28 12 2020

Ինչպիսի՞ն չպետք է լինել. Սեփական ընտանիքի օրինակի ցուցադրում՝ Աժ ամբիոնից

Ինչպիսի՞ն չպետք է լինել. Սեփական ընտանիքի օրինակի ցուցադրում՝ Աժ ամբիոնից

Պատգամավոր Հայկ Սարգսյանին այսօր Ազգային ժողովի դրսում և ներսում կատարված միջադեպերը վրդովվեցրել էին: Մինչ Աժ մտնելը նրան անվանել էին «շիշ բռնող», իսկ խորհրդարանի նիստերի դահլիճում՝ «դավաճան»:

Իշխանական պատգամավորը կատարվածից սրտնեղությունը փորձեց հաղթահարել իր ելույթով: Նա նախ դիմեց ուժայիններին՝ հորդորելով կարգի հրավիրել ակցիայի մասնակիցներին, ապա շարունակեց. «Դավաճան են նրանք, ովքեր 20-30 տարի թալանել են, մեծ երկաթբետոնից պարիսպներով տներ են սարքել ու հողից ու փայտից դիրքեր: Դավաճանները նրանք են, ում կառավարման տարիներին մեր ժամկետային զինծառայողների թիվը երկու անգամ պակասել է: Դավաճանը նրանք են, ովքեր իրենց երեխաներին իրենց փեշերի տակ են մտցրել և չեն ուղարկել դիրքեր»:

Այն, որ իշխանությունը բոլոր անհասկանալի իրավիճակներում հիշում է անցյալը, խոսում թալանի, ժողովդրից խլածի, մարդկանց ունեզրկելու մասին, նորություն չէ, արդեն հնացած և իր արդյունավետությունը կորցրած մանիպուլյացիա է: Այստեղ ամենազավեշտալին այն է, թե իշխանությունից կոնկրետ ով է խոսում այդ մասին:

Հայկ Սարգսյանի հայրը՝ Զարեհ Սարգսյանը, 1996-ից մինչև 2000 թվականը կենսաթոշակային հիմնադրամի պետի պաշտոնն էր զբաղեցնում, հետո ազատվեց, որովհետև կատարած չարաշահումներն արդեն բացահայտվել էին: Մամուլը գրում է, որ, այդ ընթացքում, սակայն Սարգսյանը հասցրել էր «թոշակառուների հաշվին» երկաթբետոնից պարիսպներով դղյակ կառուցել: Ի դեպ, որը, ըստ Հայկ Սարգսյանի, ամենևին էլ դղյակ չէ, ընդամենը երեք հարկանի առաձնատուն է:

Բանակից փախչելու կամ զինծառայությունից խուսափելու մասով․ ինչպես այս իշխանության շատ ներկայացուցիչներ, այնպես էլ Հայկ Սարգսյանի եղբայրը՝ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, չի ծառայել բանակում: Լրատվամիջոցների տարբեր հարցումներ այդպես էլ մնացել են անպատասխան, թե կոնկերտ ինչ հիմնավորմամբ է Նաիրի Սարգսյանը ազատվել ծառայությունից։ Հղում է արվում շատերի նման անձնական տվյալների պաշտպանությանը:

Թե ինչի համար է ազատվել, պարզ չէ, բայց պարզ է, թե ինչով էր զբաղվում այն ժամանակ, երբ պետք է բանակում ծառայեր: Նաիրի Սարգսյանը սոցապնախարարին էր օգնում, այո, այն նույն սոցապնախարարին, ում ղեկավարծ ոլորտից դժգոհում էր 2018-ին փողոցում: Պարզվում է՝ Նաիրի Սարգսյանը 2012-ից 2018 թվականը զբաղեցրել է սոցապնախարարի օգնականի պաշտոնը: Ինչպես երևում է, ժառանգական է՝ բողոքել մի բանից, ինչում նաև դու ես մեղավոր:

Հարց է առաջանում, երբ Հայկ Սարգսյանն ԱԺ ամբիոնից խոսում էր թալանով կառուցված դղյակների և բանակից խուսափածների մասին՝ հորն ու եղբորն է՞լ նկատի ուներ, թե ոչ:

Ի դեպ, 2020 թվականին հայտարարագրում նշված է, որ Հայկ Սարգսյանը 2019-ին առանձնատուն է նվեր ստացել Արաբկիրում, համատեղ սեփականատեր է։ Նա հայտարարագրել է 2005 թվականի արտադրության MERCEDES-BENZ, որը ձեռք է բերել 2017-ին, 2019-ին 19 հզր 800 դոլարով ձեռք է բերել 2013 թվականի արտադրության Lexus:

Բանկային հաշիվներին հայտարարագրել է 4 մլն դրամ, տարվա սկզբին ձեռք է բերել 2300 բիթքոին, տարվա վերջում արդեն ունեցել ՝ 3400 բիթքոին, որը համարժեք է ավելի քան 32 մլն դոլարի: Որպես կանխիկ գումար՝ հայտարարագրել է 24 մլն դրամ, 55 հզր. դոլար։

Տաթև Միրզոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ