական գործընթացների շարժիչ ուժը, և վստահ եմ, որ այդ կառույցն իր շուրջը կհամախմբի ազգային-պահպանողական արժեքներ դավանող մեծ թվով նվիրյալ ուսանողների։

Նախորդ երկու համագումարների ժամանակ իմ և մեր մյուս գործընկերների ելույթներում կարևորել էինք մեր կուսակցության քաղաքական դպրոցի ստեղծումն ու զարգացումը։ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցն այսօր արդեն ունի     700-ից ավելի ունկնդիր և շրջանավարտ (այս պահին՝ 100 ունկնդիր և 600-ից ավելի շրջանավարտ)։

Այս տարիներին մենք լուրջ ուշադրություն ենք դարձրել ոչ միայն մեր կուսակցության շարքերում, այլև հանրապետությունում քաղաքականապես գրագետ, բանիմաց և մրցունակ կադրերի պատրաստման, որակավորման շարունակական բարձրացման հարցերին: «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցը դրան մեծապես նպաստել է` դառնալով որակյալ ոչ ֆորմալ կրթության կայացած և ճանաչված հաստատություն։ Մեր դպրոցի շրջանավարտները, որ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ են, նաև անկուսակցականներ, ակտիվ դերակատարություն ունեն երկրի հասարակական-քաղաքական կյանքում՝ պետական ծառայողներ, ԱԺ պատգամավորներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և այլն։

Մենք շարունակելու ենք զարգացնել քաղաքական դպրոցը, որի աշխատանքը պետք է արտացոլվի հասարակության մեջ: Մենք հավատում ենք, որ Հանրապետականի հետագա հաջողությունների գրավականը պահանջկոտ և քաղաքականապես կրթված ընտրողն է։

Ինչպես գիտեք, ես բանախոսությամբ եմ հանդես եկել դպրոցի բոլոր հոսքերում։ Պետք է հերթական անգամ փաստեմ, որ մենք ունենք հոյակապ երիտասարդներ։

Հարգելի՛ գործընկերներ,

Ելույթիս այս հատվածում ուզում եմ անդրադառնալ Արցախյան երրորդ պատերազմին, դրա հանգամանքներին և հետևանքներին:

2020 թվականի սեպտեմբերին մեր ժողովուրդն առերեսվեց մի աղետի, որ սանձազերծել էր Ադրբեջանը՝ թիկունքում ունենալով Թուրքիայի լիակատար աջակցությունը:

Մեկ տարի առաջ մեր գլխավերևում անօդաչու սարքեր էին պտտվում՝ ոչ թե հարսանիք կամ փառատոն նկարահանելու, այլ մարդկային կյանքեր խլելու համար: Մեր երեխաներն ու թոռները մտածում էին ոչ թե բուհ ընդունվելու կամ սիրահարվելու, այլ նաև արգելված զինատեսակների կիրառմամբ այդ մսաղացում ողջ մնալու և Հայրենիքը պաշտպանելու մասին:

Ինչո՞ւ եղավ այս պատերազմը, և ինչպիսի՞ բանակցային ժառանգություն էինք թողել մենք այս  անհայրենիք ապիկարներին:

Կրկնում եմ այն, ինչ բազմիցս հայտարարել եմ. ես մշտապես կողմնակից եմ եղել փոխզիջումային տարբերակի հիման վրա Արցախյան խնդրի խաղաղ կարգավորմանը՝ մեզ և միջազգային հանրության համար ընկալելի կարմիր գծերի շրջանակներում: Այդ կարմիր գիծը, որ գծվել է հայ ժողովրդի արյամբ և արժանապատվությամբ` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է: Ես տասը տարի անընդմեջ բանակցել եմ մի գերագույն սկզբունքի հիման վրա, այն է` ոչ թե ի՞նչ ենք մենք տալու, այլ ի՞նչ ենք ստանալու: Բանակցային բոլոր փաստաթղթերում մենք հետևողականորեն զարգացրել ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը վերաբերող մեխանիզմների, գործընթացների և միջազգային երաշխիքների կենսական մանրամասները: Ես թողել եմ այնպիսի փաթեթ, որտեղ հայ ժողովրդի կենսական շահերը պաշտպանված էին, որտեղ Արցախի հայկական մնալը երաշխավորված էր, այն ընդունելի էր միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համար: Դիվանագիտական ճակատում մեր լեզուն երկար էր, իսկ մեր դիրքերն ամուր էին ոչ միայն բանակցային հմտությունների, Արցախի խնդիրը խորությամբ պատկերացնելու, աշխարհի հզորների հետ ճիշտ աշխատանքի, այլև մեր փառապանծ բանակի շնորհիվ, որը հաղթանակ էր կերտել Արցախյան առաջին պատերազմում, որը տապալել էր Ադրբեջանի հեռահար ծրագրերը Ապրիլյան պատերազմում և որը շարունակական արդիականացմամբ, սեփական սխալներն ուղղելու ու բարձր հայրենասիրական ոգու շնորհիվ  պատրաստ էր ստիպել թշնամուն` մի լավ ծեծ կերած վերադառնալ բանակցային սեղանի շուրջ:

Բանակցություններում ես ինձ գժի տեղ չեմ դրել, ինչպես անխոհեմաբար իր ներքին հանդիպումների ժամանակ սեփական գավառամտությամբ հպարտանում էր կապիտուլյանտը, այլ գործընկերների հետ բանակցել եմ ազնվորեն ու արժանապատվորեն: Հայաստանը այդ տարիներին տարածաշրջանային գործոն էր, միջազգային գործընթացների լիիրավ մասնակից, ինքնիշխան պետություն, որի մեջքը պինդ էր, նպատակները` արդար, բանակը` հզոր: Իսկ գավառամիտ մի  աճպարարի թվացել էր, թե հայ ժողովրդին մոլորեցնելուց հետո ինքը նույն կերպ կկարողանա վարվել նաև աշխարհի հետ: Սեփական կետից սկսողը, «ինչ ուզում եմ, այն էլ բանակցում եմ» ցինիկ հայտարարություն անողը, իր երկրի թշնամուց բանակցությունների մասին տեղեկացողը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առջև անհասկանալի պայման դնողը և որպես հետևանք՝ դաշնակիցների ու գործընկերների աջակցությունը կորցնողը, բանակցությունները տանելով փակուղի, քանդելով տարիների ընթացքում քրտնաջան աշխատանքով ստեղծված դիվանագիտական խրամատները, արյունալի պատերազմով աղետ բերեց մեր ժողովրդի գլխին: Այս ամենն այնքան տեսանելի է, այնքան ապացուցելի և այնքան ակնհայտ, որ կարող եմ ուղիղ պատասխանել մեր

ժողովրդին հուզող ևս երեք հարցերի.

- Հնարավո՞ր էր կանխել այս պատերազմը:

- Այո, այս պատերազմը հնարավոր էր կանխել:

-Եթե, այնուամենայնիվ, ռազմական գործողություններ սկսվեին, հնարավո՞ր էր պատերազմում խուսափել այսքան կորուստներից:

- Այո, այսպիսի ծանր կորուստներից  հնարավոր էր խուսափել:

-Հնարավո՞ր էր նոյեմբերի 9-ից հետո չեզոքացնել նոր սպառնալիքները:

-Այո, հնարավոր էր:

 Օրինակ, բանավոր պայմանավորվածություններով տարածքային զիջումները թուլամորթություն էին, նոյեմբերի 9-ի հայտարարության՝ գերիների հետ կապված 8-րդ կետի կատարմանը չհասնելը և պատասխանատվությունից խուսափելու նպատակով նրանց բոլորին դասալիք անվանելը՝ տմարդություն, իսկ զինադադարի պայմաններում ութսունից ավելի նոր գերիների դեպքերը՝ անճարակության արդյունք:

Պատերազմից անմիջապես հետո կապիտուլյանտ իշխանությունները հերոսացնում էին թշնամու կողմից գերեվարված մեր զավակներին, ընտրությունների նախաշեմին նրանց հարազատներին ու մեր հանրությանը սուտ խոստումներ տալիս, թե՝ մի քանի ամիս էլ համբերեք, կվերադարձնենք մեր հերոս տղաներին: Ամիսներ էլ անցան, տարի էլ, և մատը մատին չտալուց հետո, հիմա էլ ստորաբար հայտարարում են, թե՝ դեռ պետք է պարզենք այդ ի՞նչ հանգամանքներում են գերի ընկել, հնարավոր է՝ նրանք դասալիք են: Իսկ ինչո՞ւ սա չէին ասում մեկ տարի առաջ, ինչո՞ւ են իրենց անճարակությունը բարդում մեր զինվորների վրա: Բանակը քայքայելու, մինչև վերջ վարկաբեկելու սցենարի հերթական արա՞րն է:

Մեկ այլ կարևոր հարց, որ հուզում է հայ հասարակությանը, հետևյալն է` կա՞ր արդյոք դավաճանություն:

Այո, կար, քանզի դավաճանական աստիճանի տգետ էին, դավաճանական աստիճանի թեթևսոլիկ, դավաճանական աստիճանի կույր և խուլ, դավաճանական աստիճանի անհայրենիք ու ապազգային և միաժամանակ դավաճանական աստիճանի մեծամիտ ու հպարտ: Ես վստահ եմ, որ Արցախյան երրորդ պատերազմի մասին ողջ ճշմարտությունը դեռ դուրս է գալու ջրի երես, և պետական հանցագործները կրելու են իրենց հասանելի ամենաարժանի պատիժը: Միայն այդ դեպքում Եռաբլուրում, Հայաստանի և Արցախի բազմաթիվ բնակավայրերի մյուս գերեզմանատներում ննջող մեր զավակների, եղբայրների ու հայրերի վրեժը մասամբ հատուցված կլինի: Հայրենի հողում նրանց հավերժացնող շիրմաքարերի ծանրությունը մի փոքր կթեթևանա, իսկ նրանց կորուստը սգացողների արցունքներն այսքան դառնահամ չեն լինի:

Հավերժ փա՛ռք մեր զոհված բոլոր նահատակներին, փա՛ռք նրանց սխրանքներին, խոնարհո՛ւմ նրանց վառ հիշատակին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ