19 06 2020

Ճակատագրական պահ՝ ընդդիմության համար

Ճակատագրական պահ՝ ընդդիմության համար

Երկրի հասարակական-քաղաքական օրակարգի հիմնական հարցերից մեկը, եթե ոչ՝ հիմնականը Փաշինյանից ու նրա կառավարությունից հնարավորինս փոքր կորուստներով ազատվելն է: Հասկանալի է՝ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված, խաղաղ և ոչ բռնի եղանակներով ազատվելը:

Ակնհայտ է նաև, որ կա նման հասարակական պահանջ: Բացահայտ է և այն, որ միայն այս իշխանության հետ ուղղակիորեն կամ քողարկված, ըստ որում՝ անշնորհք քողարկված կապ և ոչ անշահախնդիր հարաբերություններ ունեցող կազմակերպությունները չեն խոսում Փաշինյանի ու նրա կառավարության, նրա ուսապարկի ստվերում ԱԺ լցված մեծամասնության հեռանալու անհրաժեշտության մասին: Մեծ հաշվով, խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը նույն պահանջն ու խնդիրն են ձևակերպում և առաջադրում, անկախ իրենց գաղափարաքաղաքական ուղղվածությունից, հին ու նոր լինելուց:  Դա այն է, ինչ ոչ այնքան վաղուց նախագահ Ռոբերտ Քոչարյանը ձևակերպել էր որպես «կոնսենսուս մինուս 1» բանաձև: Վերջին ամիսների դեպքերը, ԱԺ հիմնական ընդդիմադիր կուսակցության՝ ԲՀԿ-ի հայտարարությունն ու իշխանության ռեակցիոն արձագանքը միայն արագացրեցին «կոնսենսուս մինուս 1»-ի ամբողջացման ընթացքը:  

Էական է ընդգծել ևս մեկ կարևոր հանգամանք. «կոնսենսուս մինուս 1»-ի հիմնական հարցը կոնկրետ Փաշինյանի անձը մերժելը չէ, ոչ էլ պարզապես իշխանությունը նրանից վերցնելը կամ «ռևանշի հասնելը», ինչպես սիրում են մանթրայի նման կրկնել իշխանական քարոզիչները: Ցավոք, հարցը շատ ավելի լուրջ է, ինչպես լուրջ է վիճակը: Միայն վերջնականապես «թավշյա» թմբիրում հայտնված ու քաղաքական տեսողությունն իսպառ կորցրածը չի հասկանա, որ դրված է Հայաստանի հետագա գոյության, պետականության լինել-չլինելու, մեր երկրի ու մեր ժողովրդի հետագա ճակատագրի հարցը:

Ամեն ինչ այդքան պարզ չէ, բայց ներկա իրավիճակի համար կիրառելի է հետևյալ պարզ երկընտրանքը. կա՛մ երկրի ու ժողովրդի ճակատագրի համար իսկապես մտահոգ, նաև պետականության կայացման գործում վաստակ ու ավանդ ունեցող ուժերը մեկտեղում են իրենց պահանջն ու հնարավորությունները և հեռացնում հանրությանն արդեն բացահայտորեն ծաղրող այս ինքնասիրահարված ու իրենց ներկա կարգավիճակին չհամապատասխանողների կառավարությունը, կա՛մ էլ Նիկոլ Փաշինյանն ու իր խամաճիկները շարունակում են մնալ իշխանության ղեկին և երկիրը տանում են վերջնական ու համակարգային կործանման, մատնում են առողջապահական, տնտեսական, սոցիալական կրախի:

Հարցը միայն կորոնավարակի տարածման ու դրա հետևանքների՝ այլևս վերահսկողությունից դուրս եկած իրավիճակը չէ: Հարցը այս խայտառակության համար Փաշինյանի իշխանության քաղաքական (առայժմ՝ քաղաքական) պատասխանատվություն կրելը չէ միայն: Հարցն այն է, որ շարունակել հանդուրժել այս իշխանությունը, կնշանակի՝ թույլ տալ, որ երկիր ներքաշվի ներքին, եղբայրակեր թշնամանքի ճահիճը, կնշանակի թույլ տալ, որ Հայաստանը հայտնվի արտաքին-քաղաքական մենության և մերժվածության մեջ՝ դրա ծանր հետևանքներով, կնշանակի երկիրն ու ժողովրդին մենակ թողնել ներքին ու արտաքին, սոցիալ-տնտեսական լրջագույն սպառնալիքների ու վտանգների առաջ:

Նախագահ Տեր-Պետրոսյանը, ցանկանալով սատարել իր քաղաքական սանիկի իշխանությանը, օրերս հայտարարել էր, թե հիմա կառավարության հեռացում կամ փոփոխություն պահանջելը դավաճանություն է: Ո՛չ, պարոն Տեր-Պետրոսյան: Ավելի շուտ կարելի է ասել, որ դավաճանություն է այս կառավարությունը երկրի ղեկին մեկ օր ավել հանդուրժելը:

Վերադառնանք սակայն ընդդիմությանը, այն ուժերին ու կազմակերպություններին, որոնք, ըստ Տեր-Պետրոսյանի, իբր թե՝ պետական դավաճան են, այսինքն՝ պահանջում են Փաշինյանի և նրա՝ նույնիսկ ինչ տեսակի դիմակ կրելու հարցում չկողմնորոշվող ու ինքն իրեն հակասող կառավարության հեռացումը:

Այս օրերին ոչ մեկ ու ոչ էլ երկու, այլ մի շարք հայտարարություններ հնչեցին ինչպես նորահայտ կուսակցական տարբեր գործիչների, այնպես էլ՝ քաղաքական դաշտում արդեն տարիների փորձառություն ունեցող և ամենատարբեր դաշինքներ տեսած քաղաքական գործիչների կողմից: Դրանց հիմնական «մեխն» այն է, թե իրենք չեն համագործակցի «հանրության կողմից չընդունված» (կամ մերժված), «նախկին» ուժերի և գործիչների հետ:

Նախ, ի՞նչ ասել է «հանրության կողմից մերժված» կամ չընդունվող: Այդ ո՞ր հանրությանը նկատի ունեք, փաշինյանական ֆեյքերի՞ն, թե՞ իշխանական պրոպագանդայի տակ մնացած անձանց: Իսկ ո՞վ է ասել, որ Հայաստանում միայն իրենք են ապրում, էլ չասած, որ մերժիստների մեծ մասը գլենդել-ռոստովցի է՝ պատկերավոր ասած: Եթե դա է ընդդիմադիր ճամբարում եղած առանձին ուժերի կամ գործիչների մոտեցման չափանշը, ապա միգուցե միանգամից իրենց կազմակերպություննե՞րն էլ լուծարեն, որովհետև... այդ նույն «թուքումուր» «հանրությունը» այսօր արդեն իրենց է նույն՝ «անեծք-լուտանք-զրպարտանք» գործիքակազմով մերժում:

Այժմ, այս պահին «հին աբիդաներով» առաջնորդվելը կարող է ճակատագրականի լինել ընդդիմության համար: Ու ոչ միայն ընդդիմության համար: Որովհետև, եթե ընդդիմադիրները չկարողանան միավորվել, ապա հազիվ թե կարող են դրական արդյունք ակնկալել հիմնական հարցում: 

Եթե որևէ կուսակցություն կամ քաղաքական ուժ իրականում ցանկանում է այս իշխանության հեռացումը, ապա զանազան խոսակցությունները այն թեմաներով, թե՝ «ում հետ կհամագործակցենք, ում հետ չենք համագործակցի», ոչ միայն անտեղի են ու անպատեհ, այլև նման խոսակցույթուններին տոն տալը նշանակում է ակամայից  «խաղալ» Փաշինյանի օգտին: Դա Փաշինյանին ու իշխանությանն է ձեռնտու միայն, քանզի նման հրապարակային «զրուցները» խոչընդոտում են եղած ուժերի և հնարավորությունների միավորմանն ու սկզբում նշված հիմնական օրակարգային հարցի լուծմանը: Իսկ հասարակությանն ու երկրին այս պահին պետք է բոլոր կարողունակ, սթափ ուժերի, գործիչների միավորումը:

Միայն այդ դեպքում կարող ենք ելնել այս համաբոլոլայի միջից:

 Արմեն Հակոբյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ