10 06 2020

Սոցիալական աղետ, թե՞ կորոնավիրուսային մահեր՝ Նիկոլ Փաշինյանի «պարգևած» երկընտրանքը

Սոցիալական աղետ, թե՞ կորոնավիրուսային մահեր՝ Նիկոլ Փաշինյանի «պարգևած» երկընտրանքը

Այն, որ կորոնավիրուսի նման լայնածավալ տարածմանը Հայաստանում նպաստել են Նիկոլ Փաշինյանը, Արսեն Թորոսյանը և իշխանության մյուս ներկայացուցիչները, փետրվար-մարտին քարոզարշավ և հանրահավաքներ անելով, նշել էինք մեր նախորդ հրապարակման մեջ։

Նշել էինք նաև, որ դրա հետևանքով այժմ մեր երկիրն ու ժողովուրդը կանգնած են դաժան ընտրության առջև՝ անցնել այս անգամ խիստ կարանտինի, աղետալի ևս մեկ հարված հասցնելով տնտեսությանն ու բնակչության սոցիալական վիճակին, թե՞ չընդհատել տնտեսական գործունեությունը՝ ակամայից մասնակիցը դառնալով հազարավոր մարդկանց վարակմանը և հարյուրավորների մահվանը։

Սակայն անգամ այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում ներքաղաքական հաշվեհարդարներն են և հալածանքների նոր ալիքի իրականացումը։ Բացի ինքնագովազդից և դիմակներ կրելու կոչերից, անգամ այս կացության մեջ կառավարությունը չի իրականացնում համակարգված գործողությունների շարք վարակի թափը կոտրելու համար և հիմա էլ հիվանդանոցների «սև-սպիտակի» բաժանմամբ է զբաղված, հնարավորություն չտալով կորոնավիրուսով հիվանդներ ընդունելուն պատրաստ հիվանդանոցներին դա անել։

Այժմ դիտարկենք, թե ի՞նչ կարող է տեղի ունենալ ստեղծված իրավիճակում սահմանափակումները խստացնելու կամ ներկա վիճակը շարունակելու դեպքում։

Եթե վերադառնանք այս տարվա մարտ-մայիսի տնտեսական գործունեության տեսակների սահմանափակմանը, այն հույսով, որ դա կկորտրի կորոնավիրուսի ողնաշարը, ապա դա միանշանակ աղետալի կլինի տնտեսության և հատկապես մարդկանց սոցիալական վիճակի վրա։ Կարանտինի ժամանակ երկու-երեք ամիս չաշխատած մարդիկ կորցրեցին եկամուտներ, այդ ընթացքում ծախսելով իրենց քիչ թե շատ ունեցած խնայողությունները։ Ոմանք դա էլ չունեին և ընկան պարտքերի նոր ալիքի մեջ։ Կառավարության սոցիալական աջակցության ծրագրերը պարզապես խորհրդանշական էին։ Ինչպե՞ս կարող էր առանց եկամուտների ասենք 5 հոգանոց ընտանիքը երեք ամիս ապրել, անգամ եթե երեք երեխաներից յուրաքանչյուրին միանվագ 26 հազարական դրամ հատկացված լիներ։ Սա լաբվագույն դեպքում, չխոսելով այն մասին, որ կառավարության աջակցություն ստացածները դրա կարիքը ունեցողների միայն չնչին մասն էր, չնայած Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որ կառավարությոնը փողի պակաս խնդիր չունի։ Հիմա հարց է առաջանում, եթե փողի պակասի խնդիր չունեցած ժամանակ տրամադրված աջակցությունն աննշան էր, իսկ այն չստացողներն էլ կազմում էին գերակշիռ մեծամասնությունը, ապա ինչպե՞ս է փոխհատուցելու երկրորդ անգամ կարանտինի մեջ հայտնվող մարդկանց կառավարությունը։ Այն դեպքում, երբ բյուջեի եկամուտների աննախադեպ նվազում են և միջոցների սղությունն ավելի մեծ է, քան մի քանի ամիս առաջ։ Դեռ մի կողմ դնելով այն հանգամանքը, թե երկարաժամկետ առումով տնտեսության վնասները որքան կլինեն այս դեպքում, ակնհայտ է, որ նոր կարանտինը սոցիալական աղետ կստեղծի դրանից բխող հետևանքներով։

Այդ դեպքում ի՞նչ անել՝ շարունակել ներկայիս կացությունը, թույլ տալով հարյուրավոր մարդկանց ամեն օր վարակվե՞լ և ամեն օր մահեր ունենա՞լ։ Հարկ է մշտապես ընդգծել, որ ներկայիս վիճակը մի քանի ամիս առաջ կանխատեսում էին բազմաթիվ մասնագետներ, քաղաքական և հասարակական գործիչներ, անգամ իրավիճակով հետաքրքրվող և տեղեկատվության մեծ պաշար հավաքած շարքային քաղաքացիներ։ Նրանք բազմիցս կոչեր էին անում իշխանությանը ձեռնարկել անհրաժեշտ քայլերը, բայց իշխանությունը խուլ ու համր էր այդ ամենի նկատմամբ։ Առաջնահերթությունը Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանումն էր, որին լծվել և «կորոնավիրուսը ում շունն է» վիճակի մեջ էին գտնվում նրա շուրջ և իշխանության մեջ հայտնված մարդիկ և բնականաբար՝ հենց ինքը։ Հետևանքը տեսնում ենք այսօր։ Այն շատ նման է մի իրավիճակի, երբ մարդուն սպանում ես, հետո մտածում, որ գուցե հնարավոր է դա ինչ-որ կերպ մեղմե՞լ։ Հիասթափեցնենք Նիկոլ Փաշինյանին, այդպես չի լինում։ Վաղ թե ուշ յուրաքանչյուր արածի համար պատասխանատվության պահը գալու է։

Այս պահին մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս հայտնվել ենք մի իրավիճակում, որ պետական հոգածություն որպես այդպիսին  գոյություն չունի, երբ մարդիկ մահանում են այն պատճառով , որ հիվանդանոցների վերակենդանացման բաժինները տեղ չունենալու պատճառով չեն կարողանում ընդունել նրանց։ Կրկնակի կարանտինի մեջ էլ չենք ցանկանում հայտնվել, քանի որ առաջանալու է «ի՞նչ տարբերություն սովից մահանալ, թե վարակից» հարցը։ Առավել քան ակնհայտ է, որ իշխանությունը ի վիճակի չէ լուծումներ առաջարկել ստեղծված երկընտրանքային իրավիճակում։  Հետևաբար, այս կացության մեջ յուրաքանաչյուրս պարտավոր ենք հոգ տանել մեր և մեր հարազատների առողջության համար, չմոռանալով պատասխանատվություն պահանջել այն մարդուց, որը մեզ բոլորիս հասցրել է նման աղետալի վիճակին, այսինքն՝ հեռացնել նրան և նրան շրջապատող ապիկարներին իշխանությունից։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ