ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր ղեկավարած կառույցի 2019 թվականի գործունեության մասին հաղորդումը ԱԺ-ին ներկայացնելուց և բազում իմքայլականների գոհունակ գովեստները լսելուց հետո շտապեց փարատել նաև նրանց վախերը։ Օրինակ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անօրեն կալանքից ազատելու մտքից սարսափած պատգամավոր տիկինը համաճարակի ընթացքում նրա՝ «Իզմիրլյան» բուժկենտրոնում մնալը շփոթել էր ազատության մեջ մնալու հետ և նույնիսկ «սելեկտիվ մոտեցում» էր տեսել։ Գլխավոր դատախազը արդեն զեկուցել էր, որ իրենց իշխանության օրոք «զգալիորեն աճել է» գործ տալու ու շանտաժի`«իրենց հետ նախաձեռնողական համագործակցության մակարդակը» և «գրավը որպես խափանման միջոց կիրառման դեպքեր»-ի ավելացումը թավշյա տիկնոջը չպետք է անհանգաստացնի։ Նա նաև` «նախկինների մնացորդ» չհամարվելու վախից, խոստացավ, որ «կբողոքարկվի» առանց իր թույտվության վարչական դատարանի կայացրած որոշումը և «քրեակատարողական ծառայության գործընկերներին» կթելադրվեն խիստ սելեկտիվ «հետագա գործողություններ»։
Նույն պատգամավոր տիկինը վրդովվեց նաև, որ ՄԻԵԴ որոշմանը, «որը հիմնվել է ՍԴ կողմից ներկայացված հարցերի հիման վրա», շատ իրավաբաններ իրենց իրավաբանների միանշանակ կարծիքից տարբերվող`«բարենպաստ» գնահատական են տվել։ Գլխավոր դատախազը տիկնոջը ու բոլոր իմքայլականներին վստահեցրեց, որ անհանգստանալու պատճառ չկա, քանի որ ՄԻԵԴ որոշումն իրե՛նք են թարգմանելու, և դա կանեն այնպես, որ բոլոր բարենպաստ որոշումները հակառակի մաստը ստանան։ Ապա հավելեց. «փորձեմ ամփոփել ո՛չ մասնագետի լեզվով` այդ հարցերին պետք է անդրադառնա գործը ըստ էության քննող դատարանը, և ո՛չ եվրոպական դատարանը կամ ՍԴ-ն։ Հստակ համադրություն է արվում և ասվում է, որ այս հետևություններին վերացական փաստերով հնարավոր չէ գալ։ Այսինքն, գործի կոնկրետ հանգամանքների արդյունքում գործը քննող դատարանն ինքը պետք է հետևության գա` որոշակի է օրենքը, թե որոշակի չէ, հետադարձ ուժը կիրառելի՞ է, թե կիրառելի չէ»։
Եթե Արթուր Դավթյանը չվախենար անխուսափելի արդար դատաստանից ու իրեն ապահովագրելու մասին չմտածեր, ապա բոլորին հասկանալի հայերենով պարզ կասեր, որ եթե Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների նկատմամբ քաղաքական հաշվեհարդարի շինծու քրգործը քննի անկախ, ո՛չ հեռակառավարվող ու պատվեր չկատարող որևէ դատարան, ապա այն անմիջապես կչեղարկվի հանցակազմի բացակայության, օրենքի անհամապատասխանության ու ամբաստանությունների կեղծության հիմքով։ Եվ եթե իրեն հաջողվի, ապա պատիվ ու արժանիք չունեցող դատավորին կթելադրվի համադրել վերացական ու հնարված, հաստատումներից ու ապացուցողական հիմքերից զուրկ «փաստեր», դրանցով կատարելով «անհրաժեշտ» հետևություններ, անորոշ ու հակասահմանդրական օրենքը համարել որոշակի ու սահմանադրական, նրան տալ հետադարձ ուժը և կիրառել` որպես քաղաքական հակառակորդի նկատմամբ հաշվեհարդարի գործիք։
Վերջ ի վերջո, պարզ դարձավ թե ինչու՞ դատախազը որը գնացել էր հաշվետու լինելու երկրի խորհրդարանին 2019 թվականի արած-չարածի մասին, հիմնականում խոսեց և պատասխանեց Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակվելու «ռիսկերի» մասին՝ փորձելով փարատել իշխանականների վախերը։ Ու դեռ «սրանք» մեզ ուզում են համոզեն որ գործը, իրավական է, և ոչ քաղաքակա՞ն։
Արթուր Մխիթարյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը