27 07 2020

Կարող եմ արդեն ես է՞լ մարդաշատ փարթներ կազմակերպել

Կարող եմ արդեն ես է՞լ մարդաշատ փարթներ կազմակերպել

Հերթական աղմուկն է բարձրացել ու կիզակետում այս անգամ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանն է, որը հաճախ է հայտնվում սկանդալների մեջ ու սովորաբար մամուլին դատի է տալիս իր անձին անդրադառնալու համար։ Հայկ Սարգսյանը, ըստ մամուլի, «White Shorja» անվամբ լողափ է բացել։ Լուսանկարներ և տեսանյութեր տարածվեցին, որ այդ լողափում համերգ է ունեցել երգիչ Գոռ Սուջյանը, որին հաջորդել է «նարգիլե-դիսկո-փարթին»՝ առանց դիմակների։

Համացանցում շատերը պատգամավորի վարքագիծը որպես ցինիկ ձևակերպեցին։ Ինչո՞ւ։ Պատճառները քիչ չեն։

Ամբողջ Հայաստանով մեկ բոլոր հանգստյան գոտիներում, անկախ նրանից՝ Սևանի ափ է, թե որևէ սարի վրա, գրեթե առանց բացառության, բոլոր տուրիստական և արշավային կետերում ոստիկաններ են հսկում ու մարդկանցից պահանջում են դիմակ կրել։ Նույն Սևանի ափին ընդամենը մեկ օր առաջ արտակարգ ծառայություն իրականացնող ոստիկանների ու քաղաքացիների միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել, դարձյալ դիմակի պատճառով։ Դիմակ չկրելու համար տեղի են ունենում ձերբակալություններ, բերման ենթարկումներ, մեծահասակներին ասֆալտին են փռում, որից հետո Նիկոլ Փաշինյանն ու ոստիկանությունը հայտարարում են, թե համարժեք էր։ Երիտասարդ աղջիկներին ձեռնաշղթա են հագցնում դիմակ չկրելու համար։ Իսկ պատգամավորն ու իր հյուրերը ոստիկանության համար անտեսանելի են։ Միմիայն մամուլի հրապարակումներից հետո է ոստիկանությունը տեղեկացնում, որ համապատասխան աշխատանքներ են իրականացնում: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են մյուս դեպքերում տեղում աշխատանքներ տանում ոստիկանները՝ տուգանքից մինչև ձերբակալում, իսկ պաշտոնյայի դեպքում միայն հրապարակումներից հետո «աշխատանքներ են իրականացնում»։

Պետք է կառավարությունը հասկանա իրավիճակի լրջությունը։ Մարդկանց նյարդերը տեղի են տալիս, որովհետև 40 աստիճան շոգին դիմակ կրելը լուրջ խնդիր է, ամենպահյա սթրեսների մեջ է հանրությունը, նյարդային լարված իրավիճակ, ու տեսնում է, որ այն, ինչ իրեն չի կարելի, իշխանական թիմին կարելի է, ու պատգամավորը քեֆ է անում, բազմաթիվ հյուրեր հրավիրում։ Սա լրացուցիչ լարվածություն է ստեղծում։

Այս ամենը չափազանց ուշագրավ է նաև սահմանային իրավիճակի տեսանկյունից․ մենք այսօր ունենք զոհ սահմանին, սահմանային լարվածությունը դեռ չի թուլացել, տարբեր երկրներում հայ-ադրբեջանական բախումներ են, և պատգամավորը փոխանակ այս ընթացքում զբաղվեր արտահերթ գործողությունների կազմակերպմամբ, դրսի գործընկերներին դիմելով, բանաձևերով, քեֆ է անում։

Ընդ որում, կոնկրետ այս պարագայում խոսքը վերաբերում է պատգամավորի, որը վերջերս կողմ քվեարկեց վարչական իրավախախտումների մասին օրենքում մի քանի փոփոխություններին, այն է՝ տուգանք կամ և ազատազրկում դիմակ չկրելու համար և արտակարգ իրավիճակի կանոնները խախտելու համար, որը կբերի վարակի ավելացման, այլոց վարակվելուն։ Այսինքն, եթե, ասենք, փարթիի մասնակիցներից որևէ մեկը հիվանդ լինի ու վարակի, պատիժ է հասնում նրան։ Իսկ մենք խիստ կասկածում ենք, որ Հայկ Սարգսյանի փարթիի մասնակիցները կրկնակի կորոնավիրուսի թեստ են հանձնել, նոր եկել փարթիին։


Ուշագրավ է նաև այն, որ ընդամենը մի քանի օր առաջ մի քանի բողոքի ակցիա տեղի ունեցան կառավարության դիմաց, ռեստորանների աշխատողներն էին, հանդիսավարները, պահանջում էին բացել ռեստորանները, թույլ տալ աշխատել, ինչպես որ գրեթե բոլոր ոլորտներն են բաց։ Իշխանությունը անդրդվելի մնաց՝ պետք է փակ մնան, իսկ առողջապահության նախարարն էլ ասաց, թե կորոնավիրուսը արագորեն տարածվում է երգելու միջոցով։ Ընդ որում, փակ են նաև նարգիլե օգտագործող-սպասարկող կետերը։ Բայց սա ևս իշխանական պատգամավորին չի վերաբերում։

Այստեղ ամենաուշագրավը, թերևս, դեմագոգիան է, որն անխնա օգտագործվում է․ վերջերս իշխանական գործիչները դուրս էին եկել Երևանի ու մարզերի փողոցներ ու «կրիր դիմակ, փրկիր կյանքեր»-ի շրջանակներում դիմակ էին բաժանում՝ կոչ անելով կրել։ Հայկ Սարգսյանն էլ ընտրել էր Գեղարքունիքի մարզը, որտեղ էլ հուլիսի 26-ին փարթի էր անում։ Ստացվում է, որ նա հա՛մ քարոզում է, հա՛մ խախտում։

Ի դեպ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը որոշել է հավատալ ոչ թե տեսանյութերին ու լուսանկարներին, որտեղ պատգամավորը «տժժում» է, այլ՝ հենց իրեն՝ Հայկ Սարգսյանին, որն էլ, ըստ Մակունցի, ասել է, թե ինքը ընդամենը մի պահ է մտել-դուրս եկել։ Այնինչ, հատուկ Մակունցի ու Հայկ Սարգսյանի համար լուսանկար է հրապարակվել այն մասին, որ պատգամավորը բարմենի «բաժնում» համակարգչով է զբաղված (հավանաբար՝ պատվերներն է թերթում)։

Հայկ Սարգսյանը, ցավոք, միակ օրինազանցը չէ, այս թիմում նրանք շատ են։ Ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանի թիմում իր հեղինակությունը գցողներն այնքան շատ են, որ կարող է ինքը ոչինչ չանել։

Եթե դուք չեք հետևում կանոններին, ապա ի՞նչ եք պահանջում քաղաքացիներից։

Հ․Գ․ Հիմա որ Հայկ Սարգսյանը և իր հյուրերը չպատժվեն, իսկ ես գրեթե համոզված եմ դրանում, կարո՞ղ եմ դիմակ չդնել, ու մարդաշատ փարթիներ կազմակերպել այլևս։ Այս պարագայում պարզապես 10 կամ 100 հազար դրամով կազմակերպչին տուգանելը պատիժ համարել չենք կարող։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ