Այսպիսով, Հայաստանում տնտեսական անկումը 2020 թ․-ին կազմել է 7,5 տոկոս։ Այն դեպքում, երբ կառավարությունը կանխատեսում էր 2 տոկոս տնտեսական անկում։ Սակայն դեռևս տարվա կեսերից ակնհայտ էր, որ տնտեսական անկումը անհամեմատ ավելի մեծ է լինելու։ Ընդ որում, իրական անկումը հաստատապես ավելի մեծ է, քան 7,5 տոկոսը։ Վիճակագրական կոմիտեն այս իշխանության կեղծիքները դակող հիմնական կառույցներից է, և ամբողջ ջանքերը ներդնում է տնտեսական խայտառակ վիճակը մեղմացնող պատկեր ցույց տալու համար։ Թերևս այդ պատճառով է, որ այս կառույցի ղեկավարը չարժանացավ Նիկոլ Փաշինյանի հորինած «նախկիններ» անվանմամբ քարոզչական ահաբեկչությանը։ Այժմ տնտեսական վիճակի պաշտոնական ցուցանիշների մասին մանրամասն։
Նախ՝ փաստենք, որ տնտեսության առանց բացառության բոլոր ճյուղերը 2020 թ․-ի դեկտեմբեր ամսին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ անկում են ունեցել, իսկ ընդհանուր տնտեսական անկումը տարվա վերջին ամսին նախորդող տարվա վերջին ամսվա համեմատ կազմել է 8,8 տոկոս։ Սա փաստում է տնտեսական անկման տեմպի ավելացման մասին։
Ինչ մնում է տարեկան ցուցանիշներին, ապա արդյունաբերությունում 2020 թ․-ին 2019 թ․-ի համեմատ անկումը կազմել է 0,9 տոկոս, շինարարությունում՝ 9,5 տոկոս, առևտրում՝ 14 տոկոս, ծառայություններում՝ 14,7 տոկոս և միայն գյուղատնտեսությունում արձանագրվել է 1,4 տոկոս աճ։ Գյուղատնտեսությունում այս փոքրիկ աճը վիճկոմը «կյանքի գնով» պահում էր ամբողջ տարվա ընթացքում, սակայն բոլորին է հայտնի, որ վիճակագրական ցուցանիշների ամենավիճելին լինում են հենց գյուղատնտեսության մեջ և հենց այս ճյուղն է իշխանության դեմքը «փրկում»։
Արտաքին առևտրում պատկերը հետևյալն է՝ արտահանումը նվազել է 4,9 տոկոսով, ներմուծումը՝ 17,7 տոկոսով։ Եվ միակը ոլորտը, որտեղ աճ է արձանագրվում անփոփոխ է՝ պետական համակարգի աշխատավարձերը։ Այստեղ արձանագրված 5,3 տոկոս աճը հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաների, այիսնքն իշխանական կուկացության անդամների աշխատավարձեր գումարած պարգևավճարներն են։ Ոչ կորոնավիրուսը, ոչ պատերազմը այս հարցում ազդեցություն չեն ունենում։ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է, որ ինքն է պարգևավճարների բարձրացման հեղինակը, իսկ այս տարի պետական բյուջեով նախատեսվում է մոտ 18 մլրդ դրամով ավելացնել պարգևավճարների համար հատկացված գումարի չափը։
Ամփոփելով, փաստենք, որ անցած տարին մեր երկրի համար վատթարագույնն էր ոչ միայն մեզ բաժին հասած դաժան փորձությունների, այլև տնտեսական անկման առումով։ Բացառությամբ 2009 թ․-ին՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի տարվա, վերջին 25 տարիներին, իսկ 2009թ․-ից հետո՝ վերջին 10 տարում նման կտրուկ տնտեսական անկում Հայաստանում չէր արձանագրվել։ Եվ դրա հիմնական պատճառը իշխանության ղեկին պետական կառավարման հետ կապ չունեցող և շոուներով երկրի տնտեսությունը փլուզող «հպարտների» վարչապետն է և նրա շուրջ գտնվողները։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը