27 10 2020

20 հարց վարչապետ Փաշինյանին՝ երեկվա լայվից հետո

20 հարց վարչապետ Փաշինյանին՝ երեկվա լայվից հետո

ՀՀ վարչապետի՝ հոկտեմբերի 26-ի ուղիղ եթերից հետո հարցեր են առաջանում մեզ, Հայաստանի շատ քաղաքացիների ու Սփյուռքի հայրենակիցների մոտ։ Այդ հարցերի մի մասը ձևակերպենք՝ ակնկալելով վարչապետի արձագանքը հաջորդ իսկ լայվի ժամանակ։

Եվ ուրեմն․

  1. Ի՞նչ ցավոտ փոխզիջման մասին եք ակնարկում, ի՞նչն եք պատրաստ փոխզիջել։ Ինչի՞ եք պատրաստում պատերազմի դաշտ շտապող զինվորներին ու կամավորներին՝ հաղթանակի՞, թե՞ ցավոտ փոխզիջումների
  2. Ձեր կարծիքով, ի՞նչ զգացում կունենա պատերազմի շտապող զինվորն ու կամավորականը «ցավալի փոխզիջման» մասին լսլեով՝ ձեզանից․ մանավանդ որ նա կռվում է մի հողի համար, որը հնարավոր է՝ փոխզիջվի։
  3. Արդյո՞ք հնարավոր չէր բանակցային երկուսուկես տարվա ընթացքում այդ փոխզիջումն անել առանց զոհի և պատերազմի։ Եթե ոչ, ապա ինչո՞ւ է այսօր հնարավոր, արդեն՝ զոհերով, իսկ այն ժամանակ՝ ոչ։
  4. Արդյո՞ք ժողովուրդը տվել է համաձայնություն «ցավոտ փոխզիջումների» համար, ինչո՞ւ եք դա ասում ժողովրդի անունից։ Արդյո՞ք ունեք և երբ ու որտե՞ղ եք ստացել նման մանդատ։
  5. Արդյո՞ք ճիշտ է պատերազմի և դրա հետևանքների մեղքը հանրության վրա բարդելը․ հանրությունն ինչո՞ւմ է մեղավոր։ Արդյո՞ք հանրությունը ցույց է տվել որևէ առիթով, որ անթասիբ է։
  6. Զինվորը գնում է պատերազմ պաշտպանելու «ցավոտ փոխզիջման թե՞զը», թե՞ որ բանը չհասնի կապիտուլյացիայի, ինչպես նշեցիք Ձեր եթերում
  7. Սփյուռքում եռացող հայրենասիրությունից դրդված անձանց Արցախ՝ պատերազմի դաշտ բերելու համար ի՞նչ ջանքեր է գործադրել կառավարությունը, մինչ օրս սփյուռքահայերով լեցուն քանի՞ ինքնաթիռ է Հայաստան եկել՝ պատերազմ մեկնելու համար։
  8. Արդյո՞ք այս ընթացքում գործողություններ են կատարվել Սփյուռքում գտնվող, բայց պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած տղամարդկանց վարքագծին գնահատական տոլու ուղղությամբ, ինչպես կատարեցիք Դուք կորոնավիրուսի տեղեկանքի կեղծման դեպքի հետ կապված։
  9. Արդյոք վարչապետի կողմից հայտարարությունները, թե մեզ մոտ թասիբ ու հայրենասիրությունը բավարար մակարդակի վրա չէ, զինկոմիսարիատների մոտ հերթեր չկան, թշնամի պետության մոտ չե՞ն պախարակում մեզ և տպավորություն ստեղծում, թե հայ ժողովրդին զոռով են տանում հայրենիքի համար կռվելու։
  10. Համաձայն ՀՀ Սահմանադրության 155-րդ հոդվածի 4-րդ կետի, վարչապետը Զինված ուժերի գերագույն հրամանատարն է պատերազմի ժամանակ։ Հայաստանը պատերազմ չի հայտարարել որևէ երկրի, չի գտնվում Պատերազմական վիճակում, բայց գտնվում է Ռազմական դրության մեջ, սակայն ձեզ հայտարարում եք Գերագույն հրամանատար, այդ թվում՝ վերջին լայվի ընթացքում։ Արդյո՞ք Դուք եք տվել մինչ այս բոլոր հրամանները ռազմական գործողությունների ժամանակ։
  11. Հայաստանն ունի կանոնավոր բանակ և ինչպես նաև Դուք էիք հայտնել, համարվում է տարածաշրջանում ամենամարտունակ բանակը․ այդ դեպքում ինչո՞ւ ենք պատերազմի առաջին օրվանից խոսում կամավորների մասին։
  12. Արդյո՞ք, Ձեր կարծիքով, ժողովուրդն է կրելու սպասվող բանակցությունների, դիվանագիտական դաշտում հարցերի ու պատերազմի սկսման բեռը հետագայում։
  13. Պատերազմի մեկնող կամավորականն ի՞նչ սոցիալական երաշխիքներ ունի, ի՞նչ աջակցություն է տրվելու կամավորի ընտանիքին նրա զոհվելու կամ վիրավորվելու պարագայում։ Ինչո՞ւ այդ մասին չի հայտարարվում այսօր, որպեսզի կամավորականը իմանա՝ իր ընտանիքն ապահովված կլինի և կարողանա մեկնել պատերազմ առանց անհանգստանալու ընտանիքի մասին։
  14. Ասում եք, որ եթե ժողովուրդը պահանջի, անձամբ կգնաք պատերազմ, ինչպե՞ս եք չափելու «ժողովրդի պահանջ» կոչվածը։
  15. Արդյո՞ք պատերազմում բեկում չի կարող մտցնել ՀՀ և Արցախի նախկին նախագահների գիտելիքները, փորձը, կապերը ի շահ երկրի ծառայեցնելը և 15 կուսակցությունների հայտարարած շտաբը ստեղծելը։
  16. Դուք հայտարարում էիք, որ բանակցությունները սկսելու եք ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ ձեր սեփական կետից․ ո՞րն էր ձեր կետը և արդյո՞ք այն արդյունավետ է օգտագործվել, ըստ Ձեզ։
  17. Արդյո՞ք հանրությունն իրավունք չունի տեղեկանալու, թե հանուն ինչի է կռվում, ինչ է զիջելու, ինչի շուրջ է բանակցվում, որն է «ցավոտ փոխզիջումը»։
  18. Դուք բազմիցս հայտարարել եք, որ Ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի Հայաստանի, Արցախի և ադրբեջանի ժողովրդին ընդունելի տարբերակով։ Այդ հայտարարություններն անելիս արդյո՞ք մտածում էիք, որ Հայաստանին ու Արցախին ընդունելի տարբերակը ցավոտ փոխզիջումն է, իսկ ադրբեջանին ընդունելի տարբերակը՝ կապիտուլյացիան, ինչպես ասում եք այսօր։
  19. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ թշնամին մոտեցել է Սյունիքի դարբասներին։ Ադրբեջանական և թուրքական ահաբեկչական ուժերը բազմիցս խոցել են նաև Հայաստանի սահմանամերձ շրջանները։ Ինչո՞ւ Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին կամ Ռուսաստանին՝ գոնե Հայաստանի սահմանային անվտանգությունը պաշտպանելու համար։
  20. Ժողովուրդը ձեզ տվել էր բարձր լեգիտիմություն՝ ապահովելու համար նաև 1994 թվականից պահպանվող թեկուզ փխրուն խաղաղությունը։ Արդյո՞ք այս օրերին վերլուծել եք՝ ինչո՞ւ, ի վերջո, բանը հասավ լայնամասշտաբ պատերազմին։

 

 

 

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ