11 06 2020

Անկումը արդյունաբերությունում, և վարչապետի համար «ամենահրատապ հարցերից մեկը»

Անկումը արդյունաբերությունում, և վարչապետի համար «ամենահրատապ հարցերից մեկը»

Թվում է, թե Հայաստանի արդյունաբերությունը մեր տնտեսության միակ ճյուղն է, որտեղ Նիկոլ Փաշինյանի կառավարման երկու տարիներն ու կորոնովիրուսային ճգնաժամը լուրջ բացասական ազդեցության չի ենթարկվել։ Սակայն այդպես չէ։ 2017թ․-ին այստեղ սկսված և 2018թ․-ի առաջին երեք ամիսների սրընթաց աճը անցած երկու տարիներին աստիճանաբար նվազեց։ Մինչև այս տարվա ապրիլը աճի որոշակի տեմպը պահպանվում էր զուտ իներցիայով։ Ապրիլ ամսին այստեղ ևս, ինչպես և տնտեսության մյուս ճյուղերում, պայթեց փաշինյանական «աննախադեպ» ցուցանիշների փուչիկը։

Անցած տարվա ապրիլի նկատմամբ այս տարվա ապրիլին արդյունաբերությունում գրանցվեց 8,6 տոկոս անկում։ Թեև սա լուրջ անկում է, բայց եթե բացառենք հանքարդյունաբերությունը, ապա արդյունաբերության մեր ճյուղերում անկումը շատ ավելի մեծ է։ Միայն հանքարդյունաբերությունում է աճ գրանցվել։ Հենց այս ճյուղի մասին էր Նիկոլ Փաշինյանը անցած երկու տարվա ընթացքում բազմիցս հայտարարել, որ այն մեր տնտեսության համար ապագա չէ, որ պետք է անցնել մետաղի մշակմանը, նոր՝ բարձր տեխնոլոգիական արտադրատեսակների թողարկմանը և այլն։ Անշուշտ, այդ հայտարարություններից ոչինչ չի կատարվել։

Հանքարդյունաբերությունում ապրիլին արձանագրվել է պատկառելի աճ՝ 26,7 տոկոս։ Մետաղների և մասնավորապես պղնձի գների նվազման ֆոնին այս ցուցանիշը ձեռք է բերվել հանքանյութի արդյունահանման ծավալների մեծացման շնորհիվ։ Այլ կերպ ասած, դա տեղի է ունեցել մեր ընդերքի հաշվին։ Ինչքանո՞վ է ապագա այս ճյուղը մեր տնտեսության համար, իհարկե, վիճելի հարց է, բայց, որ այն փրկեց Նիկոլ Փաշինյանին՝ արդյունաբերությունում չորս ամիսների ցուցանիշով դեռևս անկում չունենալուց, փաստ է։

Ինչ մնում է մեր արդյունաբերության երկրորդ խոշոր ճյուղին՝ մշակող արդյունաբերությանը, ապա այստեղ արդեն անկումն ակնառու է՝ ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ 16,4 տոկոս, իսկ հունվար-ապրիլին նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ՝ 1,7 տոկոս։ Մշակող արդյունաբերության գրեթե բոլոր խոշոր ենթաճյուղերում՝ խմիչքների, ծխախոտի, հիմնային մետաղների արտադրություններ, թե ապրիլ ամսին, թե հունվար-ապրիլ ամիսներին մասին վերցրած ևս անկում է գրանցվել։ Առայժմ իրավիճակն անփոփոխ է սննդամթերքի արտադրության ծավալներում՝ 0,1 տոկոս աճ ապրիլին։  

Կան ճյուղեր, որոնք ապրիլին ուղղակի կաթվածահար են եղել։ Օրինակ՝ ոսկերչական իրերի արտադրությունն կարելի է ասել չի գործել՝ անկումը 98,6 տոկոս։ Ահռելի անկում են արձանագրել նաև վերջին մի քանի տարիներին կայուն աճ արձանագրող մանածագործական իրերի արտադրությունը՝ 85,8 տոկոս և հագուստի արտադրությունը՝ 78,5 տոկոս։ Կամ՝ էլեկտրական սարքավորումների արտադրությունը ապրիլին ունեցել է 62,1 տոկոս անկում, այլ  մեքենասարքավորումների արտադրությունը՝ 56,5 տոկոս անկում։

Այս տվյալները փաստում են այն իրողությունը, որ ինչպես և ամբողջ տնտեսությունը, այնպես էլ դրա թերևս կարևորագույն ճյուղը արդյունաբերությունը գտնվում են հետընթացի մեջ։ Այդ հետընթացը շարունակվելու է։ Դա նշանակում է ձեռնարկությունների և համապատասխանաբար նրանց աշխատակիցների եկամուտների նվազում, աշխատատեղերի կրճատում, գյուղատնտեսական արտադրանքի մթերման դժվարություններ և գյուղացիների սոցիալական կացության վրա բացասական ազդեցություն։ Ի՞նչ է անում այս արդյունաբերության աջակցելու համար կառավարությունը՝ բացարձակապես ոչինչ։ Անգամ չի փորձում ձևացնել, թե ինչ-որ քայլեր է անում։ Մինչդեռ, ցանկացած երկրի տնտեսության հիմքը և զարգացած լինելու գործոնը արդյունաբերությունն է։

Երկրի վարչապետի աթոռին հայտնված մարդու համար «ամենահրատապ հարցերից մեկն» այս պահին, սակայն, այն է, թե ինչպես «գործիք տան» քաղաքացիներին, որպեսզի վերջիններս նկարեն և ճանապարհային ոստկանություն ուղարկեն մեքենայի մեջ դիմակ չկրողներին ․․․

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ