Հայաստանի գազամատակարարման ներկայիս համակարգը կարելի է ասել ստեղծվել է զրոյից, իսկ գազիֆիկացմամբ մեր երկիրը աշխարհում առաջին տեղերում է՝ էապես գերազանցելով անգամ խորհրդային տարիների ցուցանիշին։ Այդ ամենը սկսվել և տեղի է ունեցել 2000-ականերին՝ ռուսական՝ ավելի քան 1 մլրդ դոլարը գերազանցող ներդրումներով։
Մինչ այդ, անկախության առաջին տարիներին, խորհրդային ժամանակաշրջանում կառուցված գազամակատակարարման համակարգը քայքայվել էր և փաստացի գոյություն չուներ։ 1992-1993 թթ․-ից սկսած, հարևան Վրաստանում Հայաստան մտնող գազատարի հաճախակի պայթեցումների և էներգետիկ ճգնաժամի պատճառով Հայաստանի գազասպառման համակարգը փաստացի դադարեց գործել և մենք բոլորս զրկվեցինք գազ սպառելուց: Դրան հաջորդող 4-5 տարիներին Հայաստանը գտնվում էր էներգետիկ դաժանագույն ճգնաժամի մեջ, երբ դադարել էր գործել ամբողջ տնտեսությունը, մարդիկ զանգվածաբար դարձել էին գործազուրկ, մնացել առանց հոսանքի և ջերմության՝ կրելով անասելի զրկանքներ հատկապես ձմռան ամիսներին։
Միայն 1997-ին Հայաստանի կառավարությունը ռուսական «Գազպրոմի» հետ պայմանագիր կնքեց Հայաստանում գազատար ցանցի կառուցման և շահագործման մասին: Ստեղծվեց նոր ընկերություն`«Հայռուսգազարդը», որի բաժնեմասերի 45 տոկոսը պատկանում էր ՀՀ կառավարությանը, 45 տոկոսը՝ «Գազպրոմին», 10 տոկոսը`«Իտերա» ընկերությանը, որը պետք է իրականացներ գազի փոխադրումը Ռուսաստանից մինչև Հայաստանի տարածք: «Հայռուսգազարդի» կանոնադրական կապիտալը ստեղծման պահին 280 մլն դոլար էր: Հատուկ հարկ ենք համարում ընդգծել, որ հայկական կողմը որևէ ֆինանսական ներդրում չէր կատարել այդ կապիտալում: Հայկական կողմից որպես ներդրում ընդունվել է խորհրդային տարիներին կառուցված գազատար ցանցը, որը, իրականում գոյություն չուներ։ Այն ամբողջովին քայքայված վիճակում էր և ոչ պիտանի գազի տեղափոխման համար: Այսինքն, հետագա տարիների շահարկումները, թե մեր «ազգային հարստությունը տվեցինք ռուսներին» սովորական սուտ էր և կիրառվում էր մի կողմից՝ վնասելու համար Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները, մյուս կողմից՝ որպես գործիք օգտագործելու Հայաստանի այդ ժամանակվա իշխանությունների դեմ։
Գազասպառման նոր ցանցի կառուցումը սկսվեց 2000 թվականից։ Ներդրումները կատարում էր «Հայռուսագազարդի» ռուսական բաժնետերը, այսինքն «Գազպրոմը», միաժամանակ մեր երկրին մատակարարելով համեմատաբար էժան գազ: Մի քանի տարի անց, Հայաստանը դարձավ աշխարհի ամենագազիֆիկացված երկիրը` խորհրդային շրջանի 20 տոկոսից հասնելով 97 տոկոսի: Երբ խոսում են երկրի ինքնիշխանության և դաշնակից երկրի հետ արդյունավետ փոխհամագործակցության մասին, դասագրքային օրինակ կարող է լինել Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում Հայաստանի գազամատակարարման ցանցի կառուցման և երկրի գրեթե ամբողջական գազաֆիկացման ծրագրի իրականացումը։ Թե ի՞նչ կտրուկ դրական նշանակություն ունեցավ դա բնակչության կենսամակարդակի վրա և տնտեսության համար, երևի թե դժվար չէ հասկանալ։
Սակայն, գազի գնի հարցը մշտապես շահարկման թեմա է եղել անցած տարիներին՝ անկախ նրանից, որ սովորաբար Հայաստանն ու Ռուսաստանի իշխանությունները գտնում էին փոխընդունելի լուծումներ։ Այդպես էր նաև 2006-ին, երբ Ռուսաստանից Հայաստան առաքվող գազի սակագինը բարձրացավ և դարձավ 110 դոլար: Ի դեպ, սա նույնպես ցածր գին էր, քանի որ այդ պահին միջազգային գները գտնվում էին 300 դոլարի սահմաններում: Հետագա երեք տարիներին այդ գինը մնաց անփոփոխ։ Այդ նպատակով Հայաստանի կառավարությունը Ռուսատանին 250 մլն դոլարով վաճառեց Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ բլոկը, որից 190 մլն դոլարը գազի գնի սուբսիդավորման գումարն էր:
Այսինքն, 1․ մենք երեք տարի անփոփոխ գազի գին ենք ունեցել շնորհիվ վերոնշյալ 190 մլն դոլարի, 2․ ռուսական կողմը պարտավորվել էր և վերազինեց իրեն անցած Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ բլոկը:
Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ բլոկում նոր ներդրումներ կատարելու համար, 2007-ին «Հայռուսգազարդը» 118 մլն դոլարի բաժնետոմսերի լրացուցիչ թողարկում կատարեց որը գնեց «Գազպրոմը», դառնալով «Հայռուսգազարդի» 58 տոկոսի սեփականատերը: Հետագայում ևս «Հայռուսգազարդը» նոր ներդրումային ծրագրեր իրականացնելու համար բաժնետոմսերի նոր թողարկումներ էր կատարում և բոլոր դեպքերում դրանք գնում էր ռուսական կողմը: Այդ՝ ռուսական կողմի ներդրումներով ընդլայնվեց Աբովյանի գազապահեստարանը, կառուցվեցին նոր գազատարներ, շարունակվեց ընդլայնվել գազասպառման ցանցը:
Հայկական կողմին մնացած 20 տոկոսը ռուսական կողմին անցավ 2014 թ․-ին, երբ երկու տարի շարունակ Հայաստանին գազ էր մատակարարվում ավելի բարձր գնով, իսկ մենք այն ստանում էինք նախկին ցածր գնով։ Արդյունքում, Հայաստանը կուտակել էր 300 մլն դոլարի պարտք, որի կեսը՝ 150 մլն դոլարը դարձյալ ռուսական կողմը վերցրեց իր վրա, իսկ մյուս կեսի՝ 150 մլն դոլարի դիմաց էլ գնեց «Հայռուսգազարդի» վերոնշյալ 20 տոկոս բաժնեմասը և այն վերանվանվեց «Գազպրոմ Արմենիա»։ Բնականոն գործընթաց՝ ով ներդրումներ է կատարում, նա էլ ձեռք է բերում նոր բաժնեմաս։ Նման գործարքներ տեղի են ունենում ամեն օր ամբողջ աշխարհում, բայց ոչ ոքի մտքով չի անցնում դա համարել «ազգային հարստության» կորուստ։ Առավել ևս, որ այդ «ազգային հարստությունը» դու չես ստեղծել, այլ միայն ստացել ես։
Միաժամանակ, փաստենք, որ «Գազպրոմ Արմենիան», բացի Հայաստանի խոշորագույն ներդրողը լինելուց նաև խոշորագույն հարկատուն է։ Տարիներ շարունակ ընկերությունը զբաղեցրել է խոշոր հարկատուների ցանկի առաջին հորիզոնականը։ Անցյալ տարի «Գազպրոմ Արմենիան» վճարել էր ավելի քան 43 մլրդ դրամ հարկ։ Ընկերությունը օտարերկրյա խոշորագույն գործատուն է նաև՝ շուրջ 6 հազար աշխատատեղով։
Լինելով քաղաքական շահարկումների թիրախ, ընկերությանը բազմիցս մեղադրանքներ է ներկայացվել գազի սակագնի անտրամաբանական բարձր լինելու մեջ։ Նման մեղադրանքներով հանդես էր գալիս ներկայիս իշխանություն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը, խոստանալով իջեցնել գազի սակագինը իր իշխանության գալու դեպքում։ Մինչդեռ, անցած երկու տարիներին գազի սակագնիը չնվազեց։ Ընդհակառակը, գործող իշխանության ոչ ադեկվատ քայլերը՝ մասնավորապես «Գազպրոմ Արմենիայում» դիմակավորված ստուգումները, հարկերի վճարումից խուսափելու մեջ մեղադրելն ու քրեական գործեր հարուցելը, բարդացրեցին հարաբերությունները ռուսական կողմի հետ։
Նախկին իշխանության կողմից ձեռք բերված պայմանավորվածությամբ ավելի էժան գազ էր մատակարարվում Հայաստանի ջերմոցային տնտեսություններին և վերամշակող արդյունաբերությանը։ Այդ սակագինը բարձրացավ, ինչն իր բացասական անդրադարձն է ունենալու այդ կազմակերպությունների և սպառողների՝ մեր բոլորիս վրա։ Բնակչության համար գազի սակագնի անփոփոխ մնալն էլ տեղի ունեցավ ընկերության շուրջ 1000 աշխատակիցների սպասվող կրճատման, համակարգի մաշվածության խորացման և ներդրումների կրճատման հաշվին, որոնք խնդիրներ են առաջացնելու համակարգի արդյունավետ գործունեության համար։
Այդուհանդերձ, փաստենք, որ 2000 թ․-ից սկսած Հայաստանում ստեղծվեց գազամատակարարման միանգամայն նոր համակագ՝ իր բոլոր ենթակառուցվածքներով, դա տեղի ունեցավ ռուսական խոշոր ներդրումներով, և Հայաստանից չպահանջվեց ֆինանսական միջոցներ ծախսել, բնակչությունը և տնտեսությունը ստացան գազ՝ որպես կանոն շուկայականից էժան և արտոնյալ գնով, էներգետիկ անվտանգությունն ամրապնդվեց, հնարավորություն ստեղծվեց երկրի տնտեսության և հատկապես արդյունաբերության 2000-ականների բուռն զարգացման համար։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Նախորդիվ անդրադարձել էինք ատոմակայանի շուրջ միֆերի ապամիֆականացմանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը