01 09 2020

Նոբելյան մրցանակի հավակնող սուտ՝ աշխատատեղերի ավելացում, տնտեսական անկման ժամանակ

Նոբելյան մրցանակի հավակնող սուտ՝ աշխատատեղերի ավելացում, տնտեսական անկման ժամանակ

 

Այն, որ Հայաստանը գտնվում է սոցիալ-տնտեսական ճգնաժամում, կրճատվել են աշխատատեղերը և նվազել մարդկանց եկամուտները, հայտնի է բոլորին։ Սակայն, այս ակնհայտ և անգամ պաշտոնական վիճակագրության կողմից հաստատված իրողությանը Նիկոլ Փաշինյանը փորձում է հակադրվել։ Նրա ձգտումը մարդկանց խաբելու և համոզելու, որ իր կառավարման ընթացքում ամեն ինչ միայն լավանում է, հասել է մոլագարության։ Այս անգամ նա գրել է, թե հուլիս ամսին աշխատատեղեր են ավելացել նախորդ տարվա հուլիսի համեմատ։

Նախ, հերթական անգամ, մինչ վիճակագրական տվյալները հրապարակվելը, Նիկոլ Փաշինյանը ինչ-որ ցուցանիշներ է հրապարակում, դրանով արդեն ուղղորդելով վիճակագրական կոմիտեին, թե ինչ թվեր պետք է հրապարակել։ Միաժամանակ, նման քայլով նա հնարավորություն չի տալիս համադրումներ և համեմատություններ անել՝ պարզելու համար, թե որքանո՞վ են համապատասանում իր նշած տվյալները իրականությանը։ Սակայն, արդեն իսկ հրապարակված ցուցանիշներով էլ հնարավոր է հերքել վերոնշյալ կեղծիքը։

Բանն այն է, որ անգամ տնտեսության մասին տարրական պատկերացում չունեցող Նիկոլ Փաշինյանը պետք է իմանար, որ անհար է երկնիշ տնտեսական անկում գրանցված ամսին աշխատատեղեր ավելանային։ Չկա և չի կարող լինել մի երկիր, որտեղ նման երեւույթ տեղի ունենա։ Հուլիսի ամսին տնտեսական ակտիվության  անկումը կազմել է 10,2 տոկոս նախորդ տարվա հուլիսի համեմատ, բայց, ըստ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի, այդ նույն ամսին անցյալ տարվա հուլիսի համեմատ աշխատատեղեր են ավելացել եւ անգամ  աշխատավարձերը ավելացել։ Սա տնտեսագիտության մեջ Նոբելյանի մրցանակի կարող էր հավակնել, եթե իրականություն լիներ։ Ինչպե՞ս կարող է, ենթադրենք, ինչ-որ ձեռնարկություն ավելի քիչ աշխատի եւ ավելի քիչ արտադրանք թողարկի, բայց ավելի շատ մարդկանց աշխատեցնի եւ ավելի բարձր աշխատավարձ վճարի նրանց։

Անհասականալի է նաև, թե տնտեսության այդ ո՞ր ճյուղում են աշխատատեղերն իբր ավելացել և աշխատավարձերը բարձրացել։ Հուլիս ամսին անցած տարվա հուլիսի համեմատ արդյունաբերությունում անկումը կազմել է 2,3 տոկոս, շինարարությունում՝ 9,5 տոկոս, առևտրում՝ 10,4 տոկոս, ծառայություններում՝ 21,6 տոկոս։ Գյուղատնտեսությունը հարկման դաշտից դուրս է եւ այնտեղից տվյալներ չեն գնում հարկային մարմիններ, որոնց տեղեկատվության հիման վրա աշխատատեղերի ավելացման գրառումներ է անում «հպարտների» վարչապետը։ Ինչպես տեսնում ենք, տնտեսության բոլոր ճյուղերը հուլիս ամսին խորը անկման մեջ են գտնվել եւ դրանցում հնարավոր չէր աշխատատեղեր ավելացնել։

Սակայն սա էլ մի կողմ թողնենք և տեսնենք, թե ինչպե՞ս են փոխվել աշխատանք փնտրողների թվերը։ Տրամաբանորեն, եթե աշխատատեղերը ավելանում են, ապա աշխատանք փնտրողների թիվը պետք է նվազի։ Տեսնենք այդպես է, թե՞ ոչ։

Համաձայն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության, այս տարվա օգոտոսի 1-ին աշխատանք փնտրողների թիվը կազմել է 88,2 հազար մարդ և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել 6,1 տոկոսով։ Նույն աղբյուրի համաձայն, անցած տարվա օգոստոսի 1-ին աշխատանք փնտրողների թիվը 82,8 հազար էր։ Այսինքն, ոչ թե 6 հազարով աշխատատեղերն են ավելացել, ինչպես պնդում է Նիկոլ Փաշինյանը, այլ՝ գրեթե այդքանով ավելացել են աշխատանք փնտրողները, որոնք ենթադրաբար կորցրել են իրենց աշխատանքը։ Ուշագրավ է, որ աշխատանք փնտրողները ավելացել են նաև նախորդ ամսվա՝ հունիսի համեմատ, որի հետ համեմատություն անելով ևս, վերոնշյալ անձը փորձում է համոզել, որ աշխատատեղեր են ավելացել։

Այսքանը թերևս բավարար է պատկերացում կազմելու համար, թե որքան բացահայտ է աշխատատեղերի ավելացման Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը և որքան թաքնված ցինիզմ կա նրա կողմից այդ ստին հավատացողների նկատմամբ։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ