17 08 2020

Ի՞նչ եղան արտագնա աշխատանքի մեկնողներին կառավարության տված խոստումները

Ի՞նչ եղան արտագնա աշխատանքի մեկնողներին կառավարության տված խոստումները

Մարտի 16-ին Հայաստանում հաստատվեց արտակարգ դրություն: Օրեր առաջ այն երկարացվեց ևս մեկ անգամ, պաշտոնյաները հույս են հայտնում, որ վերջին անգամ: Ի թիվս բազմաթիվ սահմանափակումների, փակ են նաև սահմանները, և ՀՀ քաղաքացիները արդեն հինգ ամիս է, չեն կարողանում մեկնել արտագնա աշխատանքի:

Կառավարությունը երկու տարբերակ առաջարկեց նրանց։ Տարբերակներից մեկը գյուղատնտեսությունն էր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես ասաց. մնացեք ու հող մշակեք, մարդիկ էլ գոտիները ձգած ապրեցին:

Ավելին, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնողների խնդրին։

«Չնստեք ու սպասեք սահմանները բացելուն։ Գործե՛ք։ Անգամ եթե հետո բարենպաստ լինի ու գնաք, դուք հիմա ձեր ջանքը, եռանդը, միջոցները դրեք ու մշակեք հողը»,- գրել էր նա։

Առանց եկամտի աղբյուրի մի քանի ամիս մարդիկ մշակեցին հողը, ցանեցին, հնձեցին: Մի մասը վարկեր վերցրեց: Արդյունքում որոշ մարզերում, օրինակ՝ Գեղարքունիքի մարզում կարտոֆիլի բերքն այնքան շատ է, որ արժեքը զգալիորեն պակաս է լինելու նախորդ տարվանից:

Արտագնա աշխատանքի մեկնողներին առաջարկվող մյուս տարբերակը շինարարությունն էր։ Մարզպետարաններին հանձնարարվեց ցուցակագրել մարդկանց, որոնք արտագնա աշխատանքի չեն մեկնել և ունեն աշխատանքի խնդիր։ Ցուցակագրեցին, ու ամեն մարզում հարյուրավոր մարդիկ գրանցվեցին։ Կառավարությունն ասաց, որ շինարարությանը զարկ կտա, պակասը կլրացնի, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ հերթական անգամ խոսեց աննախադեպ շինարարարական ծավալների մասին: Նա ասաց, որ արտագնա աշխատանքի մեկնողները կանեն նույն աշխատանքը, բայց արդեն Հայաստանում:

Պարզվում է, սակայն, որ այդ մարդկանց ճնշող մեծամասնությունը՝ 90 տոկոսից ավելիին, այդպես էլ աշխատանքով չապահովվեցին: Ավելին, շինարարությունն ապրիլ ամսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է մոտ 51 տոկոսով: Հարկավոր է նաև հիշել, որ արտակարգ դրության առաջին իսկ մեղմացումը տարածվեց հենց բացօթյա շինարարական աշխատանքների վրա: Բայց միևնույնն է կիսամյակի տվյալներով 2020թ. հունվար-հունիսի շինարարության ծավալը 2019-ի 76.6 տոկոսն է կազմում: Ավելին, 2020թ-ին նախորդ տարվա համեմատ պետբյուջեի հաշվին կատարվող շինարարության ֆինանսավորումը պակասել է 22.3 տոկոսով:

Արդյունքում արտագնա աշխատանքի մեկնողների հույսը շարունակում է մնալ սահմաների բացումը, ի դեպ, այս հարցում կառավարությունը չի խոստանում, այլ պարզապես հույս ունի, որ հայտարարված արտակարգ դրությունը վերջինն է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ