Այս մի քանի օրը Ամուլսարի մատույցներում կարծես կրքերը հանդարտվել են: Թերևս, մի երկու շաբաթով կամ մի քանի օրով: Իսկ մի քանի օր առաջ կրքերը եռում էին: Փաշինյանի ոստիկանությունն էլ, որքան ու ինչպես կարողանում էր, բիրտ ուժի գործադրմամբ «տարման էր ենթարկում» Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ հանդես եկող ակտիվիստներին: Առանց «աչք-հոնքին» նայելու՝ տանում էին, այդ թվում՝ ապրիլյան պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, մարտի ժամանակ թշնամու երեք տանկ ոչնչացրած Ռաֆայել Հովհաննիսյանին...
Թե ինչո՞ւ են Ռաֆայել Հովհաննիսյանը, «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը, կամ օրինակ, ԱԺ ԲՀԿ խմբակցության առաջատար պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դեմ Ամուլսարի ոսկու հանքի շահագործմանը, իրենք ու այդ դիրքորոշումն ունեցող շատ ու շատ այլ հայրենակիցներ բազմիցս արտահայտվել են: Հայտնի է. սկսած Ջերմուկին ու շրջակայքին պատճառվելիք անդառնալի վնասներից, վերջացրած՝ Սևանա լճի վնասման հավանականությամբ:
Բայց այսօր հարցը մի փոքր այլ ու կարևոր հնչերանգ է ստացել: Իսկ ի՞նչ դիրքորոշում ունի այս խնդրում ՀՀ «թավշյա, ժողովրդական...» և այլն իշխանությունը: Կոնկրետ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ դիրքորոշում ունի Ամուլսարի ոսկու հանքավայրը օտարերկրյա ներդրումային ընկերության կողմից շահագործել-չշահագործելու հարցում:
Ընթացիկ հարայհրոցից, ոստիկանության կոպիտ պահվածքից ու նման այլ դրսևորումներից դատելով, շատերը անխուսափելիորեն ու բավականին դիպուկ հետևություն են անում, որ Նիկոլ Փաշինյանը այսօր կողմ է ու ցանկանում է հասնել այն բանին, որ հանքավայրը շահագործվի: Երկիրը տնտեսական ծանր խնդիրների մեջ դրած իշխանությանը փող է պետք, շատ փող: Իսկ Ամուլսարը նման փողաբեր (պետբյուջեն նկատի ունենք) երակներից մեկը կլինի: Մանավանդ, որ շահագործման արգելքը խոստանում է միջազգային արբիտրաժի գլխացավանք ու փողատար (էլի՝ պետբյուջեից), չէ՛, շա՜տ փողատար գործընթաց:
Սակայն սա, որքան էլ դիպուկ, բայց ենթադրություն, մեկնաբանություն, հետևություն է: Ուղիղ խոսքով. ո՞րն է Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը այս հարցում. այո՞, թե՞ ո՛չ (սահմանադրական «կիկոս» հանրաքվեի հետ չշփոթել):
Իսկ այստեղ արդեն սկսվում է ամենից հետաքրքիրը: Երբ այդ ձևակերպմամբ հարց են ուղղում իշխանության կամ իշխանական թևի ներկայացուցիչներին, նրանք «քարկապ են ընկնում», սկսում են կմկմալ, խոսքը սարուձոր են գցում...
Այդպես եղավ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, վերջին հարցազրույցի ժամանակ: Հարցը հնչեց, բայց պատասխանը արդեն «դասական» վանեցյանական տարբերակով էր՝ չեմ պատասխանի կամ դիրքորոշում ունեմ, բայց չեմ ասի:
Նույնը, երբ հարց տրվեց իշխանական «Իմ քայլը» խմբակցության մի դեպուտատի: Էլի՝ նույնը: Ըստ էության՝ կմկմոց:
Բայց այդ «քարկապը» կամ կմկմոցը շատ ավելի խոսուն են, քան եթե նրանք դիրքորոշում արտահայտեին: Իշխանության նման ներկայացուցիչների կմկմոցը ուղղակիորեն գալիս է հաստատելու վերը նշված հիմնավոր տպավորությունը, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է գնալ Ամուլսարի շահագործման:
Իսկ ամենից «հրաշագեղը» պատճառն է, թե ինչու են կմկմում ու «քարկապ ընկնում»՝ Ամուլսարի անունը լսելուն պես:
Բանն այն է, որ պոպուլիստ Նիկոլ Փաշինյանը, փողոցափակման ու նման եղանակներով իշխանության ձգտելու և հասնելու ճանապարհին լիովին օգտվել է բնապահպանական թեմատիկայից ևս ու «փողոցային պայքարում» բնապահպան-ակտիվիստների ինտենսիվ ներգրավումից: Կարճ ասած, այսօր Ամուլսարի շահագորման դեմ հանդես եկող ակտիվ քաղաքացիները, չհաշված արդեն «սարը սար է մնալու» թեմայով ու այդ կարգի արծարծումները դեր են ունեցել, որ Նիկոլ Փաշինյանն այսօր վարչապետ կոչվի:
Ու չնայած իրեն բնորոշ ու նաև հայրենի քաղաքական «մշակույթում» ընդունված ցինիզմին, նա դեռևս չի կարող այդպես կանգնել և ուղիղ խոսքով, օրինակ, առճակատ ասել. «Սիրելի բնապահպան-ակտիվիստներ, հասկացեք ախր, ես ձեզ օգտագործել եմ՝ նպատակիս հասնելու համար: Իրավիճակ է փոխվել: Եվ հիմա դուք ինձ խանգարում եք երկիրը կառավարել, ցրվեք տներով, թե չէ՝ «բերման կենթարկվեք», կպիտակվեք որպես հանցավոր ռեժիմի մնացուկ»... սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ... բլա-բլա-բլա... Հա, դիմակ դրեք... Իսկ Ամուլսարը մոռացե՛ք, այն շահագործվելու է»:
Դա քաղաքական մահախոսականին հավասար մի բան կլինի, որքան էլ որ «պողոսներն» ու «ֆեյքերը» սոցցանցերը հեղեղեին «мер имастюн Пркич» կամ «Purk, purk, purk kez Pushinyan» ու այդ կարգի միաբջիջ բացականչություններով:
Բայց հարցը միայն Ամուլսարը չէ, միայն Ամուլսարի ոսկու պաշարները արդյունահանել-չարդյունահանել-վերմշակելը չէ:
Առհասարակ, հանքարդյունաբերության, ավելի կոնկրետ՝ մետաղական հանքերի, շատ ավելի որոշակի՝ մոլիբդենի ու պղնձի հանքավայրերի շահագործման, հանքաքարի արդյունահանման տեմպերն ու ծավալներն են:
Խնդրեմ, վիճակագրությունն է փաստում, մասնագիտորեն տնտեսական գործընթացներին ու միտումներին հետևողներն էլ ուշադրություն են դարձնում, որ այս տարի պղնձի խտանյութի արտադրությունը աճել է 16.6 տոկոսով, ցինկի խտանյութի արտադրության աճը կազմել է 28.2 տոկոս, իսկ մոլիբդենի խտանյութի աճը (տա-դա-դա՜մ կամ կամ «դմփ-դմփ-հո՛ւ», ոնց հարմար կգտնեք) կազմել է 80 տոկոս (!!!): այդ կապակցությամբ բավականին գեղեցիկ ու հակիրճ արտահայտվել է վերլուծաբան Արա Գալոյանը, օրինակ։
Այստեղ ամենից հետաքրքիրը սակայն այն է, որ հանքահումքային ռեսուրսների, հայրենի երկրի ընդերքի կատաղի շահագործման գիծ է բռնել մի իշխանություն, որի ցը՛մփապանծ ներկայացուցիչները, երբ դեռ իշխանություն չէին, այլ իշխանաքննադատ «ՀԺ»-ականներ, օրնիբուն քլնգում էին նախկիններին, որ «Հայաստանը նստեցրել են հանքարդյունաբերական ասեղի վրա», որ «Հայաստանի կառավարությունը մոլիբդենի ու պղնձի հույսին է», «Իշխանությունը հարստահարում է Հայաստանի ընդերքը» ու նման բաներ: Կհիշեք: Իսկ ովքեր չեն հիշում, թող «ՀԺ»-ի ոչ այնքան վաղուցվա համարները թերթեն: Այս թեման, այս շեշտադրումները շրջանառվում ու շրջանառվում էին, դա ներկայացվում էր որպես բարբարոսության հավասար մի բան և այլն և այլն:
Հիմա իրենք, այդ «քլնգիչները» դարձել են իշխանություն և՝ խնդրեմ, այսինքն, տեսաք խտանյութային վիճակագրությունը: Նրանք, որ տնտեսության դիվերսիֆիկացման, հանքարդյունաբերության հին ու վայրենի լինելու, «տնտեսական հեղափոխության» մասին էին մեծ-մեծ փրթում կամ ճամարտակում, այսօր իրենք են իրենց ասած «ասեղին» նստած: Ասենք, սա առաջին դեպքը չէ, որ Նիկոլ Փաշինյանն ու իր «քայլակիցները» լիզում են նախկինում թքածները: Պարզապես հիմա կմկմում են... Այսպես լինում է, երբ «հանքարդյունահանման վաշ-վիշը» բախվում է «երեսպաշտ թավիշին»:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը