26 10 2020

4 քայլ, որոնք կկանխեն կորոնավիրուսի տարածումը

4 քայլ, որոնք կկանխեն կորոնավիրուսի տարածումը

Կորոնավիրուսի տարածումը Հայաստանում ահագնացող չափերի է հասել։ Սա լրջագույն մարտահրավեր է ծանր պատերազմի մեջ գտնվող մեր երկրի համար։ Մխիթարանք չի կարող համարվել այն փաստը, որ ամբողջ աշխարհում է վարակվածների թիվն անշեղորեն աճում։ Նրանք ովքեր չեն հավատում և վստահություն չունեն իշխանությունների և հրապարակված պաշտոնական ցուցանիշների նկատմամբ, իրականության մեջ համոզվելու համար պետք է ականջալուր լինեն առողջապահության  ոլորտի ահազանգ հնչեցնող հեղինակավոր մասնագետներին, անձամբ փորձեն տեղեկություններ ստանալ հիվանդանոցներում կորոնավիրուսով հիվանդների թվի և նոր հիվանդներ ընդունելու անհնարինության մասին։ Մեր բուժաշախտատողներն այժմ ծանրաբեռնված են ռազմաճակատից բերված վիրավոր զինծառայողներով։ Չի կարելի նրանց համար հավելյալ ծանրաբեռնվածություն ստեղծել։

Հրատապ անհրաժեշտություն է վարակի տարածումը կանխող քայլեր ձեռնարկելը։ Ընդ որում, անթույլատրելի է, որ կառավարությունն ամբողջ պատասխանատվությունը բարդի բնակչության վրա։ Բնակչությունը պետք է  կատարի իր բաժին կանխարգելող քայլերը, կառավարությունը՝ իր բաժինը։

Բնակչությունը, այսինքն մենք բոլորս պետք է պահպանենք երեք հիմնական կանոնները՝ կրել դիմակ (հատկապես փակ և չօդափոխվող տարածքներում), պահպանել անհրաժեշտ հեռավորություն և հաճախակի ախտահանել ձեռքերը։ Սակայն, դա բավարար չէ վարակի տարածումը կանխելու համար։ Իշխանությունն էլ իր անելիքներն ունի։ Որո՞նք են դրանք։

1․ Մարդու մոտ վարակի առաջին իսկ ախտանշանների դեպքում հարկ է իրականացնել արագ թեստավորում՝ պետպատվերով և անվճար։ Չի կարելի սպասել մինչև մարդու ջերմությունը դառնա 38-39, իսկ մյուս ախտանշանները՝ ակնհայտ, որպեսզի նոր անցկացվի թեստավորում։ Հակառակ դեպքում, վարակի առաջին նշաններից մինչև դրա ակնհայտ դառնալը վարակակիրը հասցնում է վարակել նաև իր շրջապատին՝ ընտանիքի անդամներին, հարևաններին և իր հետ շփում ունեցած այլ անձանց։ Եթե սա չարվի, մնացած բոլոր միջոցառումները պարզապես անարդյունավետ կամ սակավ արդյունավետ կլինեն։

2․ Վերոնշյալին զուգահեռաբար դարձյալ պետպատվերով պետք է թեստավորել բոլոր կոնտակտավորներին՝ նրանց ովքեր այս կամ այն կերպ շփում են ունեցել վարակվածի հետ։ Վճարովի թեստավորման գնի իջեցումը 5 հազար դրամով ոչ մի արդյունք չի տալու։ Թեստավորման հարցում ընդհանրապես չի կարելի գումարներ խնայել՝ հետագայում տասնապատիկ ավելին է ծախսվում բուժման համար և, ցավոք, ոչ բոլոր դեպքերում է այդ բուժումը ավարտվում դրական ելքով։

3․ Հատկապես մայրաքաղաքում, ի վերջո, պետք է ապահովել հասարակական տրանսպորտի առանց գերբեռբելու երթևեկությունը։ Ոչ մի դիմակ և ձեռքերի ախտահանում չի օգնի, եթե մենք, այսպես ասած, իրար վրա լցված, իրար քիթ ու բերան մտած ենք երթևեկում հասարակական տրանսպորտով։ Երևանի քաղաքապետարանը պարզապես պարտավոր է այս հարցին լուծում տալ։ Լուծումը ևս առաջարկել ենք՝ մայրաքաղաքի երթուղիները սպասարկող տրանսպորտային կազմակերպություններին ազատել հարկերից, այսինքն՝ հավելյալ ծախսերից, ապա խստորեն պահանջել, որպես նրանք ավելի հաճախակի դուրս գան երթուղի և երթևեկեն առանց գերբեռնման։ Բնականաբար, դա կբերի քաղաքային բյուջեի եկամուտների նվազմանը, սակայն գոնե այս ճգնաժամային պահին քաղաքապետարանի աշխատակազմն ու հատկապես նրա ղեկավար կազմը կարող է հրաժարվել իր պարգևավճարներից։ Կա նաև այլ տարբերակ՝ ամբողջությամբ քաղաքապետարանն իր վրա է վերցնում հասարակական տրանսպորտի կազմակերպումը՝ հաշվի առնելով պատերազմական վիճակն ու համավարակի տարածումը և անհրաժեշտ ծախսեր կատարելով, ապահովում դրա անխափան և առանց գերբեռման գործունեությունը։

4․ Պակաս կարևոր չէ նաև փողոցների, շենքերի, հասարակական տրանսպորտային միջոցների ախտահանումը, որը իրականացվել է բազմաթիվ այլ երկրներում, բայց այդպես էլ չիրականացվեց Հայաստանում։ 

Առավել քան համոզված ենք, որ վերոնշյալ չորս միջոցառումների անցկացումը շատ ավելի լուրջ արդյունք կտա կորոնավիրուսի դեմ պայքարում, քան թե միայն բնակչությանը պարտադրվող պահանջները։ Ավելի քան 9 ամիս է անցել Հայաստանում կորոնավիրուսի հայտնվելուց ի վեր, սակայն վերոնշյալ քայլերն այդպես էլ կյանքի չեն կոչվել։ Մյուս կողմից էլ մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ ցանկացած պարագայում բնակչությունը պարտավոր է պահպանել վարակի տարածումը կանխելուն  կոչված կանոները, որոնք նշվեցին  վերևում։

Արա Մարտիրոսյան   

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ