29 10 2020

Ինչու՞ սկսվեց պատերազմը և հնարավո՞ր էր այն թույլ չտալ

Ինչու՞ սկսվեց պատերազմը և հնարավո՞ր էր այն թույլ չտալ

Արցախյան հարցի կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվում են ավելի քան քառորդ դար, այն բանից հետո, երբ 1994 թ․-ի մայիսին ավարտվեց արցախյան առաջին պատերազմը, և կնքվեց զինադադար։ Թեև բանակցություններն այդպես էլ գործնական արդյունք չտվեցին, բայց ակնհայտ է մեկ բան՝ ռազմական գործողությունները զսպվում էին ավելի քան 20 տարի։ Այդ ողջ ընթացքում Ադրբեջանը հայտնվել էր այնպիսի կացության մեջ, երբ միջնորդ երկրների և միջազգային կառույցների կողմից դիտարկվում էր որպես ոչ կառուցողական մոտեցում ունեցող։ Հենց դա էր զսպում նրան նոր պատերազմ սկսելուց, որը միանշանակ Հայաստանի նախորդ իշխանությունների դիվանագիտական ջանքերի արդյունք էր։

Միաժամանակ, բանակցությունների ընթացքում էապես փոխվեց արցախյան հարցի լուծման վերաբերյալ միջնորդների մոտեցումն ու արվող առաջարկների բովանդակությունը։ Եթե 90-ականների երկրորդ կեսին առաջարկվում էր բարձր ինքնավարություն Ադրբեջանի կազմում, ապա վերջին տարիներին՝ մինչև 2018 թվականը, Արցախի ժողովրդի կամարտահայտության պարտադիր լինելը բոլոր կողմերի համար։ Այլ խոսքերով՝ հանրաքվե Արցախում, որի արդյունքները պարտադիր պետք է լինեին աշխարհի և նաև Ադրբեջանի համար։ Իզուր չէ, որ Ադրբեջանի նախագահը դժգոհում էր, թե իր վրա ճնշումներ են գործում՝ առաջարկելով ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ 

Այսպես, 1996-ի դեկտեմբերին` ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովում, առաջարկվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մի բանաձև, որտեղ նշվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու նրա կազմում Լեռնային Ղարաբաղի բարձր ինքնավարությունը: Քանի որ որոշումներն ընդունվում էին միաձայն, ապա Հայաստանի պատվիրակությունը դեմ քվերակեց, և այդ տարբերակը չընդունվեց։ Հայկական կողմը ընդգծեց, որ հակամարտության լուծումը պետք է կատարվի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը հարգելով։ Այդուհանդերձ, լիսաբոնյան գագաթնաժողովում հայկական կողմը միայնակ մնաց և այդ պատճառով համարվեց հայկական դիվանագիտության պարտություն։

1997-ին արդեն ձևավորված ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտության երեք կողմերին (Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ) ներկայացրեց նոր առաջարկներ, որոնք ըստ էության, հիմնված էին լիսաբոնյան սկզբունքների վրա։ Դարձյալ Ադրբեջանի կազմում ԼՂ  բարձր ինքնավարություն, իսկ ԼՂ-ի վերահսկողության տակ գտնվող շրջանները, բացի Լաչինից, պետք է վերադարձվեն Ադրբեջանին: Այդ առաջարկները մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։

1998-ի վերջերին ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացրեց նոր առաջարկ, որտեղ ընդգրկված էր  «Ընդհանուր պետության» գաղափարը: Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանարպետությունը որոշ վերապահումներով այդ առաջարկն ընդունեցին որպես հիմք բանակցությունների համար։ Գաղափարի էությունն այն է, որ Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը պետք է կազմեին ընդհանուր պետություն։ Այս տարբերակն էլ մերժեց Ադրբեջանը։ Այդ երկրի նախագահ Հեյդար Ալիևը հայտարարեց, որ այդ առաջարկը անընդունելի է Ադրբեջանի համար, քանի որ, փաստացի, Ադրբեջանի կազմում ստեղծվում են երկու անկախ պետություններ, և Բաքուն վերահսկողություն չի ունենում Ստեփանակերտի վրա: Հայկական կողմը, ըստ էության, ոչ համաձայնվել էր, ոչ էլ մերժել, դիվանագիտական հնարք գործածելով՝ գնդակը գցել էր Ադրբեջանի դաշտ։

Արցախյան բանակցություններում կողմերը վերջնական համաձայնագրի կնքմանը ամենամոտը եղել են 2001-ին։ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի բազմաթիվ հանդիպումների արդյունքում ծնվեց այսպես կոչված՝ «Քիվեսթյան» տարբերակը։ Ըստ այդ առաջարկների, Լեռնային Ղարաբաղը Լաչինի միջանցքով միացվում էր Հայաստանին, իսկ Ադրբեջանը տրամադրվում էր Նախիջևանի հետ  «սուվերեն ճանապարհ» Մեղրիի շրջանով: Ամերիկյան Քի Վեստ քաղաքում համաձայնագրի սոտրագրման վերջին պահին Հեյդար Ալիևը հրաժարվեց այն ստորագրելուց։

2004-ից սկսվեց բանակցությունների նոր փուլ, որն ընդունված է անվանել Պրահյան գործընթաց: Թվում էր, թե կողմերը 2006-ին Փարիզի մերձակա Ռամբույե ամրոցում մոտ են ընդհանուր սկզբունքների շուրջ համաձայնության հասնելուն, սակայն բանակցությունները փակուղի մտան Քարվաճառը վերադարձնելու և ԼՂ-ում հանրաքվե անցկացնելու ժամկետների համաձայնեցման անհնարինության պատճառով: Պրահյան գործընթացի հիմնական նորամուծությունը հետաձգված հանրաքվեի գաղափարն էր, որը ենթադրում էր հետևյալը. ղարաբաղյան ուժերը դուրս են գալիս հինգ շրջաններից, իսկ Քարվաճառի վերադարձը կապվում էր ԼՂ-ում սպասվելիք հանրաքվեի ժամկետների հետ: Քանի դեռ հանրաքվե չի կայացել ԼՂ-ում, Քարվաճառը մնալու էր հայկական ու միջազգային համատեղ հսկողության տակ:

2007-ի նոյեմբերին ի հայտ եկան այսպես կոչված «մադրիդյան սկզբունքները»։ ԵԱՀԿ Մադրիդում կայացած ԱԳ նախարարների հանդիպմանը Մինսկի խմբի եռանախագահությունը կողմերին ներկայացրեց 14 կետանոց շրջանակային մի փաստաթուղթ, որտեղ նշվում էր հետաձգված հանրաքվեի (պլեբեսցիտ) գաղափարը, որի արդյունքները պետք է պարտադիր լինեին բոլորի համար (ինչը Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչում էր, իսկ Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանների վերադարձը պետք է լիներ ուղղակի կապի մեջ և մեկ փաթեթով Արցախի ինքնորոշման իրավունքի իրագործման հետ միասին։ Այսինքն այս փաստաթուղթը մեկ ամբողջական փաթեթ էր, որի որևէ բաղկացուցիչ չէր կարող չկատարվել որևէ կողմից։ Մադրիդյան փաստաթուղթը վերջանական պայմանագիր չէր, վերապահումներով էր ընդունվել մեր կողմից, սակայն աշխատանքային հիմք ու սկզբունքներ էր հետագա փաստաթղթի մշակման համար:

2011թ․-ի հունիսին Կազանում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ որոշակի փոփոխություններով պետք է ստորագրվեր այդ փաստաթուղթը։ Սակայն, Ադրբեջանը հերթական անգամ այն վիժեցրեց՝ նախապես համաձայնեցված տեքստում մեկ տասնյակից ավելի նոր փոփոխություններ առաջարկելով։ Մենք հերթական անգամ կառուցողական դուրս եկանք, Ադրբեջանը՝ հակառակը։

2016 թ-ին, Իլհամ Ալիևի սանձազերծած ապրիլյան պատերազմից հետո, նախ՝ Վիեննայում, ապա Սանկտ Պետերբուրգում ԵԱՀԿ առաջարկով ամրագրվեցին ռազմական գործողությունների վերսկսումը կանխող մեխանիզմների ներդրման առաջարկները։ Թեև դրանք այդպես էլ կյանքի չկոչվեցին, բայց հայկական դիվանագիտության հաջողությունն էին, քանի որ ուղղված էին Ադրբեջանի կողմից նոր պատերազմի սանձազերծման կանխմանը։

Բանակցությունների տրամաբանությունը փոխվեց 2018 թ-ի ապրիլ-մայիսին, երբ այսպես կոչված «թավշյա հեղափոխության» արդյունքում իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտարարեց, որ բանակցությունները սկսելու է «իր կետից» և չի շարունակելու նախորդներին։ Թե ինչի՞ հանգեցրեց դա, ականատեսն ու մասնակիցն ենք վերջին մեկ ամսում։

Նախկինում և առավել ևս՝ այս օրերին, շատ է խոսվում, թե ինչու՞ հնարավոր չի եղել ժամանակին լուծում տալ, այս հարցը պետք չէր բերել-հասցնել այս օրերին, պետք էր «լուծել-պրծնել», և այլն։ Արցախյան հարցի վերջնական լուծումը, ըստ էության, հնարավոր չի եղել, քանի որ հակամարտության կողմերը պատրաստ չեն եղել դրան և ունեցել են տրամագծորեն հակառակ մոտեցումներ։ Կողմեր ասելով նկատի ունենք նաև հասարակություններին։ Հետևաբար, չպատերազմելու միակ տարբերակը մնում էր ժամանակի մեջ բանակցություններով խնդրի լուծման տարբերակների քննարկումը։ Այդ՝ անցած տասնամյակների ընթացքում Արցախը զարգացավ, ուժեղացավ, այնտեղ ծնվեց և մեծացավ անկախության սերունդ։ Ադրբեջանն իր հերթին այդ ընթացքում իր հասարակությանը մատուցում էր, որ բանակցում են «կորցրածը հետ բերելու համար»։ Սակայն հարցը հասավ պատերազմին, ռազմական բալանսի շեշտակի շեղման՝ բանակցությունների ընդհատման և դրանք վերսկսելու ապակառուցողական մոտեցումների պատճառով:  

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ