31 07 2020

Որտե՞ղ կոպիտ սայթաքեց հեղափոխական կառավարությունը

Որտե՞ղ կոպիտ սայթաքեց հեղափոխական կառավարությունը

Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում օրվա իշխանության կողմից ի սկզբանե թույլ տված սխալները Հայաստանը վերածեցին այդ չարիքի տարածման ու բացասական հետևանքների առումով աշխարհում «առաջատար» երկրներից մեկը: Դա քիչ է, ինչպես բժշկության մեջ են ասում՝ «կողմնակի հետևանքների» առումով Հայաստանի տնտեսությունը, բիզնեսը խիստ ծանր վիճակում են հայտնվել: Տնտեսության, հարկային եկամուտների, զբաղվածության հիմնական սնուցիչ «պլանկտոնը»՝ փոքր ու միջին բիզնեսը, մեղմ ասած, զոհվում է:

Այս և մի շարք իրողություններին երեք հեռուստաընկերություններին տված հարցազրույցում անդրադառնալով՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բավականին դիպուկ դիտարկումներ, որոշակի առումով, կարելի է ասել, իր փորձառության վրա հիմնված դիտողություններ արեց:

Մասնակի շրջափակված լինելը (Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից), այսինքն՝ 4 հարևան երկրներից երկուսի հետ սահմանային անցուդարձ չունենալը, մեզ ի սկզբանե կարող էր շահեկան դիրք ապահովել՝ կորոնավարակի ներթափանցումը Հայաստան հնարավորինս արդյունավետ կանխելու, ներթափանցումը վերահսկելու իմաստներով: Հասկանալի է, որ վաղ թե ուշ այն Հայաստան վարակը մտնելու էր: Բայց...

Երբ Ռոբերտ Քոչարյանը սահմանների ու սահմանային փոքրաթիվ անցակետերի պահը նշեց, այստեղ կա ենթատեքստ, որը արժե մի փոքր բացել: Նախ, պետք է հիշեցնել, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում ևս համաշխարհային վարակի մի «ալիք» ծավալվեց՝ հանրահայտ «թռչնի գրիպը», 2005-06 թվականներին: Հիմա երևի քչերը կհիշեն (15 տարի է անցել, ի վերջո), բայց դրանից փաստը չի փոխվում. Այն ժամանակ, երբ ստացվեցին առաջին տեղեկությունները հարևան երկրներում, օրինակ, Վրաստանում և անգամ Թուրքիայում թռչնագրիպի (H5N1) դեպքերի մասին, Հայաստան մտնող սահմանային անցակետերում ձեռնարկվեցին կանխարգելիչ միջոցառումներ, երկիր մտնող մեքենաների ախտահանում և այլն: Ձեռնարկվեցին այլ միջոցառումներ ևս, ինչպես օրինակ, պրոբլեմային երկրներից թռչնամսի ներկրման արգելքը: Ասենք, թռչնամսի ներկրման արգելքն էլ առանձնապես չնկատվեց շուկայում, քանզի նույն Քոչարյանի վարած քաղաքականության շնորհիվ, Հայաստանն արդեն ոչ միայն վերականգնել էր ՀՀՇ-ի տարիներին թալանված ու ավերված թռչնաֆաբրիկաները, այլև ավելացրել էր դրանց քանակն ու թողարկման հզորությունները, ինչի շնորհիվ մեր երկիրը հավկիթի ու թռչնամսի առումով դարձել էր առավել քան ինքնաբավ, ներկրող երկրից վերածվելով լիուբոլ արտադրողի, դեռ զգալի թվով ոչ երևանաբնակ քաղաքացիների զբաղվածության ապահովումը դեռ չհաշված: Չշեղվենք բուն թեմայից: 

Եվ չնայած հարևան երկրներում թռչնագրիպ գրանցվել էր և տարածվել, բայց այն ժամանակ այդ վարակը, մեր երկիր, կարելի է ասել, չմտավ ու հանրային կյանքում, նաև՝ առողջապահական, տնտեսական առումներով լարվածություն չհարուցեց: Հասարակությունը, չնայած մամուլի անդրադարձերին, մեծ հաշվով չզգաց էլ այդ վարակը, իսկ շատերը անգամ երևի չիմացան էլ կատարված աշխատանքի մասին:

Ճիշտ է, այն տարիներին կառավարության ներկայացուցիչները, առավել ևս՝ պետության ղեկավարը օրումեջ չէր հայտնվում հեռուստաէկրաններին ու սրտաճմլիկ խոսքեր չէր ասում: Գո՛րծ էր անում: Իր պարտականություննե՛րն էր կատարում: Մեղքն ու պատասխանատվությունը սրա-նրա ու առավել ևս՝ ժողովրդի վրա չէր գցո՛ւմ:

Ժողովրդի մասին: Ակնհայտ է, որ Փաշինյանի իշխանությունը հիմնական «գիծ» է վերցրել, թե կորոնավիրուսի վարակի առումով ստեղծված խայտառակ ու ողբերգական իրավիճակի հիմնական մեղավորը ժողովուրդն է, հասարակությունը, որ անպատասխանատու են, անկազմակերպ, չենթարկվող և այդպես շարունակ:

Մինչդեռ մեր տարածաշրջանում մեր ժողովուրդն իսկապես ամենից կազմակերպված ու կազմակերպվողներից է: Նաև՝ ինքնակազմակերպվող: Դրա լավագույն ցուցիչը մեր Զինված ուժերն են, մեր բանակը, որով շատերն են հպարտանում, այդ թվում՝ այսօրվա «բախտաբերի» կառավարիչները, որ տեսեք՝ մենք տարածաշրջանում ամենից մարտունակ բանակն ունենք:

Գիտե՞ք, անկազմակերպ, անպատասխանատու, կներեք՝ թավաքալի հասարակություններն ու ժողովուրդները չեն կարող նման բանակ ունենալ:

Այնպես որ, Ռոբերտ Քոչարյանն այս հարցում էլ է տեղին դիտողություն անում, ընդգծելով, որ մենք ամենակազմակերպված ազգն ենք մեր տարածաշրջանում, և չի կարելի հակառակի մեջ մեղադրել մեր ժողովրդին:

Եվ այն, որ կորոնավարակի առումով ստեղծված իրավիճակի հիմնական մեղավորն ու պատճառը օրվա իշխանությունն է, ամենից ցայտուն երևում է հարևան Վրաստանի հետ համեմատությամբ: Հազիվ թե վրաց հասարակությունը մեզանից կազմակերպված ու կարգապահ է, բայց փոխարենը Վրաստանի կառավարիչները մինչ այս պահը օրնիբուն աշխատում են և ճիշտ էին աշխատում: Շատ է խոսվել այս մասին, վարակի վիճակագրական տվյալները հայտնի են, բազմիցս համեմատված ու գնահատված, չկրկնենք:

Ամենից կարևոր պահերից մեկը: Հայաստան կորոնավիրուսի վարակի ներթափանցման պահը: «Թավշյա» կառավարությունը, իր կառավարչապետի գլխավորությամբ, ամենից կոպիտ հենց այդտեղ սայթաքեց: Երբ միանգամայն իրական էր վարակի մեջ ծփացող Իրանից ու հատկապես Իտալիայից վարակի ներթափանցումը Հայաստան, օրվա իշխանությունը թերագնահատեց վտանգը, ավելին՝ հանդես եկավ պետության ղեկավարության համար անթույլատրելի անլրջությամբ: Ու այդպես էլ «թավշյա» իշխանությունը չկողմնորոշվեց. մտահղացած կասկածելի սահմանադրափոխ հանրաքվեն անի՞ (իր քաղաքական շահերի սպասարկումը), թե՞ կորոնավարակի ներթափանցման դեմ կոնկրետ քայլեր, այդ վարակին դիմագրավելուն նախապատրաստվի: Ինչ-որ կիսաքայլեր փորձեցին անել: Իսկ հետո, երբ արդեն իրենք էլ հասկացան, որ վարակի հարցը լուրջ է, ավելին՝ լեղաճաք եղած վազեցին թեստեր հանձնելու և նման դրսևորումներ եղան, արդեն վարակի տարածման բանը բանից անցել էր:

Տեղին է ասված, զուսպ, բայց՝ դիպուկ. անընդհատ ասում են՝ «սիրում ենք ձեզ, ժողովուրդ ջան»... Մի սիրի, բայց ճիշտ կառավարի, որ այդքան մարդ չմահանա:

Կառավարությունները սիրո զեղումների համար չեն, առհասարակ: Մարդկանց տված խոստումները, հասարակության առջև ստանձնած հանձնառությունները կատարելու համար են: Կառավարության աշխատանքն այնպիսին պետք է լինի, որ մարդիկ գրեթե մոռանան, որ կառավարություն էլ կա, այլ ոչ թե առավոտյան արթնանան՝ կառավարությանը հիշեն, երեկոյան պառկեն քնելու՝ կառավարությանը չմոռանան:

 

Արմեն Հակոբյան    

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ