02 11 2020

Հաջողվում է պահպանել ֆինանսական կայությունը

Հաջողվում է պահպանել ֆինանսական կայությունը

Հայաստանն ու Արցախը ծանր օրեր են ապրում։ Հույժ կարևոր է առանց խուճապի ու էյֆորիայի անել առավելագույնը՝ մեզ համար օրհասական այս պատեզամը ցանկալի ավարտին հասցնելու համար։ Ռազմաճակատն ու բանակը պետք է ունենան ամուր թիկունք։ Համազգային միասնությունից և համակարգված գործողություններից բացի, չափազանց կարևոր է տնտեսության կանոնավոր գործելը, որքան դա հնարավոր է պատերազմի ժամանակ։

Բնական է, որ տնտեսությունը կրել և կրելու է կորուստներ, որ դրանք դեռ զգացվելու են հետագա ամիսներին և տարիներին։ Ցավալի է, որ պատերազմին մենք բախվեցին ոչ բարվոք տնտեսական վիճակում։ Իշխանության քաղաքականության հետևանքով 2017-2018 թ․-ի առաջին եռամսյակի տնտեսական բարձր աճի տեմպը անցած երկուսուկես տարում նախ նվազեց, ապա դրան հետևեց տնտեսական անկումը՝ պայմանավորված կորոնավիրուսով և դրա նկատմամբ դարձյալ կառավարության ցուցաբերած մակերեսային և անլուրջ մոտեցմամբ։ Ինչպես ասում են, անցյալը հետ չես բերի։ Այսօր կարևոր խնդիր է թույլ չտալ տնտեսական անկման խորացումը և այս պահի համար հատկապես՝ ապահովել ֆինանսական համակարգի կայունությունը։

Առաջ անցնելով նշենք, որ անցած ավելի քան մեկ ամսում ֆինանսական համակարգն աշխատել է կայուն և առանց ցնցումների։ Սա շատերի համար գուցե աննկատ մնացած երեույթ է, բայց փաստն ինքնին կարևոր է։ Մենք չունեցանք բանկեր գրոհող ավանդատուներ,  բանկերի կողմից ինչ-որ գործառնությունների չկատարման կամ սահմանփակման դեպքեր։ Բանկերի իրացվելիությունը շարունակում է մնալ բարձր, այսինքն՝ չկան սնանկացման կամ պարտավորությունների չկատարման դեպքեր։ Այս ամենը արդյունք է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է կայուն բանկային համակարգ և ֆինանսական շուկա։ Սա անկախության առնվազն վերջին 25 տարիների մեր կարևոր ձեռքբերումներից մեկն է։ Եվս մեկ իրողություն, որ շատերը, շարունակելով գտնվել իրենց մատակարարվող քարոզչական աղբի ազդեցության տակ, հակված չեն տեսնել և խոսում են միայն 20 կամ 30 տարվա «թալանից»։

Կարևոր հանգամանք  է նաև այն, որ բանկերը, բացի իրենց ավանդը ներդնելուց համընդհանուր աջակցությանը բանակին և ռազմաճակատին, պատրաստակամություն  են հայտնել վարկերի սպասարկման արտոնություններ տալ ռազմական գործողություններին մասնակցողներին և չեղյալ համարել մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացածների վարկային պարտավորությունները։

Պատերազմի ընթացքում ֆինանսական շուկայի կայունության մասին է փաստում նաև արժույթային շուկայի կայունությունը։ Այստեղ չունենք փոխարժեքային ցնցումներ։ Դոլարի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքը գրեթե անփոփոխ է վերջին մեկ ամսվա ընթացքում։ Նույնը կարելի է ասել նաև եվրոյի հանդեպ դրամի փոխարժեքի մասին։ Ռուսական ռուբլու նկատմամբ դրամը որոշակիորեն արժևորվել է, որը սակայն պայմանավորված է միջազգային ֆինանսական շուկայում տեղի ունեցող երևույթներով և նավթի միջազգային գների անկմամբ։

Ինչ վերաբերվում է մեր միջազգային պահուստներին, ապա Կենտրոնական բանկի հրապարակած տեղեկատվության  համաձայն, տարեսկզբին՝ հունվար ամսին, մեր միջազգային պահուստները կազմել էին 2 մլրդ 671 մլն դոլար։ Սեպտեմբերի 31-ի դրությամբ այդ ցուցանիշը 2 մլրդ 449 մլն դոլար էր։ Այսինքն, ինը ամսվա ընթացքում դրանք նվազել են ավելի քան 200 մլն դոլարով։ Հոկտեմբեր ամսվա տվյալները հայտնի կլինեն մեկ ամիս անց։ Ամենայն հավանականությամբ, որոշակի նվազում կլինի դրանցում։ Սակայն կարևորը, որ հաջողվում է ֆինանսական շուկան զերծ պահել ցնցումներից պատերազմական ժամանակաշրջանում։ Երևի հասկանալի է, թե ինչ կնշանակի խուճապն այստեղ այս օրերին։ Կենտրոնական բանկն ու առևտրային բանկերը պետք է ամեն ինչ անեն այդ կայունությունը հետագայում ևս պահպանելու և իրենց գործառույթները անխափան կատարելու համար։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ