11 12 2020

Ամենօրյա սպառման ապրանքների կտրուկ թանկացում․ ծանրագույնը դեռ առջևում է

Ամենօրյա սպառման ապրանքների կտրուկ թանկացում․ ծանրագույնը դեռ առջևում է

Արցախյան պատերազմի վերքերը դեռ երկար են իրենց մասին հիշեցնելու։ Կորցրած հայրենիքը՝ Արցախի ահռելի մասը, զոհված հազարավոր զինծառայողները, տասնյակ հազարի հասնող վիրավորները մեր ամենցավոտ վերքերն են։ Սակայն, պատերազմի հետևանքները շատ ավելի երկարատև են՝ անմիջականորեն Հայաստանի սահմաններին սպառնացող թուրք-ադրբեջանական վտանգից մինչև տնտեսական խորը ճգնաժամ՝ դրանից բխող բոլոր բացասական սոցիալական հետևանքներով։

Դեռ մոտ երկու շաբաթ առաջ հայկական դրամը մի քանի օրվա մեջ կտրուկ արժեզկվեց՝ 1 դոլարի դիմաց 490 դրամից հասնելով մինչև 520 դրամի։ Ընդ որում, սա այն դեպքում, երբ այդ օրերին դոլարը ոչ թե արժեվորվում էր, այլ՝ արժեզրկվում։ Սա թերևս ամենախոսուն փաստն էր այն բանի, որ մեր ազգային արժույթի թուլացումը ունի ներքին պատճառ՝ դա մեր տնտեսական անկման հետևանք է։ Անկում, որ սկսվել էր մոտ երկու տարի առաջ և շարունակվում էր այս ողջ ընթացքում, որը երկրի իշխանությունը զավթած խմբակի արկածախնդրությունների հետևանքն է։  Կորոնավիրուսն ու պատերազմը միայն ավելի ակնառու դարձրեցին այդ իշխանության հանցագործ կառավարման հետևանքները։

Անցած երկու շաբաթվա ընթացքում Կենտրոնական բանկը հանդես եկավ հայտարարությամբ և իրականացրեց որոշակի քայլեր արտարժութային շուկայում ցնցումները բացառելու համար։ Արդյունքում, դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ որոշ չափով արժևորվեց և սկսեց տատանվել 500-505 դրամ 1 դոլարի դիմաց միջակայքում։ Սակայն ակնհայտ էր, որ դա միայն ժամանակավոր լուծում էր, իսկ տնտեսական կացությունը նորից բերելու էր ազգային արժույթի արժեզրկմանը։ Նախօրեին դա տեղի ունեցավ՝ դրամը արժեզրկվեց բոլոր միջազգային արժույթների նկատմամբ։ Մասնավորապես, 1 դոլարի դիմաց հայկական դրամը երեկ դարձյալ հասավ 520-525 առավելագույն սահմանին։ Կենտրոնական բանկի քայլերը որքան էլ համարժեք լինեն, առնվազն դրամի արժևորման առաջիկայում չեն բերելու։ Դրամի արժեզրկումն անմիջական արձագանք է ունենալու մեր սոցիալական կացության վրա։ Մասնավորապես, դա արդեն հանգեցրել է սպառողական ապրանքների և ծառայությունների գների աճին։

Արձանագրենք այն ապրանքների գումարային թանկացումները, որոնց ականատեսն ենք մենք բոլորս։ Դեռ հոկտեմբերի սկզբին թանկացավ բուսական յուղը՝ 1լ տարողությամբ 600-650 դրամ միջին գնով վաճառվող այդ ապրանքնատեսակի գինը դարձավ 750-800 դրամ։ Վերջին օրերին բուսական յուղը թանկացավ ևս 50 դրամով։ Միաժամանակ, շաքարավազը թանկացել է 20 դրամով, ալյուրը՝ 20 դրամով, ձուն՝ 1 հատը 15 դրամով, հացը՝ միջինը 20 դրամով, թռչնամիսը՝ 1 կգ-ն մոտ 100-150 դրամով, կարագը՝ մոտ 200 դրամով։ Կտրուկ թանկացել են մրգերն ու բանջարեղենը։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ինչ-որ ուսումնասիրություններ արեց, վարույթներ հարուցեց և այն հիմնական եզրակացության եկավ, որ թանկացումները տեղի են ունեցել օբյեկտիվ պատճառներով։ Այսինքն, գերիշխող դիրք չի չարաշահվել։ Թերևս կարելի է համաձայնվել հանձնաժողովի եզրակացության հետ՝ թանկացումների պատճառը դա չէ, այլ այն, ինչ արդեն նշեցինք վերևում։ Սակայն ապրանքների գների թանկացումները «օբյեկտիվ» համարելը նույնն է, ինչ ստեղծված իրավիճակում իշխանության անմիջական մեղքը չտեսնելը։ Ավելացնենք, որ ծանրագույնը դեռ առջևում է։

Ի դեպ, հիշո՞ւմ եք այն տարեց կնոջը, որն ասում էր «թեկուզ հացը 1000 դրամ դառնա, կարևորը, որ Նիկոլը լինի մեր վարչապետը»։ Հայրենիքի կորուստն ու հազարավոր զոհերը հազիվ թե նրա վրա ազդած լինեն, իսկ այս թանկացումները՝ գուցե և ազդեն ․․․

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ