02 09 2020

Բակո Սահակյանի հոբելյանը Փաշինյանը չի շնորհավորել, լոյալության համա՞ր

Բակո Սահակյանի հոբելյանը Փաշինյանը չի շնորհավորել, լոյալության համա՞ր

 

Անցած կիրակի` օգոստոսի 30-ին Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանը դարձավ 60 տարեկան։ Ազատամարտիկ, 1999 - 2001 թվականներին Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարար, 2001 - 2007-ը` Արցախի Հանրապետության Ազգային անվտագության ծառայության նախարար, ապա գրեթե 13 տարի` 2007 թ-ի հուլիսի 19-ից մինչև 2020 թ-ի մայիսի 21-ը Արցախը ղեկավարած, «Մարտական խաչ» I աստիճանի, «Սպարապետ Վազգեն Սարգսյան»-ի, «Պետրոս Մեծ» I աստիճանի, Տիգրան Մեծի շքանշանակիր և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I աստիճանի մեդալակիր, գեներալ-գնդապետ Բակո Սահակյանին 60-ամյանկի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունից շնորհավորել է միայն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Իր շնորհավորական ուղերձում հոբելյարին մաղթելով քաջառողջություն և ամենայն բարիք` նախագահ Սարգսյանը նաև շեշտել է. «Արցախի ձեռքբերումները և հաջողություններն անկասկած կապված են նաև Ձեր անվան ու անցած ուղու, ողջ կենսագրության հետ, որոնք ժողովրդին ու հայրենիքին հավատարմության և նվիրումի վառ օրինակ են։ Ձեր զբաղեցրած տարբեր պետական պաշտոններում, հասարակական ու ազգային գործունեության մեջ Դուք մշտապես աչքի եք ընկել հայրենիքին նվիրվածությամբ ու բարձր պատասխանատվությամբ»։ Իսկ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ո՛չ մի շնորհավորանք, ո՛չ մի խոսք։

Մինչդեռ վարչապետ Փաշինյանի պաշտոնական կայքէջի տվյալներով նա շնորհավորական ուղերձներ ու ցավակցական հեռագրեր է հղել` ում կարողացել է և բոլոր հնարավոր ու անհնարին առիթներով։ Մասնավորապես. նա միայն վերջին ամիսներին շնորհավորել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին, Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալե Պոուին, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին, Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ երկրի անկախության օրվա առիթով:

Ազգային տոնի առիթով շնորհավորել է Սլովակիայի վարչապետ Իգոր Մատովիչին, Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե-Ինին, Սինգապուրի վարչապետ Լի Սիեն Լունին, Շվեյցարիայի նախագահ Սիմոնետա Սոմարուգային, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին, Բելգիայի վարչապետ Սոֆի Վիլմեսին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Չեռնոգորիայի վարչապետ Դուշկո Մարկովիչին։

Պաշտոնում վերընտրվելու առիթով շնորհավորական ուղերձներ է հասցեագրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային, նաև շնորհավորել է Ժան Կաստեքսին` Ֆրանսիայի վարչապետ նշանակվելու առիթով։ Իսկ Հուլիսի 2-ին հատուկ շնորհավորանք է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` ՌԴ սահմանադրության փոփոխությունների հաստատման վերաբերյալ համառուսական քվեարկությունը հաջող անցկացնելու կապակցությամբ:

Ըստ նույն պաշտոնական էջի` Նիկոլ Փաշինյանը ծննդյան տարեդարձի առիթով շնորհավորանքներ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին, Չինաստանի նախագահ Սի Ծինփինին, իսկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ծննդյան տարեդարձը շնորհավորել է հեռախոսազրույցի միջոցով։

Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը այս կերպ սին պատրանք է ուզում ստեղծել, թե աշխարհի հետ ինտենսիվ կապեր ունի և իրազեկ է աշխարհում տեղի ունեցող անցուդարձին։ Այս նկրտումն են հաստատում նաև նրա հղած ցավակցական հեռագրերը. Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային՝ Դուշեթի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի, Ճապոնիայի վարչապետ Աբե Շինձոյին` Կյուշու կղզուն պատուհասած ավերիչ ջրհեղեղի և սողանքների հետևանքով տասնյակ մարդկային զոհերի, Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսին՝ համավարակի արդյունքում գրանցված տասնյակ հազարավոր զոհերի, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին` Նովա Սքոշիա նահանգում տեղի ունեցած վայրագ հանցագործության երկու տասնյակ անմեղ զոհերի, Գերմանիայի Անգելա Մերկելին՝ Հանաու քաղաքում տեղի ունեցած ողբերգության, Չինաստանի նախագահ Սի Ծինփինին և վարչապետ Լի Կեցյանին՝ կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ:

Այս ամենը կարի կլիներ բացատրել արարողակարգի ու ֆորմալության առումով՝ գործող-չգործող, տարբերություններով եթե ընդամենը 2 ամիս առաջ՝ հուլիսի 6-ին Փաշինյանը շնորհավորական ուղերձ հղած չլիներ Ղազախստանի Հանրապետության առաջին և արդեն նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:

Հուլիսի 6-ի ուղերձում ասված է. «Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր 80-ամյա հոբելյանի առթիվ: Ձեր՝ Ղազախստանի զարգացմանը և եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների խթանմանը միտված երկարամյա ջանքերի շնորհիվ արձանագրվել է էական առաջընթաց:

Նշանակալի է Ձեր անձնական ներդրումը նաև հայ-ղազախստանյան հարաբերությունների ամրապնդման գործում, և ես հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնումը ի շահ մեր երկրների ժողովուրդների:

Ցավով տեղեկացա կորոնավիրուսային վարակի Ձեր թեստի դրական արդյունքի մասին: Վստահ եմ, որ շատ մոտ ապագայում Դուք կվերադառնաք առօրյա ակտիվ աշխատանքային ռեժիմին և նախանշված ծրագրերի իրականացմանը:

Հարգելի Նուրսուլթան Աբիշի,

սրտանց մաղթում եմ Ձեզ շուտափույթ ապաքինում, քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում»:

 Այս ամենով հանդերձ` Նիկոլ Փաշինյանը ժամանակ չի գտել կամ պատշաճ չի համարել շնորհավորել ընդամենը երեք ամիս առաջ Արցախի նախագահի պաշտոնը թողած Բակո Սահակյանի 60-ամյա հոբելյան տարեդարձը։ Եվ սա այն դեպքում, երբ ինքն էր Արցախի հրապարակներում գոռում, թե «Արցախը Հայաստան է և վերջ», թե ոչ ոք երբեք իրենից ավելի չի հարգել Արցախն ու արցախցուն, թե իրենից շատ ոչ ոք չի մտահոգվել Արցախի հոգսերով և իրենից ավելի ոչ ոք ուշադրությունը չի բևեռել Արցախի հիմնահարցին։ Մինչդեռ Արցախը 13 տարի անձնվիրաբար, պատվով ու հարգանքով ղեկավարած նախագահի նկատմամբ Փաշինյանի այսպիսի վերաբերմունքը իր իսկ խոսքերն ու պնդումներն է արժեզրկում։ Գուցե սա է հենց Բակո Սահակյանի լոյալության ու տոլերանտության, որևէ խնդիր չհարուցելու և իրեն բոլոր հարցերում ընդառաջելու փաշինյանական գնահատականը։

 

 

           

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ