04 09 2020

Թանկացումներն աննախադեպ են, իսկ դրանից ավանդաբար դժգոհողները՝ լուռ

Թանկացումներն աննախադեպ են, իսկ դրանից ավանդաբար դժգոհողները՝ լուռ

Այս տարվա հունվար-օգոստոս ամիսների սպառողական գների ցուցանիշն է հրապարակել վիճակագրական կոմիտեն։ Համաձայն այդ հրապարակման, օգոստոս ամսին ունենք գնաճի ցածր ցուցանիշ՝ նախորդ տարվա օգոստոսի համեմատ 1,8 տոկոս։ Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների աճը մեկ տարվա ընթացքում կազմել է 1,6 տոկոս, ալկոհոլային խմիչքներինը և ծխախոտինը՝ 10,1 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 0,6 տոկոս, ծառայություններինը՝ 1,4 տոկոս։ Ինչպես տեսնում ենք, գնաճի ցուցանիշը գտնվում է Կենտրոնական բանկի սահմանած նպատակային 4 տոկոս միջակայքում։ Այսինքն, այս պահին ունենք գնաճի ցածր մակարդակ, որը մի կողմից արտացոլում է տնտեսության մեջ տեղի ունեեցող զարգացումները, մյուս կողմից՝ իր մեջ թաքցնում առանձին, ավելի մեծ սպառում ունեցող ապրանքների բարձր գնաճը։

Ցածր գնաճը ընդհանրապես վկայում է պահանջարկի, այսինքն սպառման նվազման մասին։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ 2017 թ․-ին սկիզբ առած և 2018 թ․-ի ապրիլ-մայիսին շարունակվող բարձր տնտեսական աճի ընդհատումը հանգեցրել է անցանկալի երեւույթների՝ ներդրումների նվազման, բիզնես միջավայրի վատթարացման, ընկերությունների շրջանառությունների նվազման, որը հատկապես ծանր է անդրադարձել փոքր բիզնեսի վրա եւ այս ամենի հետեւանքով՝ սոցիալական խնդիրների խորացման։ Նման պայմաններում գները օբյեկտիվորեն  չեն կարող ավելանալ, եթե իհարկե չեն լինում կառավարման կոպիտ սխալներ, աշխարհաքաղաքական կամ ներքաղաքական ցնցումներ, համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող կտրուկ փոփոխություններ եւ այլ արտակարգ իրավիճակներ։

Ի՞նչ է թաքցնում գնաճի ցածր ցուցանիշն իր մեջ։ Առաջին հերթին այն, որ բնակչության  կողմից սպառվող հիմնական ապրանքների մի մասի գները կտրուկ թանկացել են։ Այդ պարագայում գնաճի ընդհանուր ցածր՝ 1,8 տոկոս ցուցանիշը ամենեւին էլ չի նշանակում, որ նրանց ծախսերը հենց այդքանով են ավելացել։ Օրինակ՝ ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի գներն աճել են 10,1 տոկոսով։ Դրանք բարձրացել են ԵԱՏՄ միասնական մաքատուրքերի ուժի մեջ մտնելու հետեւանքով։ Սակայն, անկախ այդ հանգամանքից, եթե դա տեղի ունենար՝ ասենք երեք տարի առաջ, Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի ներկայումս պատգամավոր դարձած տնտեսական լրագրողը օր ու գիշեր աղմուկ աղաղակ կբարձրացներ այդ թեմայով եւ լալահառաչ ողբով կնկարագրեր, թե ինչ սոցիալական ողբալի վիճակում են հայտնվել ծխողներն ու խմողները։ Հիմա դա տեղի չի ունենում, եւ կարծես թե մեծ դժգոհություններ չեն լսվում գների նման կտրուկ թանկացումից։ Ինչո՞ւ։ Այն պատճառով, որ աղմուկ բարձրացնողները այժմ լուռ են, իսկ լուռ են՝ որովհետեւ իշխանություն են։ Հիմա գնաճը, իշխանությանը տիրացածների տեսանկյունից, այդ նույն ծխողների եւ խմողմերի համար ուղղակի երկնքից թափվող երկնային մանանա է։ Նույնը կարելի է ասել մրգերի եւ բանջարեղենի գների մասին, որոնք շարունակում են այս տարի թանկացման ռեկորդներ խփել։

Մասնավորապես, մրգերի գները անցած տարվա օգոստոսի համեմատ աճել են 30,6 տոկոսով։ Պարզ է, որ մարդիկ ավելի շատ են միրգ գնում, քան թե օրինակ՝ կոշիկ։ Հետեւաբար կոշիկի ցածր՝ 0,2 տոկոս գնաճը շատերի վրա կարող է նույնիսկ չազդել, իսկ մրգերի ավելի քան 30 տոկոսանոց գնաճի ազդեցությունը զգալու են ամեն օր։

Գյուղմթերքների բարձր գներն արտացոլում են նաեւ այն կոպիտ սխալները, որ տեղի են ունեցել անցած երկու տարիներին ներկայիս իշխանությունների կառավարման ժամանակ։ Մի շարք մրգերի գներն, ինչպես հաճախ ասում է Նիկոլ Փաշինյանը՝ «աննախադեպ»  թանկացել են։ Մասնավորապես, անցած տարվա օգոստոսի համեմատ խնձորը թանկացել է 108 տոկոսով, ծիրանը՝ 34,4 տոկոսով, դեղձը՝ 47,1 տոկոսով, ձմերուկը՝ 82,9 տոկոսով։ Սրանք ամենամեծ սպառում ունեցող մրգներն են այս սեզոնին եւ համապատասխանաբար թանկացումներն այստեղ ամենամեծ ազդեցությունն են թողնում մեր բոլորիս գրպանների վրա։ Բանջարեղենից ամենամեծ սպառում ունեցողներից լոլիկը թանկացել է 22,5 տոկոսով, կանաչ լոբին՝ 26,7 տոկոսով։ Մեծ սպառում ունեցողներից էժանացել են միայն վարունգն ու կարտոֆիլը։

Մրգերի և բանջարեղենի որոշ տեսակների նման բարձր գնաճի դեպքում նախկինում բարձրացվող վայնասունը այս դեպքում ևս բացակայում է։ Տպավորություն է, թե ինչ որ տեղ կա մի անջատիչ, որը միանում կամ անջատվում է կախված նրանից, թե այդ անջատիչին մոտ կանգնածներին ինչ է պետք տվյալ պահին՝ աղմուկ բարձրացնել, թե լռել։ Այս պահին անջատիչը ապահովում է իշխանությանը հաճո լռությունը։ Զուգահեռաբար թանկացումների մասին իրենց ողբը դադարեցնում են նաև «հպարտ» և աղքատությունը գլխում հաղթահարելու պատգամը ստացած քաղաքացիները։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ