08 06 2020

Հարյուրավոր մահերի պատճառ դառնալուց հետո գոնե լռեք

Հարյուրավոր մահերի պատճառ դառնալուց հետո գոնե լռեք

Կորանավիրուսը լակմուսի պես բացահայտեց Նիկոլ Փաշինյանի և նրա ստեղծած իշխանության ապիկարությունն ու անբարոյականությունը բոլոր նրանց համար ովքեր դեեռևս հավատում էին այս իշխանությանը։ Արդյունքում, այսօր մեր պետությունն ու ժողովուրդը կանգնած են դաժանագույն երկընտրանքի առաջ՝ նորից անցնել այս անգամ խիստ կարանտինի, աղետալի ևս մեկ հարված հասցնելով տնտեսությանն ու բնակչության սոցիալական վիճակին, թե՞ չընդհատել տնտեսական գործունեությունը՝ ակամայից մասնակիցը դառնալով մեր հազարավոր հայրենակիցների վարակմանը և հարյուրավորների մահվանը։ Ինչպիսի՞ն կարող է լինել նման երկընտրանքից ելքը, կանդրադառնանք մեկ այլ անգամ։ Այժմ, թե ի՞նչ է արել այս  իշխանությունը, որ հայտնվել ենք նման երկընտրանքի առաջ, իսկ հիմա էլ լկտիաբար մեղադրում է բոլորին՝ սեփական անբարոյականությունը և հանցավոր մոտեցումը ծածկելու համար։

Հարկ ենք համարում մեկընդմիշտ արձանագրել, որ Հայաստանի իշխանությունը աշխարհում միակն է, որ ոչ միայն անլուրջ մոտեցում է ցուցաբերել կորոնավիրուսի նկատմամբ, այլ նպաստել է դրա տարածմանը։ Նիկոլ Փաշինյանի, Արսեն Թորոսյանի և մյուսների անլուրջ, մեկը մյուսին հակասող արտահայտությունների և գործողությունների մասին շատ է ասվել։ Սակայն, նրանց և մյուս իմքայլականների  կորոնավիրուսի տարածման հանցավոր մասնակցություն ունենալու մասին գրեթե չի խոսվում։

Փետրվարից մեր անմիջական հարևան Իրանում համաճարակը պայթյունային բռնկում ունեցավ, գրեթե զուգահեռաբար այն մոլեգնում էր Իտալիայում, որտեղ 50 եվրոյով գնալը Նիկոլ Փաշինյանի մոգոնած սոցիալական վիճակի լավացման «»փաստարկն» էր։ Ի՞նչ էր անում իշխանությունը վարակի ներթափանցումը Հայաստան կանխելու համար՝ ոչինչ։ Բացի ոչինչ չանելուց, մինչև մարտի առաջին տասնօրյակը մեծ թափով շարունակում էր Սյունիքից սկսած ՍԴ հարցով հանրաքվեի քարոզարշավը և հանրահավաքները։ Կարելի է միայն ապշել, թե ի՞նչ աստիճանի պետք է թքած ունենալ սեփական ժողովրդի կյանքի ու առողջության, երկրի տնտեսական կայության և առողջապահական համակարգին սպառնացող վտանգների վրա, որ նման իրավիճակում հանրահավաքներ անես՝ նպաստելով վիրուսի տարածմանը։  Բոլոր զգուշացումները, հորդորները, քննադատությունները՝ մի կողմ դնել այդ ամենը և զբաղվել մեզ բոլորիս սպառնացող վտանգով, անհրաժեշտ միջոցառումների առաջարկները որևէ նշանակություն չունեցան Նիկոլ Փաշինյանի՝ ՍԴ-ի ներկա կազմից ազատվելու մոլագար ցանկությունից հրաժարվելու համար։

Եվ ահա, երբ համավարակի տարածումը իսկապես թռիչքաձև աճում է մեր երկրում, և մենք իսկապես աննախադեպ ցուցանիշներ ենք արձանագրում այս առումով, Նիկոլ Փաշինյանը, նրա քայլարածները, սորոսական գործակալներ և ինչ-որ «անկախ» պատգամավոր սկսել են խոսել մեր դեմ մղվող պատերազմի, ժողովրդի կյանքը փրկելու, պետականության, հայրենիքի մասին, որոնք իրենց համար իրականում գրոշի արժեք չունեն։ Անգամ Լևոն Տեր-Պետրոսյանը միացավ այդ արշավին՝ կրծքով պաշտպանելով վարչապետ դարձած իր «հոգեզավակին»։ Ո՞րն է այս ամենի մեխը՝ «ով քննադատում է իշխանությանը կամ պահանջում, որ նա հեռանա, դավաճան է»։ Սա է նրանց պարզունակ լոզունգը, որը մատնում է նրանց մտահոգությունը ներկա իշխանության նկատմամբ հանրության  բացասական տրամադրությունների ահագնացման նկատմամբ, ինչպես նաև անհաջող փորձ արվում սեփական մեղքը բարդել ուրիշների վրա։  

Հենց սա է փաստում այս իշխանության անբարոյական էությունը։ Նրանց համար անգամ տասնյակ հազարավոր հիվանդները, առողջապահական համակարգի իրենց հասցրած կոլափսը, հարյուրավոր մահերն անգամ չեն ստիպում, որպեսզի, եթե իրենց մեղքը բարձրաձայն չեն ընդունում, գոնե լռեն։ Սրանց լկտիությունն այն աստիճանի է, որ մեղադրում են բոլորին ովքեր ասում են՝ «դուք և ձեր «թավշյա» վարչապետն է այս ամենի մեղավորը, դուք, ըստ էության, դարձել եք մարդասպաններ և հիմա փորձում եք արդարացնել ձեր արածը մեղադրելով ուրիշներին»։ Եվ իսկապես, այդպես վարվում են միայն մարդասպանները, ինչպես օրինակ նրանք, ովքեր գրավեցին ոստիկանական գունդը և սպանեցին երեք ոստիկանի։

Վարակի տարածմանը նպաստած և մարդասպան դարձածները, երկիրն այս վիճակին հասցրածները վաղ թե ուշ պատասխան են տալու իրենց կատարածի համար օրենքի ողջ խստությամբ։ Եվ երբ գա այդ պահը, առավել քան պարզ է, որ նրանց ներկայիս լկտիությունից հետք անգամ չի մնալու։

Արա Մարտիրոսյան     

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ