Նոյեմբերի 10-ի խայտառակ կապիտուլիացիոն համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո սպասվում էին Նիկոլ Փաշինյանի և ամբողջ կառավարության հրաժարականները։ Սպասելիքը դեռ իր հերթին, անմիջապես առաջացավ նաև հանրային պահանջ, որը անգամ վերածվեց զանգվածային անկարգության։ 10 օր անց, իշխանական թմի ընդամենը 2 նախարար հրաժարականի դիմում ներկայացրեց՝ Զոհրաբ Մնացականյանը և Ֆելիքս Ցոլակյանը։ Հրաժարականի դիմում ներկայացրեց Մնացականյանի տեղակալ Շավարշ Քոչարյանը, խոսվում է արտգործնախարարությունից նաև այլ հրաժարականների մասին: Օրեր առաջ ՊՆ վերահսկողության տեսչության պետ գեներալ Մովսես Հակոբյանը ևս հրաժարական տվեց։
Մովսես Հակոբյանը իր ասուլիսում հայտնեց, որ հրաժարականի դիմումը գրվել էր դեռ զինադադար հաստատելուց և կապիտուլյացիան ստորագրելուց առաջ, սպասել են որ ավարտվի, նոր ազատեն։
Այսօր առավոտվանից մամուլը տարբեր նախարարների հրաժարականների մասին էր նշում, տրվում էին նաև նրանց փոխարինողների անունները: Վերջապես լուրերը պաշտոնապես հաստատվեցին: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին փոխարինեց Փաշինյանի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը, սոցապ նախարարին՝ Փաշինյանի հորհդրական Մեսրոպ Առաքելյանը, ԱԻ նախարար նշանակվեց Անդրանիկ Փիլոյանը: Առաջիկայում գուցե լինեն նաև կառավարության կազմի այլ փոփոխություններ:
Այս ամենի մեջ, սակայն ամենից հետաքրքրականը ոչ թե հրաժարականներն են, կամ ու՞մ, ումո՞վ են փոխարինելու, այլ այն թե՞ հեռացողները, թե՞ նրանց փոխարինողները իրենց վրա նույնպես վերցնելու են այս խայտառակ խարանը։ Անգամ եթե դեռ գործող Նիկոլ Փաշինյանը իր թիմի մարդկանց նշանակի, որոնք իր որոշումների մասին իմացել են պոստֆակտում, և որոնք կարող էին այդ ամենի տակից դուրս գալ, գոնե մանդատ վայր դնելով, անցնելով քննադատելուն, կամ ֆրակցիայից դուրս գալով և հետագայում Փաշինյանին անվստահություն հայտնելով, նրանք եթե նշանակվեցին նախարար, կամ այլ պաշտոնի, փաստացի իրենց վրա են վերցնում այդ որոշումների պատասխանատվությունը։ Չէ՞ որ, երբ դու տեղյակ չես, քեզ 44 օր այլ բան են ասում, և երբ դու իմանում ես, որ հակառակն է եղել, վերջում էլ գաղտնի ստորագրվել է խայտառակ փաստաթուղթ, դու միշտ հնարավորություն ունես, մերժելու այդ ամենը, քո վրա պատասխանատվություն չվերցնելով այն գործընթացի համար, որից տեղյակ չես եղել։ Եվ հակառակը, երբ դու քաջատեղյակ ես, թե որը, ոնց է եղել, և դեռ շարունակում ես մնալ, կամ առավելևս ստանձնել Փաշինյանի կողմից առաջարկած պաշտոնը, դու վերցնում ես և կրում ես նույնչափ պատասխանատվություն, նրա գործածի համար, ամբողջ հետագա կյանքումդ։ Գաղտնիք չէ, որ այս իշխանությանը մնացել են հաշված ամիսներ եթե ոչ օրեր, և դավաճանի խարանը վերցնել ընդամենը խիստ կարճատև, պաշտոնավարման կասկածելի բարիքներից օգտվելու մղումով, դրա համար պետք է բացառիկ անհեռատես լինել։
Ահարոն Համբարձումյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը