Պատերազմը սովորաբար բերում է գների կտրուկ աճ և հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտ։ Առավել ևս, եթե այն ուղեկցվում է համավարակով։ Նման երևույթ ներկա պահին Հայաստանում չի արձանագրվում և դրան նպաստող խուճապային տրամադրություններ էլ չկան։ Սակայն գնաճային երևույթներ կան, ինչը փաստվում է վիճակագրական կոմիտեի` «Սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում 2020 թ․-ի հունվար-հոկտեմբերին» հրապարակման մեջ։
Համաձայն վիճկոմի տեղեկատվության, այս տարվա հոկտեմբերին անցյալ տարվա հոկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 1,3 տոկոս։ Գնաճի ցածր ցուցանիշը վկայում է նաև տնտեսական անկման մասին։ Ըստ հիմնական ապրանքախմբերի` սննդամթերքի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, ծխախոտի գնաճը կազմել է 1,5 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 0,6 տոկոս, ծառայություններինը՝ 1,4 տոկոս։
Բնականաբար, առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում սննդամթերքի գնային փոփոխությունները։ Այստեղ մեծ գնաճ են ունեցել հետևյալ ապրանքները՝ շաքար և շաքարավազ՝ 20,2 տոկոս, արևածաղկի բուսական յուղը՝ 16,1 տոկոս, ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը՝ 9,7 տոկոս, միրգը՝ 11,3 տոկոս, հացաբուլկեղեն և ձավարեղեն՝ 3,6 տոկոս։ Սննդամթերքի այլ տեսակների գները կամ փոքր չափով են աճել կամ անկում են արձանագրել։
Ուշագրավ է եղել հատկապես բուսական յուղի և շաքարավազի գների կտրուկ աճը պատերազմի առաջին օրերից։ Եթե առաջին ապրանքախմբում գերիշխող դիրք ունեցողներ չկան և շուկան ապակենտրոնացված է, ապա շաքարավազի շուկան ունի բարձր կենտրոնացվածություն և մենաշնորհ։ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի դիրքորոշումն հատկապես շաքարավազի գնի բարձրացման վերաբերյալ այդպես էլ անորոշ մնաց։
Ոչ պարենային ապրանքներից կոշկեղենն է ունեցել ամենաբարձր գնաճը՝ 4,8 տոկոս, ապա հագուստը՝ 2,7 տոկոս։ Շարունակում են նվազել վառելիքի գները՝ բենզինինը 14,4 տոկոսով, դիզվառելիքինը՝ 20,9 տոկոսով։
Ներկայացնելով գնաճի հիմնական ցուցանիշները, նշենք, որ կտրուկ ցնցումների բացակայությունն այստեղ` Հայաստանում տարիներ և տասնամյակներ ձևավորված տնտեսական հարաբերությունների արդյունք է։ Չնայած պատերազմին և ծանր տնտեսական կացությանը, ձևավորված մեխանիզմները գործում են` հնարավորություն տալով ապահովել ապրանքի ելումուտը Հայաստան, գործում են էներգետիկ հզորությունները, շարունակում են աշխատել արտադրությունները։ Եվս մեկ ապացույց այն բանի, որ անկախության անցած տասնամյակները առաջին հերթին պետականության կայացման, համակարգերի ստեղծման ժամանակաշրջան են եղել։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը