Իշխանության ցինիզմը հերթական անգամ բացահայտվեց գույքահարկի բարձրացման՝ ԱԺ կողմից արդեն ընդունված և եկող տարվանից կյանքի կոչվող օրենքով։ Գույքահարկի փոոխությունների եւ կտրուկ բարձրացման բոլոր հանգամանքներին անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներում։ Հղումները՝ այստեղ և այստեղ։
Եթե բնակչության գիտակից հատվածի համար իշխանության այս քայլն արդեն զարմանալի չէր, ապա Նիկոլ Փաշինյանի քարոզած ֆեյք իրականության մեջ ապրողների մի մասի համար սա անսպասելի էր՝ «ինչպե՞ս, «ժողովրդի վարչապետը» հարկ է բարձրացնում և ժողովրդի վրա նոր բեռ է դնո՞ւմ, այն էլ ճգնաժամային այս պահի՞ն»։ Ինչպե՞ս է պատասխանում իրականություն վերադարձածների այս տարակուսանքին և վրդովմունքին իշխանությունը։ Սովորականի պես՝ փորձելով մարդկանց հիմարացնել։
Իշխանության ներկայացուցիչներից մեկը նախ՝ հայտարարեց, որ գույքահարկը ոչ թե բարձրանում է, այլ ․․․ նվազում, ապա, օրենքն ընդունելուց հետո, բնիկ երևանցիներին հրավիրեց երկխոսության այս հարցի վերաբերյալ։ Հետաքրքիր է, նման հայտարարությունների հեղինակին թվում է, թե կարողացե՞լ է հիմարացնել մարդկանց։ Նա իսկապե՞ս չի հասկանում, որ գույքահարկի նվազումը չի կարող դժգոհություն չառաջացնել։ Կամ, նրա տրամաբանությամբ, մարդիկ գուցե գույքահարկի նվազումի՞ց են դժգոհում։ Տրամաբանությունն էլ այն է, որ անցյալ տարի խորհրդարանը կադաստրային արժեքներն է վերանայել և դրանցով գույքահարկն ավելի բարձր կլիներ, եթե հիմա նոր փոփոխություններ չանեին։ Հարց է առաջանում, իսկ անցյալ տարվա խորհրդարանում կադաստրային արժեքները բարձրացնողներն իրենք չէի՞ն, թե՞ դեռ «նախկիններին» էին։ Այսինքն՝ «տեսեք ժողովուրդ մենք ավելի վատ բան էինք արել, բայց բարիացել ենք ու հիմա լավություն ենք անում» (գույքահարկը շատ ավելի բարձր պետք է լիներ մեր իսկ ընդունած օրենքով, բայց հիմա ավելի քիչ ենք բարձրացնում): Փաստորեն, գործող գույքահարկի համեմատ, իշխանությունն այն բարձրացնում է տասնյակ և անգամ հարյուրավոր անգամներով և ներկայացնում որպես գույքահարկի նվազում։
Մեկ այլ հարց էլ է առաջանում՝ այդ որքա՞ն բարձր էին սահմանվել գույքի կադաստրային արժեքներն անցյալ տարի, որ փաստորեն գերազանցելու էին շուկայականին «մոտարկված» արժեքներին, որոնք հիմք ընդունելով՝ պետք է գույքահարկ գանձվի։ Այսինքն, գույքահարկն իջեցնելու մասին հայտարարությունը միակ հիմարությունը չէր։ Փաստորեն, գործող իշխանությունը սահմանել է կադաստրային արժեք, որը շուկայական կամ այդպես էլ անհայտ մնացած՝ դրան «մոտարկված» գնից բարձր է եղե՞լ ․․․
Գույքահարկի նոր՝ բարձրացված դրույքաչափերի առնչությամբ երկխոսության առաջարկը նույնպես խելամիտ համարելն անհնար է՝ օրենքն ընդունելոց հետո ինչի՞ շուրջ և ինչի՞ համար է լինելու երկխոսությունը։ Կամ՝ ինչո՞ւ են երկխոսության հրավիրում միայն երևանցիներին։ Մեկ անգամ ևս շեշտենք, գույքահարկի բարձրացումը վերաբերելու է բոլորին անխտիր։ Այն ազդելու է թե՛ քաղաքներում, թե՛ գյուղերում բնակվողների վրա, այն առավելապես ազդելու է անապահով խավի վրա, որի գույքի կադաստրային արժեքը չի գերազանցում 3 մլն դրամը և որը նախորդ՝ «թալանչի» իշխանության կողմից ազատված էր գույքահարկից, այն ազդելու է ներկայումս համեմատաբար էժան և ցածր գույքահարկ վճարողներիկ վրա։ Նրանց բոլորի համար եկող տարվանից սկսած գույքահարկն ավելանալու է բազմապատիկ անգամներով։ Տոկոսային առումով գույքահարկն ամենից քիչ ավելանալու է թանկ գույք ունեցողների համար՝ հակառակ իշխանությունների ստախոսությանը, որ բարձրացումը շքեղ գույք ունեցողների համար է։
Լավ է, իհարկե, որ գույքահարկի բարձրացումը շատերի աչքերը բացեց, որոնք, ցավոք, մինչ այդ չէին «նկատում» այս իշխանությունների կատարած բոլոր ապօրինություններն ու երկիրը ոչնչացման տանող գործողությունները։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը