Հայաստանում հունիսի 3-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 10 524 դեպք և 170 մահ։ Սա արդեն փաստացի երեք ամիս շարունակվող արտակարգ դրության պայմաններում: Ինչո՞ւ այսպես եղավ, ո՞րն է պատճառը, մի քանի օր է, բուռն թափով մեղավորների փնտրտուք է, ժողովուրդն ասում է՝ կառավարությունն է մեղավոր, կառավարությունն էլ՝ ժողովուրդը: Վերջին ուղիղ եթերում էլ Նիկոլ Փաշինյանը իրավիճակը կապեց ուժային կառույցների հետ:
«Չկա աշխարհում տենց ուժային կառույց, որ կարողանա էդ մասշտաբի հետ առնչվել ու լուծել այն: Մեր ոստիկանությունը պետք է չորս հինգ անգամ ավելի մեծ լինի, էն էլ հարցա, կկարողանա թե ոչ: Կատաստրոֆիկ մասշտաբա Հայաստանում, չկա տենց ուժային կառույց, բոլորը ժամացույցի պես աշխատեն, չեն կարողանալու այս խնդիրը կարգավորել»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի ասածի տրամաբանությունից ելնելով ներկայացնում ենք թվեր համեմատութան համար: Ընտրել ենք այնպիսի երկրներ, որոնք բնակչության թվով մոտ են Հայաստանին և բացի այդ, որոշակի տվյալներ առկա են նաև այդ երկրների ոստիկական ուժերի թվի մասին:
Լատվիայում բնակչությունը մոտ 2,2 միլիոն է, մինչ հիմա վարակակիրների թիվը՝ 1079 է, մահերի թիվը՝ 24, իսկ ոստիկանների թիվը՝ 7000:
Նոր Զելանդիայում Բնակչությունը մոտ 5 միլիոն է, վարակվածների թիվը՝ 1504, մահերի թիվը՝ 22, ոստիկանների թիվը՝ 11 հազար:
Լիտվայում բնակչությունը 3,5 միլիոն է, վարակաիրների թիվը 1684, մահերի թիվը՝ 71, ոստիկանների թիվը շուրջ 11 հազար:
Սլովակիայի բնակչությունը 5,5 միլիոն է, վարակակիրների թիվը՝ 1525, մահերի թիվը՝ 28, ոստիկանների թիվը 14 հազար:
Նշենք, որ Հայաստանում մոտ 3 միլիոն բնաչություն ունի, իսկ ոստիկանների թիվը ըստ տարբեր հրապարակումների՝ 9-11 հազարի սահմաններում է:
Նշենք նաև, որ ՄԱԿ-ի հրապարակած տվյալների համաձայն, տարբեր երկրների միջին վիճակագրական ցուցանիշներով, 100 հազար բնակչին բաժին է ընկնում ոստիկանության մոտ 300 աշխատակից:
Համեմատելու համար նշենք, որ օրինակ Սլովակիան դեռևս փետրվարի վերջից սկսել էր լուրջ միջոցառումներ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում՝ խիստ հսկողություն սահմաններին, մարտի 9-ից վիրուսի մեկ դեպք հայտնաբերվելու հետևանքով փակվեցին անխտիր բոլոր ուսումնական հաստատությունները, արգելվեցին բոլոր մասսայական միջոցառումները, փակվեցին թանգարանները, պատկերասրահները և այլ կառույցներ։ Միևնույն ժամանակ, Հայաստանում, որը գտնվում էր աշխարհում կորոնավիրուսի այդ ժամանակվա ամենավտանգավոր կենտրոններից մեկի՝ Իրանի հարևանությամբ, երբ արդեն իսկ հաստատվել էր կորոնավիրուսի դեպք, ընթանում էր ակտիվ քարոզարշավ:
Մարդիկ վարչապետի գլխավորությամբ մասնակցում էին հանրահավաքների։ Արտակարգ դրություն հաստատվեց միայն այն ժամանակ, երբ արդեն իրավիճակը դուրս էր եկել վերահսկողությունից՝ ակնհայտ դարձնելով, որ իշխող ուժի և անձամբ Նիկոլ Փաշինյանի քաղաքական շահը վեր դասվեց պետական շահից:
Իսկ Նիկոլ Փաշինյանի վկայակոչած ժամացույցի պես աշխատող ուժային կառույցը ամենևին էլ խնդրի լուծում չէ, առաջնայինն ու կարևորը ժամացույցի պես աշխատող պետական համակարգն է, կառավարությունը՝ կառավարության ղեկավարից սկսած:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը