15 01 2021

Ինչպե՞ս պետք է դիմագրավենք թուրք-ադրբեջանական «ապաշրջափակմանը»

Ինչպե՞ս պետք է դիմագրավենք թուրք-ադրբեջանական «ապաշրջափակմանը»

11-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված այսպես կոչված «կոմունիկացիաների ապաշրջափակման» վտանգներին անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակմամբ և խոստացել ներկայացնել այն քայլերը, որոնք պետք է արվեն այդ վտանգներին դիմագրավելու համար։ Նշել էինք, որ ադրբեջանաթուրքական տրանսպորտային միասնական միջանցքի գլխավոր վտանգը կախված է Սյունիքի վրա և առաջացնելու է լուրջ խոչընդոտներ հայ-իրանական հարաբերությունների համար։ Ի՞նչ պետք է անել։

1․ Գորիս-Կապան ճանապարհի չորս հատվածներ անցնում են GPS-ով Ադրբեջանին անցած տարածքներով։ Նվազագույնը, որ կարող են անել մեր թշնամիները, խանգարել բեռների տեղափոխմանը այդ հատվածներում, չխոսելով արդեն մարդականց առևանգումների և սպանելու վտանգների մասին։ Ուստի անհրաժեշտ է ամենակարճ ժամկետներում կառուցել այդ ճանապարհահատվածներին փոխարինող նոր ճանապարհներ, որոնք հեռու կլինե հայ-ադրբեջանական սահմանից։  Գաղտնիք չէ, որ տեղանքը լեռային է և շատ բարդություններ կան, բայց ամեն գնով դա պետք է անել։ Սա որպես հրատապ և կարաժամկետ լուծում։

2․ Ի վերջո, կյանքի կոչել հայ-իրանական ազատ տնտեսական գոտին Մեղրիում։ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո այս ծրագիը փաստացի սառեցված է։ Նրա մոտեցումը այս ազատ տնտեսական գոտու նկատմամբ սահմանափակվել է այդ տարածքում թափած աղբի վերաբերյալ ինքնագովազդային զայրույթ արտահայտելով։ Մի խոսքով, Մեղրու ազատ տնտեսական գոտու կառուցումը հույժ անհրաժեշտ է թե՛ մեզ համար, թե՛ Իրանի։  Այդպիսով, մենք ուղղակի հարաբերություններ ենք պահպանում և զարգացնում՝ առանց թուրք-ադրբեջանական տրանսպորտային և այլ կախվածության։ Միաժամանակ, խթանվում է հայ-իրանական առևտրատնտեսական կապերի ամբողջ շղթան և տնտեսական աշխուժություն ստեղծում անմիջապես Սյունիքում։

3․ Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարությունը պետք է անհապաղ վերսկսել։ Նիկոլ Փաշինյանի կողմից այն կասեցվել է կոռուպցիոն սխեմաների փնտրտուքների պատրվակով։ Եթե այդ ճանապարհի շինարարության մեջ արձանագրվել են կոռուպցիոն ռիսկեր, ապա դրանք պետք էր հետաքննել առանց շինարարությունը դադարեցնելու։ Շինարարության դադարեցումը ևս մեկ վկայություն է այն բանի, որ իշխանության գտնվող ուժը գործում է սեփական երկրի ազգային-պետական շահերի դեմ։ Հյուսիս-հարավ ճանապարհի ռազմավարական նշանակության մասին մեկ անգամ չէ որ ասվել է՝  էապես կրճատելու է Իրանից մինչև Սև ծով բեռնափոխադրումների ժամանակը, էժանացնելու է փոխադրման արժեքը, Հայաստանի դարձնելու տարանցիկ երկիր, աշխուժացնելու հայ-իրանական հարաբերությունները, նպաստելու այդ ճանապարհի մոտ գտնվող բնակավայրերի տնտեսական զարգացմանը։ Ընդգծենք նաև, որ այս ճանապարհի շինարարությունը պետք է վերսկսկենք առաջին հերթին Սյունիքով անցնող հատվածների կառուցմամբ։

Վերոնշյալ քայլերը մեր տնտեսական, հետևաբար և քաղաքական անկախությունն են ամրապնդելու, հոգեբանական դրական ազդեցություն են Սյունիքի մեր բնակչության համար, որոնք ներկա պահին դժվարին կացության մեջ են հայտնվել, Իրանին հնարավորություն են տալու օգտագործել մեր, այլ ոչ թե ադրբեջանաթուրքական ճանապարհները և վերջապես թուլացնելու են Նախիջևանով անցնող ճանապահների թողունակությունը, հետևաբար և մրցունակությունը։

Միանշանակ է, որ այս ամենի համար անհրաժեշտ է ներկայիս իշխանության հնարավորինս արագ հեռացումը։ Նրանց գործունեության պատճառով հայտնվել ենք սպառնալիքներով լի թակարդներում։ Դրանցից դուրս գալու և որպես ազգ ու պետություն գոյատևելու համար Նիկոլ Փաշինյանի հեռացումը թիվ 1 պայմանն է։

Արա Մարտիրոսյան  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ