Դեռ մինչև երեկ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հասցեին երբևէ հնչած ամենածանր մեղադրանքը այն էր, թե` նրանք ուզում են հանձնեն Արցախը։ Այսօր արդեն փաստ է, որ Նիկոլ Փաշինյանը հանձնել է Արցախը։ Եվ նա` ինքը ոչ մի մեղք չի զգում։ Նույնիսկ կան այնպիսիք, որոնք նրան ոչ միայն չեն մեղադրում, այլ քաջալերում, սատարում, արդարացնում, չքմեղացնում են։ Այսպիսիք մեր երկրի այս կամ այն նախագահին բնավ չարածի, չգործած մեղքի համար մեղադրել են, իսկ նույն մեղքը գործած ներկայիս վարչապետին մեղավոր չեն համարում։ Այսպիսիների համար Արցախը թշնամուն հանձնելը էլ մեղք չէ` միայն այն պատճառով, որ դա արել է իրենց կուռքը։ Կռապաշտությունը, փաստորեն, կործանեց Արցախը։
Հիմա կործանում է սպառնում նաև Հայաստանին։ Պատվիրատուների մոտ հանգրվանելու վերջին «իր քայլը» անելուց առաջ կուռքը իր վերջին առաջադրանքն է կատարում. քաղաքացիական պատերազմ է սադրում։ Իր զինված գվարդիան է կազմում` որ պատերազմի հայ ժողովրդի դեմ։ Արցախի և էլի շատ ու շատ բաների կորուստն ու եղբայրասպանությունն է հայ ժողովրդի թույլ տված, հայության մի մասի օժանդակությամբ իրագործված թավշյա սորոսական հեղաշրջման կործանիչ հետևանքը։ Եվ եթե չենք ուզում` որ կուռքն իր ողջ պլանն իրագործի, եթե ուզում ենք` որ իրավիճակը փոխվի, ապա նախ և առաջ պետք է, անհրաժեշտ է Նիկոլին փոխել։
Արցախի դեմ Թուրքիայի սանձազերծած պատերազմի 44 օրերի ընթացքում զոհվել են ավելի քան 8 հազար թուրք, ադրբեջանցի և իսլամիստ ահաբեկիչներ։ Հայ ժողովուրդը, ըստ ոչ պաշտանական տվյալների, 4750 նահատակ է կորցրել Արցախում։ Եվ սա, իմ կարծիքով, ընդամենը մեկ արկածախնիրի քմահաճույքի, կապրիզի պատճառով։ Նաև մեր, հայերիս անսահման ու անիմաստ համբերատարության հետևանքով։
Համեմատության համար. Աֆղանական պատերազմի տասը տարիների ընթացքում խորհրդային զորքերն ունեցել է մոտ 15 հազար զոհ։ Այսինքն. ընդամենը 140 հազար բնակիչ ունեցող Արցախի դեմ 80 միլիոնանոց Թուրքիան, 10 միլիոնանոց Ադրբեջանը և հազարավոր վարձկան ահաբեկիչները մղել են ավելի քան 45 անգամ մարդակործան հինգերորդ սերունդի զավթողական պատերազմ։ Ի հեճուկս Նիկոլի` Հայոց բանակը կարողացել է արդյունավետ դիմակայել թուրթ-ադրբեջանական ու ահաբեկչական հրոսակներին, բլից կրիկը վերածել տևական ու նաև թշնամու համար կորստաբեր պատերազմի։
Հայության համար հայրենականի վերածված այս դաժան պատերազմի 44-րդ օրերը, սակայն, բացահայտեց, որ Նիկոլը, Արայիկը, Իլհամը ու Էրդողանը նույն խնդիրն են կատարում` տարբեր դերերով։ Եթե մարտի 1-ին Նիկոլը ճողոպրեց ու ընդհատակ անցավ ոճրագործությունը սադրելուց ու 10 զոհերից հետո, ապա հիմա նա ինչ-որ բունկերներում է թաքնվել թուրքական պատվերով պատերազմ սադրելուց ու իր կապրիզին մի հանի հազար հայորդիներ զոհաբերելուց հետո։
Եթե պատերազմից առաջ նա ու իր նմանները գոռում էին`«նոր պատերազմ` նոր տարածքներ», ոմանք էլ` «տարածքներ` կարգավիճակի համար», ապա հիմա տարածքները, երբևէ որևէ մեկի ասածից շատ ավելին, Արցախը գրեթե ամբողջությամբ Նիկոլը իր ստորագրությամբ հանձնել է, բայց ստորորեն մոռացել է, որ Ստեփանակերտում ինքն էր գոռում` «Արցախը Հայաստան է և վերջ» ու Արցախի ոչ մի կարգավիճակի մասին չի էլ հիշել։ Ասում էին, որ Արցախի անկախության ճանաչումը մեր վերջին քայլը կլինի ու դա չի արվում ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունը չխաթարաելու ու ձևաչափը պահպանելու համար։
Երբ արդեն պարզ էր, որ ձևաչափը պատերազմի միջոցով փոխվել է, չկա, երբ Նիկոլը «ստիպված» կապիտուլյացիայի հայտարարությունն էր ստորագրում, ի՞նչն էր խանգարում` նախ Արցախի անկախությունը ճանաչելու որոշում ստորագրեր։ Եվ եթե ժողովրդին խաբելու համար չէր ասվում, թե Արցախի հիմնախնդիրը չի կարող ռազմական լուծում ունենալ, ինչո՞ւ Շուշին փաստացի` բացառապես սեփական նախաձեռնությամբ հանձնելուց առաջ չարձանագրվեց, որ եռակողմ հայտարարությունը բացառապես պատերազմական գործողություների հետևանք է։
Ու հիմա Նիկոլը իր վերջին քայլն է անում` քաղաքացիական պատերազմ է սադրում։ Սա հենց այն է, ինչը ոչ Էրդողանը, ոչ էլ Իլհամը չեն կարող անել` չեն կարող իրենք իրենց ծրագիրն իրագործել Հայաստանի տարածքում։ Չեն կարող` քանի որ ռուսական զորքերը անմիջապես կմիջամտեն, անկախ նրանից, որ հնարավոր է Նիկոլն անձամբ կապահովի թուրքական ու ադրբեջանական զորքի և իսլամիստ ահաբեկիչների անարգել մուտքը Հայաստան։ Ուստի. Նիկոլն ստիպված է թուրքական ծրագրի քաղաքացիական պատերազմ սադրելու հատվածը միայնակ իրագործել։
Իսկ մենք դեռ հանդուրժում ենք, համբերում ենք...
Գևորգ Հարությունյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը