29 10 2020

Ինչպիսին էր Հայաստանի տնտեսական կացությունը մինչև պատերազմը սկսվելը

Ինչպիսին էր Հայաստանի տնտեսական կացությունը մինչև պատերազմը սկսվելը

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշները այս տարվա հունվար-սեպտեմբերին։ Այս հրապարակումը ուշագրավ է նրանով, որ ցույց է տալիս Հայաստանի տնտեսական կացությունը մինչև պատերազմական գործողությունները, քանի որ սեպտեմբերի վերջին 3-4 օրը չէին կարող հասցնել ազդել տնտեսական ցուցանիշների վրա։ Ակնհայտ է, որ հաջորդ ամիս հրապարակվելիք ցուցանիշներում, որն ընդգրկելու է նաև հոկտեմբեր ամիսը, արդեն իսկ արտացոլվելու է այդ ամսին պատերազմի թողած ազդեցությունը տնտեսության վրա։

Այսպիսով, այս տարվա առաջին ինը ամիսներին Հայաստանի տնտեսական անկումը շարունակվել է` կազմելով 6,6 տոկոս։ Ըստ տնտեսության առանձին ճյուղերի, պատկերը հետևյալն է՝ արդյունաբերությունում աճը պահպանվել է 1 տոկոսի սահմաններում, ինչը պայմանավորված է բացառապես հանքարդյունաբերության աճով։ Ցավոք, մշակող արդյունաբերությունում անկում է եղել ութ ամիսների հրապարկված ցուցանիշով և վիճակը էապես չի փոխվի նաև երբ հրապարակվեն ինը ամիսների ճշգրտված ցուցանիշները։

Խոստացված «բումի» փոխարեն և հակառակ «Հայաստանը վերածվել է մեծ շինհրապարակի» հավաստման, շինարարությունում անկումը խորանում է։ Եթե հունվար-օգոստոսի տվյալներով այն 9,1 տոկոս էր, ապա հունվար-սեպտեմբերին՝ 15,7 տոկոս։ Իրականությունն ինքնին խոսուն է։

Առևտրի ոլորտում  անկումը գրեթե նույն է, ինչ մեկ ամիս առաջ՝ 11,4 տոկոս։ Փոխարենը անկումը շարունակել է խորանալ ծառայությունների ոլորտում, կազմելով 11,7 տոոկոս։

Մյուս ճյուղը, որտեղ աճ է արձանագրվել գյուղատնտեսությունն է։ Ըստ վիճակագրական կոմիտեի, այստեղ ինը ամիսների ընթացքում ունեցել ենք փոքրիկ՝ 0,5 տոկոս աճ։ Հիշեցնենք, որ գյուղատնտեսական տվյալները հրապարակվում են եռամսյակը մեկ։ Միաժամանակ նշենք, որ այս ճյուղի տվյալները մշտապես ամենավիճելի են եղել։ Այսպես, թե այնպես, գյուղմթերքների գներից տեսանելի էր, որ այս տարի բերքը սակավ է եղել։ Վեց ամսվա տվյալներով աճը ներկայացվել է, հիմնվելով հիմնականում երեք ապրանքների՝ թռչնամսի, ձվի և կարտոֆիլի արտադրության ծավալների աճի վրա։ Ամենայն հավանականությամբ, ինը ամսվա տվյալների մեջ վերոնշյալ ապրանքներին ավելացել է խաղողի բերքը, որն այս տարի բարձր էր։ 

Ինչ վերաբերվում է արտաքին առևտրին, ապա այստեղ նույնպես վիճակը բարվոք չէ։ Արտահանումը նվազել է 4,4 տոկոսով, ներմուծումը՝ 13,7 տոկոսով։

Ամփոփելով, հարկ է նշել, որ ցավոք, պատերազմին մենք բախվեցինք տնտեսական անկմամբ։ Այդ անկումը մասամբ է պայմանավորված կորոնավիրոսուվ։ 2017 թ․-ին և 2018 թ․-ի առաջին ամիսներին բարձր տնտեսական աճի տեմպը դրան հաջորդած երկուսուկես տարվա կառավարման կոպիտ սխալների և տնտեսական քաղաքականության բացակայության պատճառով նվազեց, իսկ կորոնովիրուսի համավարակն էլ հանգեցրեց տնտեսական անկման։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ