2rd.am-ը ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին խնդրել է մեկնաբանություն տալ Ղարաբաղյան հակամարտության շուրջ հետևյալ հարցի հետ կապված.
- Պարոն Սողոմոնյան, նախօրեին, ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս, վարչապետ Փաշինյանն անդրադարձավ ղարաբաղյան կարգավորման թեմային: Մասնավորապես, նա հյատարարեց, որ Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցությունները չեն կարող լիարժեք և արդյունավետ համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը: «Այն որ Արցախը հակամարտության լիարժեք կողմ է, հաստատվել է 1994թ.-ի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի շրջանակներում և մինչև 1998 թվականը բանակցային գործընթացը տեղի է ունեցել հենց այս ձևաչափով: 1998 թվականից հետո Հայաստանի ներկայացուցիչները բանակցել են նաև Ղարաբաղի անունից: Ճիշտ են արել, թե սխալ, ուրիշ խնդիր է, բայց դրա համար ունեցել են պատճառ: Ռոբերտ Քոչարյանը Հայաստան գալուց առաջ եղել է Ղարաբաղի ընտրված նախագահ, իսկ Սերժ Սարգսյանը Արցախի ինքնապաշտպանության շարժման կազմակերպիչներից էր: Եվ հետևաբար, նրանք կարող էին ունենալ կամ իրենց վերագրել Ղարաբաղի անունից բանակցելու մանդատ՝ անկախ նրանից, թե մենք բոլորս դրան ոնց ենք վերաբերվում: Նույն բանը չեմ կարող անել ես»,- հայտարարեց Փաշինյանը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:
- Ես չէի ուզենա հանդես գալ երկարաշունչ մեկնաբանությամբ, իսկ դրա վտանգն այստեղ կա` և թեման է շատ ընդգրկուն, և համատեքստն է բավականին լայն: Կսահմանափակվեմ երեք կարճ կետով:
1. Նախ, հիշեցնեմ պարոն Փաշինյանին, որ ԼՂՀ-ն դադարել է ուղղակիորեն մասնակցել բանակցություններին ոչ թե 1998, այլ դեռևս 1996 թվականից, երբ Հայաստանի իշխանությունները ինչ-ինչ պատճառով համաձայնել են դրան: Համապատասխան պատմական նյութերը ես մի քանի անգամ հրապարակել եմ մամուլում, դրանք հասանելի են:
2. Անցած տարիներին կարգավորման գործընթացը մշտապես ընթացել է երեք հարթություններում.
Դրանք են.
երկու բանակցային գործընթացները և մոնիտորինգի միջոցով զինադադարի պահպանմանն ուղղված ջանքերը: ԼՂՀ-ն ուղղակիորեն ներգրավված է եղել ՄԽ համանախագահների միջնորդական ջանքերի և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի գործողությունների մեջ: ԼՂՀ-ն ուղղակիորեն ներգրավված չի եղել ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումների ձևաչափում: Այստեղ ԼՂՀ շահերը պաշտպանել է ՀՀ նախագահը` համաձայնեցնելով իր գործողությունները ԼՂՀ նախագահի հետ: 10 տարի Ռոբերտ Քոչարյանը, ունենալով ԼՂՀ առաջին նախագահի կարգավիճակ, այնուամենայնիվ կտրականապես մերժել է նախագահների հանդիպումների ձևաչափում ԼՂՀ իշխանություններին փոխարինելու հնարավորությունը: Մշտապես ընդգծվել է, որ ոչինչ չի կարող վերջնականապես համաձայնեցված համարվել, քանի դեռ Ղարաբաղը չի տվել իր համաձայնությունը, իսկ վերջնական փաստաթուղթը պետք է վավերացվի նաև ԼՂՀ ներկայացուցչի կողմից: Այնպես որ, ԼՂՀ-ն ըստ էության ներգրավված է բանակցային գործընթացում, թեև ոչ լիարժեք ձևով:
3. Միանշանակ ողջունելի է նոր իշխանությունների մղումը` ԼՂՀ-ն դարձնել նաև նախագահների միջև առկա բանակցային ձևաչափի մասնակից: Իհարկե, պետք է ձգտել բոլոր գործընթացներում Ստեփանակերտի ուղիղ և լիարժեք մասնակցությանը: Լավագույնը կլիներ ԼՂՀ և Ադրբեջանի ուղիղ բանակցությունների ձևաչափը, որը առավել ճշգրիտ կարտացոլեր հակամարտության էությունը: Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին: Այլ հարց է, թե որքանով դա իրագործելի նպատակ է, գոնե այսօր: Եվ մեկ այլ հարց է` թե ինչ հետևանքների կբերի ՀՀ իշխանությունների փաստացի հրաժարումը խաղաղ բանակցություններից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը