19 09 2020

Է՞լ ինչ փաստեր են պատրաստ կեղծել լևոնականները

Է՞լ ինչ փաստեր են պատրաստ կեղծել լևոնականները

 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սեպտեմբերի 18-ին հանդես եկավ ծավալուն քննարկմամբ քաղաքագետների հետ և ներկայացրեց բավականին ուշագրավ դրվագներ ղարաբաղյան հարցից, իր ղեկավարման տարիներին բանակցություններից, այժմ երևացող իրավիճակից։ Սա զրույց-քննարկում էր, որն անդրադարձավ իրականությանն ու առասպելներին, բանակցային նրբություններին, նրան, թե ինչպես պետք է առաջ շարժվել, ով կարող բանակցել, ինչպես պետք է բանակցել, որ գծերն են, որ անթույլատրելի է հատել այդ գործում։

Ռոբերտ Քոչարյանի՝ արցախյան բանակցային փուլը միշտ աչքի է ընկել նրանով, որ որևէ զիջման Հայաստանը չի գնացել և կարողացել է պատերազմում հաղթած, բայց բանակցություններում չգիտես ինչու զիջող տերպետրոսյանական Հայաստանին նաև դիվանագիտական հարթակում բերել ուժեղ դիրքերի։ Բայց դա հանգիստ չի տվել հատկապես առաջին նախագահի շրջապատին ու կողմնակիցներին, քանի որ հատկապես երկրորդ նախագահի՝ արցախյան հարցում բանակցային քաղաքականության արդյունքում ավելի է ընդգծվել տերպետրոսյանական պարտվողական գիծը։ Նախորդ ժամանակաշրջանում նրանք միշտ ստեր են հորինել ու նետել քաղաքական դաշտ, փորձել հանրությանը գրավել դրանցով։ Նույնը փորձ արվեց նաև սեպտեմբերի 18-ի հրապարակված հանդիպումից հետո։

Ռոբերտ Քոչարյանի երկժամանոց հանդիպման մի շարք կարևոր դրույթներից, ուշագրավ պատմություններից ու փաստերից կառանձնացնենք երեքը, որոնց մասին առասպելներ են հորինվել և զարմանքով պետք է արձանագրել, որ մինչ օրս չեն դադարում, չնայած պատմական փաստերին, հերքումներին և այլն։

Առասպել 1 Ընդհանուր պետության գաղափար

Այս գաղափարը շատ է ծամծմվել ու էլի բամբասանքներ տարածել տերպետրոսյանական շրջանակը։ Կան մարդիկ, որոնք հրապարակ են նետում, օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցության անդամ Լևոն Զուրաբյանի տեսակետը, թե՝ «Ընդհանուր պետության» առաջարկը, որով Լեռնային Ղարաբաղն ընդհանուր պետություն էր կազմում Ադրբեջանի հետ`վերջինիս «միջազգայնորեն ճանաչված սահմաններում», առանց վերապահումների, պաշտոնական պատասխան–նամակով համաձայնություն է տվել Ռոբերտ Քոչարյանը և պաշտոնապես և գրավոր համաձայնել է Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանին։

Հարց է առաջանում, եթե համաձայնվել էին, «առանց վերապահումների», «պաշտոնական պատասխան–նամակով» և այլն, բա ինչու՞ վերջը չտվեցին, ո՞վ խանգարեց, չլինի՞՝ դուք։ Այս հարցերի պատասխանը նրանք չունեն, քանի որ գոնե տրամաբանված չեն ստում։

Այդ շրջանակները նաև հղում են անում մի ինքնահռչակ պատմիչի, որը  բանակցությունների մասնակից չի եղել, ո՛չ շարժման կամ պատերազմի, ոչ էլ որևէ բանակցային հանդիպման է ներկա եղել, սակայն բանակցությունների մասին գիրք է գրել, հրատարակել՝ հիմնականում ներկայացնելով տեղեկություններ, որոնք տեղեկատվական դաշտ էին նետվում առաջին նախագահի շրջանակների կողմից։ Իսկ որ առաջին նախագահը 1998-ից ի վեր չի բանակցել և ոչ էլ տեղեկացված է եղել ընթացիկ քննարկումներից, կարծում եմ՝ պարզ է։ Ինչևէ։

Ի դեպ, այդ գրքի հեղինակը երկար տարիներ աշխատում է նախկին ԱԳՆ Վարդան Օսկանյանի կողմից հիմնած հիմնադրամում, և, վստահաբար, հնարավորություն ունեցել է Օսկանյանի խոսքերից կազմել պատկերացում իրադարձությունների մասին, սակայն նրա գրածն ու Վարդան Օսկանյանի գրածը՝ իր գրքում, տրամագծորեն տարբեր են։  

Իսկ ի՞նչ է եղել իրականում։ Երկրորդ նախագահը սեպտեմբերի 18-ի հանդիպման ժամանակ անդրադառնալով «Ընդհանուր պետության» գաղափարին, ասում է․ «Ընդհանուր պետության գաղափարն առաջացել է ոչ թե ամերիկացիների, այլ ռուսական կողմի մոտ։ Առաջարկը հնչեցրել է Եվգենի Պրիմակովը։ Եթե չեմ սխալվում, եղել է 1998 թիվը, ամռան սկիզբ։ Ինքը դեյթոնյան մոդելի պես էր․․․ Իմաստը հետևյալի մեջ է երկու անկախ միավոր ստեղծում են ընդհանուր պետություն։ Ըստ էության կոնֆեդերացիա է, բայց մի պահ պատկերացրեք, որ նշանակված է ներկայացուցիչ, որն ունի ՄԱԿ-ի մանդատ և բարձրագույն իշխանությունն է, կարող է դատարանների որոշումը բեկանել․․․ Ստեղծված են երկու ինքնուրույն պետություն և մի ձևական մարմին, որը ցույց է տալիս, իբր այդ երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանված է։ Այդ մոդելը Ռուսաստանը փորձել է կիրառել առանց այդ գերագույն ներկայացուցչի, առաջարկելով վրացիներին՝ վրաց-աբխազական, եւ վրաց-հարավօսական հակամարտությունը կարգավորելու համար։ Վրացիները կատեգորիկ մերժեցին եւ դրանից հետո Պրիմակովն այդ տարբերակն առաջարկեց մեզ։ Գիտեմ նաև սրա շուրջ բամբասանքները, թե Հայաստանը համաձայնվել է և այլն։ Այն ժամանակ ես խորը ուսումնասիրել եմ Դեյթոնի համաձայնագիրը եւ պատասխանել եմ Պրիմակովին՝ ոչ այո, ոչ էլ ոչ։ Ես համոզված էի, որ Ադրբեջանն ընդհանրապես չի քննարկելու այս հարցը, որովհետեւ դուք ասում եք, որ 7 մլն Ադրբեջանը պետք է համաձայնի 150 հազար հայկական բնակչություն ունեցող Ղարաբաղի հետ ստեղծել միասնական պետություն։ Ամեն մեկն իր համար ու Ղարաբաղը 150 հազարով այլ պետության 50 տոկոսանոց բաժնետեր է դառնում։ Եվ ուժ կիրառելու որեւէ բանաձեւ չկա, կամավոր սկզբունքով Ադրբեջանը պետք է համաձայնվի՞։ Դա ոչ թե լավ կամ վատ է մեզ համար, ես ոչ այո եմ ասում, ոչ էլ՝ ոչ։ Կարելի է այդ հարցը քննարկել, եթե դուք Բաքու թռնելուց հետո ասեք, որ Ադրբեջանը պատրաստ է այս հարցն ընդհանրապես քննարկել։ Այսպիսի դիվանագիտական պատասխան է եղել։ Ինքը միանգամից մեկնեց Բաքու, վերադարձավ Մոսկվա, այնտեղից զանգեց ասաց, որ կատեգորիկ մերժեցին, եւ թեման փակվեց։ Նույնիսկ փաստաթուղթ չի եղել։ Եղել է գաղափար մի էջի վրա, ուղղակի նկարագրված։ Սա է ընդհանուր պետության ամբողջ թեման, որը մեկ-մեկ շահարկվում է այնպիսի ձևավորումներով, որ ուղղակի զարմանում եմ և ասում լավ, էս մարդիկ սա որտեղի՞ց են վերցրել»։

«Ընդհանուր պետության» մասին գրում է նաև այդ ժամանակ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը (05 մարտի, 2012թ․) որը ներկայացնում է արդեն, Պրիմակովի առաջարկի և Ադրբեջանի մերժումից հետո, Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկելու դրվագը։ Իր գրքում նա գրում է․ «1998թ. նոյեմբերին, Մինսկի խմբի համանախագահները կողմերին ներկայացրին «ընդհանուր պետության» առաջարկը: Հայաստանն ու Ղարաբաղը նոր էին պատրաստվում կարծիք հայտնել փաստաթղթի առնչությամբ, երբ Ադրբեջանն այնպես հապճեպ ու կտրուկ մերժեց այն, որ արդեն անիմաստ էր ինչ-որ բան ասել: Իհարկե, «ընդհանուր պետության» վերաբերյալ փաստաթուղթը ընդունելի չէր նաեւ հայկական կողմի համար՝ չնայած, որ դրանում փորձ էր արվում Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ զուտ հորիզոնական կապեր հաստատել, դրա մի քանի դրույթներ Ղարաբաղին լուրջ կախվածության մեջ էին դնում Ադրբեջանից: Սակայն, մեծ հաշվով, դա ևս մեկ կարևորագույն քայլ էր` լիսաբոնյան ընկալումները և միջազգային հանրության կողմից տարածքային ամբողջականության գերակայության վերաբերյալ կարծրատիպը վերացնելու ճանապարհին»:

Կարծես թե ամեն ինչ հասկանալի է, բայց՝ ոչ առաջին նախագահի կողմանկիցների համար։

 

Առասպել 2 Մեղրու փոխանակում

Հաջորդ միֆը, որ հայտնի շրջանակները տարածել են, թե՝ Ռոբերտ Քոչարյանը բանակցում էր Մեղրին տալու շուրջ։ Բազմիցս հերքվել է, ներկայացվել իրականությունը՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի, տարբեր քաղաքական գործիչների ու քաղաքագետների կողմից, այդ թեմային հանգամանալից անդրադարձել ենք մենք ևս, բայց միևնույն է՝ թեզը համառորեն շրջանառվում է։ Բնականաբար, կշրջանառվի, քանի դեռ այդ թեզի տարածողներից է, օրինակ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս մամուլի ասուլիսի ժամանակ ասում է․ «Քոչարյանը ո՞վ ա, էն որ Մեղրին փոխանակելու ծրագի՞ր էր քննարկում»։ Որպես այժմ գլխավոր բանակցող, սույն պարոնը պետք է բոլորից լավ իմանար, թե ինչ է իրականում բանակցվել։ Հենց դրա համար էլ պնդում ենք, որ Նիկոլ Փաշինյանը մինչ իրեն եղած բանակցությունների փուլին չի ծանոթացել։ Երկար փաստաթղթեր են, երևի չի ուզեցել ծանրաբեռնել իրեն, բավարարվել է իր սիրած դեղին մամուլի մակարդակի տեղեկատվությամբ։ Ինչևէ։

Ռոբերտ Քոչարյանը նույն հանդիպմանը պատմում է․ «Քի-Վեստում Հեյդար Ալիեւը վերջին պահին հրաժարվեց ստորագրել պատրաստ պայմանագիրը, եւ հրաժարվելու մասին հայտարարեց հենց այնտեղ, երբ որ Քոլին Փաուելը բացեց այդ հանդիպումը։ Նրանց համար անակնկալ էր։ Ես նայում էի ամերիկացիների դեմքերին։ Պատասխանատուն Քերի Քավանոն էր, քրտնած էր։ Ես գրքում նկարագրել եմ այդ դրվագները։ Անակնկալի են եկել բոլորը։ Բայց այն ժամանակ մոտ մեկ շաբաթ ես տեսնում էի, որ Հեյդար Ալիևը գալու է և հրաժարվի։ Ես երկու անգամ դեսպանին հրավիրել եմ և ասել, որ այն քննարկումները, որոնք կազմակերպվել էին Ադրբեջանի խորհրդարանում, ուղղակի հուշում էին, որ հող է նախապատրաստվում հրաժարվելու համար։ Չլսեցին հիմա ստացան էն, ինչ որ ստացան։ Այդ կարգի մոտիկ հարցի կարգավորմանը երբեք չենք եղել մինչ այդ և դրանից հետո․․․

Որքան հիշում եմ, Վարդան Օսկանյանը նույնիսկ հրապարակել էր իր գրքում այդ փաստաթուղթը։ Դա, ըստ էության, Ադրբեջանի կողմից Ղարաբաղից հրաժարվելն էր։ Ղարաբաղը միանում էր Հայաստանին։ Մեր զիջումն այն էր լինելու, որ մենք համաձայնվում ենք Մեղրու շրջանում սուվերեն ճանապարհի իրավունք տալ։ Նույնիսկ այն ժամանակ այդ ճանապարհի մոդելավորումը ցույց տվեցին։ Դա հիմնականում լինելու էր թունել-էստակադաների տեսքով։ Մոտավորապես նման բան կա Բալկաններում այն ճանապարհը, որը կապում է Դուբրովնիկը Խորվաթիայի մյուս մասի հետ։ Դուբրովնիկը անկլավ է Բոսնիա-Հերցեգովինայի տարածքում, եւ մոտավորապես նման կարգավորում կա այնտեղ»։

Հանդիպման մասնակից քաղաքագետ Երվանդ Բոզոյանը հարցնում է․ «Պարոն նախագահ, կարո՞ղ ենք ասել, որ դա Ղարաբաղը ճանապարհի դիմաց գործարքի նման բան էր, որովհետեւ հասարակության մեջ տարբեր միֆեր են շրջանառվում՝ Մեղրիի շրջան եւ այլն։ Կուզենայի մանրամասնեք, որպեսզի հասարակությանը պարզ լինի, ինչի՞ շուրջ էր այդ գործարքը»։

Ռոբերտ Քոչարյանն պատասխանում է․ «Այո, Ղարաբաղը միանում էր Հայաստանին։ Հետաքրքիրը գիտե՞ք ինչն էր։ Ղարաբաղի անկախությունը նրանց համար ավելի դժվար էր ընկալվում, քան Հայաստանին միանալը։ Գուցե տարօրինակ հնչի, բայց այն ժամանակ, իմ տպավորությունը սա էր։ Այո, նրանք, իհարկե, ուզում էին տարածքների փոփոխություն, և Ալիևը հայտնել էր այդպիսի ցանկություն։ Սրա մասին ես նույնպես գրքում գրել եմ, բայց մենք բանակցել ենք միայն սուվերեն ճանապարհի մասին, և այդ ճանապարհի իրավունքն էր այն ենթադրյալ պայմանագրի նախագծում, որը կարող էր ստորագրվել Քի-Վեստում։ Եվ դրա դիմաց բացվում էին նաև բոլոր ճանապարհները, կոմունիկացիաները։ Այդ դեպքում պետք է բացվեր նաև ճանապարհը Ադրբեջանից Նախիջևան։ Ուղղակի տվյալ դեպքում սուվերեն իրավունքը ենթադրում է, որ դու չես որոշում, ինքը կարող է օգտվել այդ ճանապարհից, թե ոչ։ Միևնույն է, այդ ճանապարհները պետք է բացվեին, այդ միջանցքից նրանք կօգտվեին, ուղղակի այդ օգտվելու երաշխիքների հարցն էր»։

 

Առասպել 3 Ո՞վ Արցախը դուրս թողեց բանակցություններից

Հայաստանում լևոնական, իսկ հիմա նաև նիկոլական շրջանակները հայտարարում են, թե բանակցություններից Արցախը դուրս է թողել Ռոբերտ Քոչարյանը։ Այս թեմային միշտ եղել են արձագանքներ, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ, այստեղ, այստեղ և այստեղ։ Բայց նախագահ Քոչարյանն ինքը շատ հստակ ներկայացնում է ընթացքը․

«Ե՞րբ Ղարաբաղը դուրս մնաց։ Լիսաբոնի գագաթաժողովից հետո (03 դեկտեմբերի, 1996 թվական, խմբ․)։

Ըստ էության, 1997 թվականի ընթացքում ես չեմ հիշում որևէ հանդիպում՝ Ղարաբաղի մասնակցությամբ, և այդ ֆորմատը ուղղակի դուրս մնաց բանակցային գործընթացից։ Ոչ թե ես փոխարինեցի մեկին։ Ես շարունակել եմ այն հանդիպումները, որոնք մինչեւ ինձ ունեցել է առաջին նախագահը, եւ ինձանից հետո՝ երրորդ նախագահը։ Առանձին բանակցային գործընթաց շատ ակտիվ սկսվել էր 1995 թվականին, նախագահների խորհրդականներ Ժիրայր Լիպարիտյանի եւ Վաֆա Գուլուզադեի միջեւ։ 1995-1996 թթ -ին հանդիպել են, եթե չեմ սխալվում, 11 անգամ։ Եվ այն ժամանակ բոլոր հանդիպումներից հետո հանդիպումների մասին Արկադի Ղուկասյանին Ժիրայր Լիպարիտյանն էր պատմում, կամ, եթե ես Երեւանում էի, ինձ հետ էր հանդիպում եւ պատմում՝ թե ինչ են բանակցել։ Այսինքն, կար առանձին ֆորմատ, եւ իրենք ընդունում էին, նաեւ Ժիրայր Լիպարիտյանն էր իր հարցազրույցներում մի քանի անգամ նշել, որ տեսնում են, որ գործընթացը փակուղու մեջ է, եւ մտածել են այդպիսի առանձին ֆորմատով միգուցե որոշակի լուծումներ գտնեն։ Ավարտվեց այդ գործընթացը լիսաբոնյան որոշումներով, որտեղ Հայաստանը ուղղակի մնաց մենակ։ Իմ տպավորությամբ, հայկական կողմից բանակցողները չէին հավատում, որ Ղարաբաղը կարող է ընդհանրապես ճանաչվել՝ որպես անկախ պետություն։ Ես քանի անգամ քննարկել եմ այդ հարցը Ժիրայր Լիպարիտյանի հետ։ Շատ բարձր ինտելեկտի տեր մարդ է, անկասկած, բայց ես տեսնում էի, որ այդ մարդը չի հավատում, որ մենք կարող ենք հասնել մեր հռչակած նպատակներին։ Ուղղակի չէր հավատում։ Այսպես է ըստ էության վերացել ֆորմատը»։

Հիմա ով ինչ ասի, փաստ է այն, որ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ նախագահ է ընտրվել 1998 թվականին։ Արդեն 1997 թվականին, այսինքն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք, Հայաստանն ու Ադրբեջանը Ղարաբաղի հարցը քննարկել են առանց Արցախի մասնակցության և ըստ էության՝ Լեռնային Ղարաբաղը արդեն 1997-ին բանակցություններից դուրս է թողնված եղել։ Կարծում եմ, ակնհայտ է, որ այդ բանակցությունները, որ վարվել են արդեն այդ ժամանակ երկու կողմերի միջև, չէին կարող բավարարել Ղարաբաղյան կողմին։ Բայց վարվել են, իսկ այսօր նույն իրենց կողմից ներկայացվում են գլխիվայր շուռ տված։

Ի դեպ, մամուլի այն ժամանակվա հրապարակումներում, նույն Ժիրայր Լիպարիտյանը խոսում է, որ ամեն բան անում են որպեսզի Ղարաբաղի ներկայացուցիչները ևս մասնակցեն բանակցություններին, բայց դեռևս չի ստացվում։ Լիպարիտյանն առաջին նախագահի խորհրդականն էր մինչ վերջինիս հրաժարականը։ 

Հիմա ո՞ւմ հավատալ այսքանից հետո, մարդկանց, որոնք եղել են անմիջական մասնակի՞ց, թե՞ մարդկանց, որոնք չեն կարողացել բանակցել, Հայաստանը եղել է դիվանագիտական թույլ դիրքերում, և հիմա, փոխանակ ուրախանալու, որ իրենց սխալները շտկող է եղել, ընդհակառակը, շարունակում են ապատեղեկատվություն տարածել։ 

Տեսեք, երկրորդ նախագահը, օրինակ, նշում է, որ իր պաշտոնավարման ավարտից ի վեր Արցախի մասին փաստաթղթերին, բանակցությունների մանրամասներից տեղյակ չէ, չի կարող խոսել, կարող է մեկնաբանել, վերլուծել այն, ինչ հրապարակվում է, կամ հայտարարվում, բայց ոչ ավելին։ Նույնը կարելի է ասել նաև առաջին ու երրորդ նախագահների մասով, նրանք խորությամբ գիտեն իրենց պաշտոնավարման ժամանակներից բանակցություններից միայն։ Իսկ այդ փուլի մասին ամենավստահելի աղբյուրը ո՞րն է, եթե ոչ անմիջական մասնակիցը։

Ես չեմ կարող լսել որևէ մեկի տեսակետը մինչ 2008 թվականի ապրիլը, քան Ռոբերտ Քոչարյանի, Վարդան Օսկանյանի, որոնք անմիջական մասնակից են եղել։ Կա՞ որևէ մեկը, որ կասկածի տակ հայտնի երկրորդ նախագահի՝ բանակցություններում վճռականությունը, հայանպաստ որոշումները (հիմա, օրինակ, վարչապետը մասնակցում է բանակցությունների և խոսում Ադրբեջանի ժողովրդի օգտին խնդրի կարգավորման, բանակցելու, հետո փաստաթղթից հրաժարվելու և այլ բաների մասին

Եվ ուրեմն, նշածս երեք չարչրկված դրույթների ու փաստերի մասով լևոնա-նիկոլական «փորձագետների» ասածները կարելի է կարդալ, թերթել ու անցնել առաջ։

 

Ահարոն Համբարձումյան

Ստորև հրապարակում ենք նաև ՀՀ երկրորդ նախագահի և քաղաքագետների հանդիպումն ամբողջությամբ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ