24 11 2020

Հայաստանը փորձադա՞շտ է Նախագահի ու իր խորհրդականի համար

Հայաստանը փորձադա՞շտ է Նախագահի ու իր խորհրդականի համար

Հայաստանում գրեթե բոլորը պահանջում են Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականն ու նրա թիմի ամբողջական հեռացումը իշխանությունից։ Միաժամանակ և բնական է՝ փնտրտուք է ճգնաժամային վարչապետի ու նախարարների։ Բազմաթիվ անուններ են շրջանառվում, շատերն էլ ասում են՝ կարևորը անունները չեն, որակներն են։ Այդ բազմաթիվ առաջակների մեջ կան նաև անընդունելի առաջարկներ, որոնց, կարծում եմ, պետք է ուշադրություն դարձնել, որովհետև այս պատասխանատու պահին կարևոր է կրկին չսխալվելը։

ՀՀ Նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը, օրինակ, իր հետևյալ պատկերացումներն է հանրայնացնում․ «Նորերը, իմ պատկերացմամբ, ոչ թե մարդիկ են, ում առաջին անգամ կտեսնենք կամ երիտասարդ են, այլ հայության ազգային ամբողջական ներուժից՝ աշխարհի 10 միլիոն հայերի ընտրանին են՝ պրոֆեսիոնալ «ճգնաժամերի կառավարիչներ»։ Այո, հենց 18-20 կամիկաձեներ, որոնք իրականում կարող են իրենց ապրած կյանքով և փորձով կառավարել ճգնաժամեր, իսկ թե որ երկրից կլինեն, այսօր ես չեմ կարող ասել, բայց խնդրում եմ դուրս եկեք միայն մոտ 2.5 միլիոն ՀՀ բնակչության ցուցակից, հատկապես ՀՀ պետ ռեգիստրում գրացված մոտ 82 քաղաքական կուսակցությունների ցանկից»։

Խիստ անընդունելի մոտեցում։ Այսինքն, առաջարկում է՝ «մի հատ էլ եկեք սենց էքսպերիմենտ անենք, տեսնենք ինչ կլինի»։

Չենք կարող մեզ նման շռայլություն թույլ տալ, բերել մարդկանց, որոնք հայ են, ինչ-որ տեղ լավ մասնագետ են, բայց Հայաստանին ծանոթ չեն, ծանոթ են հոդվածներով, տեսանյութերով կամ սրա-նրա պատմածով, բերենք ու սկսեն ադապտացվելը այստեղին, մի երկու տարի էլ փորձեն մի բան անել, որ կամ ստացվի կամ՝ ոչ, վերջում էլ անուն կպցնեն, թե՝ էս ի՞նչ ժողովուրդ ա, պլաստիկ շշերը չի առանձնացնում, դրա համար էս օրին ա։ Չէ, պարոնայք, շնորհակալ ենք, ձեզ պահեք։

2018 թվականին բերեցինք նոր մարդկանց, այսպես ասած՝ թարմ դեմքեր, որոշները, իբր, դրսում կրթություն ստացածներ էին, այլ, ավելի ազատական արժեքներով առաջնորդվողների, արևմտամետների ու սորոսականների, ու ի՞նչ արեցին մեր երկրի գլխին։ Էքսպերիմենտ էր, արեցինք, ու գոհ ե՞նք։

Այդ դրսից բերածներից մեկն էլ Թևան Պողոսյանի շեֆն է՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Այն ժամանակ էլ ասում էին՝ Լոնդոնից ենք բերել, դիվանագետ է, մեծահարուստ է, ունի լիքը կապեր, ԱՄՆ փոխնախագահի հետ պաչիկով բարև ունի, արքայազն Չարլզի հետ մոտ է։ Ու ի՞նչ արեց։ Արմեն Սարգսյանը և իր կապերը, իր 3 տարվա պաշտոնավարման ընացքում Հայաստանին քանի՞ կոպեկի օգուտ են տվել։ Արմեն Սարգսյանը տարվա կեսը Հայաստանից դուրս էր, գործուղումների էր գնում, հանդիպում էր ինչ-որ գործարարների հետ, Հայաստան էր բերում միջազգային համաժողովներ, «Բոինգ» ու այլ խոշոր կորպորացիաների ղեկավարների։ Այդ ամենի արդյունքում քանի՞ ներդրում բերեց Հայաստան, ի՞նչ կոնկրետ օգուտ տվեց։ Բացարձակ ոչ մի օգուտ։ Արմեն Սարգսյանից միակ օգուտն այն է, որ նա հրաժարվել է իր աշխատավարձի՞ց։ Բայց արդյո՞ք դա բավարար է, արդյո՞ք մենք երկրի նախագահից աշխատավարձ չստանալ ենք ակնկալում։ Ցնդաբանությու՛ն, կասեք, պաշտոնի նշանակվում են արդյունք տալու համար, ոչ թե աշխատավարձ չստանալու։ Ասում էիք Բրիտանիայում մոտ է թագավորական ընտանիքի հետ, այնտեղի քաղաքական էլիտաների հետ․ այդ դեպքում ինչպե՞ս Բրիտանիան դարձավ միակ երկիրը, որը դեմ քվեարկեց ՄԱԿ Անվտանգության խորհրդում՝ տապալելով գոնե բանաձևի ընդունումը, որ խաղաղություն կպարտադրեր Ադրբեջանին։ Հարց է առաջանում, բա էլ ո՞ր օրվա համար էին Ձեր այդքան ծանրակշիռ կապերը։ Դրսի 10 միլիոն հայերի շրջանակից պեղած-բերած 4-րդ Նախագահը պաշտոնավարման ողջ ընթացքում երեք բանով է աչքի ընկել՝ երեխաների հետ պաղպաղակի համտեսման տեսանյութով, Ամուլսարի պահապանների հետ Քոչարի պարելով ու բարբեքյու պատրաստելով։ Հա, մեկ էլ նրանով, որ լուռ է մնացել բազմաթիվ կարևորագուն ու վտանգավոր դեպքերում՝ հղում անելով, թե լիազորություն չունի։ Լիազորություն չունեիք, հայտարարություն կարող էիք անել, ճիշտ ու սխալի ուղություն կարող էիք տալ, կոչ կարող էիք անել, երբ իշխանության մի ճյուղը մյուսին դրած հալածում էր, նման դեպքերը բազմաթիվ են։ Ձեզ ասեմ, այլ բանով նա չի մնա մեր հազարամյա հիշողության մեջ, մարդը այդպիսին է։

Քանի անդրադառնում ենք դրսից եկած իբր «մասնագետների», հիշեմ մեկ այլ դրսից եկածի՝ քաղավիացիայի վարչության պետ Տաթևիկ Ռևազյանը։ Ի՞նչ արեց մեր ավիացիայի հետ, քանդեց հիմնահատակ, մեր ավիաընկերությունները հայտնվեցին եվրոպական սև ցուցակում, իսկ ամենապատասխնատու պահին թռավ իր հայրենի Դանիա, որտեղ իր տունն էր։ Մեկ ուրիշ դրսից բերված էլ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանն էր, Ամերիկայից էր եկել։ Քանի՞ ամիս աշխատեց ու ի՞նչ արեց։ Ոչինչ, ոչ մի, օգուտ։ Մյուսին ասեմ, Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Չգիտեմ ինչ արեց, բայց որ Սփյուռքի հետ մեր երկրի հարաբերությունները այսքան վատ չեն եղել, երբեք Սփյուռքի ներուժը այսքան սակավ չի ներգրավվել, ինչքան այս պատերազմի ժամանակ էր, սա ևս փաստ է։

Հա, մի թեմա էլ կար 2018-ին դեռ, թե իբր հեսա մեծագույն հայազգի տնտեսագետ Աջեմօղլուն մեր տնտեսությունը տեսեք ինչ է անելու, պայմանավորվել ենք, բան։ Հետո պարզվեց մարդը փող էր ուզել, որ տեսական ծրագիր գրեր մի հատ, մի հատ էլ հյուրախաղերի գար վարչապետի ու այլոց հետ նկարվելու։ Լավ է՝ ֆայմել են, չտվեցին, նա էլ, բնականաբար, չեկավ։

Պարոնայք, Հայաստանը փորձադա՞շտ է ձեզ համար, ամեն մեկին բերենք մի երկու ամսով ռեզյումե հարստացնի ու գնա՝ երկրին մազաչափ անգամ օգուտ չտալով։ Դուք լուրջ մտածում եք, որ Հայաստանը նման էքսպերիմենտների ռեսուրս ունի՞։ Ունի՞ Հայաստանը դրա ժամանակը, փողը, ներվը և այլն։ Դասականի ասածի՝ Հայաստանը հո որբի գլուխ չէ՞, որ ով հասնի՝ խուզի։

Հայաստանում պետք է պաշտոնյա աշխատի մարդ, որը Հայաստան չի գալիս որպես խոպան, պետք է պաշտոնյա լինի մարդ, որի տունը Հայաստանում է, երեխաները Հայաստանում են, որը ծանոթ է Հայաստանին, Արցախին, ամագ ունի, որը դողում է իր հայրենիքի համար, որովհետև իր տունն է։ Զարեհ Սինանյանը շուտով պաշտոնից կզրկվի, ի՞նչ է ձեզ թվում, որտե՞ղ է ապրելու այդուհետ։ Ճի՛շտ եք, Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում, ոչ Երևանում, ոչ Գյումրիում, ոչ էլ, առավելևս, Ստեփանակերտում։ Նույնն էլ Տաթևիկն է անելու, Ռեվազյան, նույնը՝ Արմեն Սարգսյանը։

Մենք չունենք երկիր, որի հետ խաղեր և փորձարկումներ պետք է անենք։ Մենք կուշտ ենք փորձերից։ Մենք տարիներ շարունակ ապացուցել ենք, որ ունենք կադրեր, որոնք մեր երկիրը կարող են վերականգնել, տնտեսական աճ բերել։ Մենք ունեցել ենք ու ունենք նման կադրեր, պարզապես պետք չէր սևերի ու սպիտակների բաժանել։ Չէր կարելի արտաքին գործոց փոխնախարար նշանակել մարդու, որի կենսագրության մեջ դա առաջին աշխատանքն էր։ Դա բարոյալքեց այդ ամբողջ համակարգը՝ մասնագետներին զրկելով որևէ ստիմուլից։

Մենք չենք կարող իշխանության ղեկը մարդկանց տալ, որոնց չենք ճնաչում, չենք տեսել իրենց արած գործը, արդյունքը։ Մենք այլևս դատապարված ենք, միմիայն ճիշտ որոշումներ կայացնելու, որոնք հիմնված կլինեն կառավարողների, ոչ թե արհեստածին՝ սիրում ենք, չենք սիրում կամ ընդունում ենք, չենք ընդունումի վրա, այլ կարո՞ղ է, թե՞ ո՛չ սկզբունքի։ Կրկնում եմ՝ մեր երկիրը փորձադաշտ չէ։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ