01 06 2020

«Արտակարգ դրություն» հայտարարելը քիչ է, իշխանությունը պետք է հստակ գործի

«Արտակարգ դրություն» հայտարարելը քիչ է, իշխանությունը պետք է հստակ գործի

Այսօր դեռ «տաք են»՝ մի օր ժողով են անում, մյուս օրը՝ ոչ, մի օր կեռաս են հավաքում, մյուս օրը լայվ մտնում ու փիլիսոփայում, բայց երբ կլինեն այլևս «նախկին», այդ ժամանակ հարցերը շատ կոնկրետ են լինելու, թե նոր իշխանությունների կողմից, թե անմեղ մահեր ունեցած ընտանիքների։

 Ինչ-ինչ, բայց լարված իրավիճակներ քիչ չեն եղել մեր մեր երկրում, թեկուզ վերջին 15-20 տարիների ընթացքում: Սակայն տվյալ ժամանակահատվածում երկու անգամ է, որ իշխանությունը գնացել է «արտակարգ դրություն» հայտարարելու որոշում ընդունելուն. 2008 թվականի մարտի 1-ին և 2020 թվականի մարտի 16-ին:

 Ինչ խոսք, միանգամայն տարբեր են նման որոշում կայացնելու պատճառները, շարժառիթները, նպատակները, իրադարձությունները: Բացարձակապես տարբեր են, իհարկե, որոշում կայացնողներն ու իրականացնողները: Ավելին, տարբեր են նաև «արտակարգ դրության» ռեժիմի ընդգրկումը և ժամկետները: Հիշեցնենք, որ 2008թ. մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարվեց միայն մայրաքաղաք Երևանում և 20 օրով: Իսկ 2020-ի մարտի 16-ին 1 ամսով հայտարարված արտակարգ դրույթան ռեժիմը տարածվում է հանրապետության ամբողջ տարածքի վրա և արդեն երկու անգամ երկարացվել է, ավարտի ընթացիկ ժամկետ նշված է հունիսի 13-ը, ժամը 17:00-ն:  

Թե 2008-ին ինչո՞ւ դեպքերի ընթացքը հասավ այն ծանր կետին ու վիճակին, որ այլևս անխուսափելի անհրաժեշտություն էր «արտակարգ դրություն» հայտարարելը, շատ է խոսվել, քննարկվել, ամենատարբեր տեսանկյուններից վերլուծության ենթարկվել և դեռ էլի կարծարծվի: Այս անդրադարձում խնդիրն այդ ամենը ևս մեկ անգամ վերլուծել կամ վերարծարծելը չէ: Նմանապես, կշրջանցենք հարցերը, թե ինչո՞ւ կամ ինչ հանգամանքներում, ինչպիսի գործոնների ազդեցության պայմաններում 2020-ին Հայաստանը նոր կորոնավարակի առումով հայտնվեց այնպիսի կացության մեջ, որ առկա իշխանությունը որոշեց, այնուամենայնիվ, «արտակարգ դրություն» հայտարարելու որոշում ընդունել:

Տվյալ դեպքում, նախ կարևոր են նման որոշումներ ընդունած իշխանությունների գործողությունները, պահվածքը և այն, թե որքանով «արտակարգ դրությունը» ծառայեց այն խնդրի լուծմանը, ինչի համար կամ պատճառով հայտարարվել էր:

Չնայած 2008 թվականի ողբերգական դեպքերից արդեն ավելի քան 12 տարի է անցել, բայց շատերը կհիշեն, որ Երևանում «արտակարգ դրություն» հայտարարելուց գործնականում 1 օր անց իրավիճակը հանգուցալուծվել էր, իշխանությունը վերականգնել էր իրադրության վերահսկողությունը, կարգուկանոնը: Ցավալի է, բայց մարտի 1-ի երեկոյան ու գիշերվա բախումների հետևանքով 10 զոհ ունեցանք, այդ թվում՝ մինչև այժմ լիովին չպարզված հանգամանքներում զոհվեց քաղաքացիական 8 անձ և ոստիկանության՝ ներքին զորքերի 2 ծառայող:

Այժմ, երբ հետահայաց դիտարկում ես այդ օրվա ճակատագրական դեպքերի ընթացքը, ցավը կրկնակի է դառնում այն գիտակցումից, որ հնարավոր էր խուսափել զոհերից ու նման իրավիճակից, եթե...: Սակայն անցյալը, պատմությունը «եթե...» ներ չի ընդունում, այն կատարված փաստ է, իրողություն:

Բայց միևնույն ժամանակ, հատկապես երբ տարիների հեռվից ես այդ ամենը դիտարկում, հասկանում ես, որ 2008-ի մարտի 1-ին ամեն ինչ կարող էր ավելի վատ շարունակություն ունենալ, կարող էր վերածվել շատ ավելի մեծ արյունահեղության, և զոհերի թիվն էլ անհնար է ասել, թե քանիսի կհասներ, եթե Ռոբերտ Քոչարյանի գլխավորած իշխանությունը ստիպված չգնար «արտակարգ դրություն» հայտարարելու և իրավիճակի վերահսկողությունը կտրուկ գործողություններով վերականգնելու քայլին ու, եթե մի քիչ էլ հապաղեր այդ որոշումն ընդունելու պատասխանատվությունն ստանձնելու հարցում: Պատասխանատվություն, որից չի խուսափել և չի խուսափում:

 Ինչ վերաբերում է ընթացիկ «արտակարգ դրությանը», ապա այն, այն պայմանավորված է նոր կորոնավարակի տարածման իրողությամբ, ապա և՝ մեր երկրում այդ առումով ստեղծված իրավիճակով:

 Ի՞նչ ունենք այսօր, արտակարգ դրության ռեժիմ հայտարարելուց 71 օր անց: Եթե ԱԴ հայտարարելու պահին վարակվածների թիվը հազիվ հինգ տասնյակ էր, ապա այժմ, պաշտոնական տվյալների համաձայն, կոնկրետ հունիսի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ ունենք կորոնավիրուսով վարակվելու հաստատված 9402 դեպք, որից՝ 139-ը՝ մահվան ելքով ու ևս 55 մահվան դեպք, ինչպես պաշտոնական տեղեկատվության մեջ է նշվում՝ «այլ պատճառով»:

 Առաջինը, ինչ նշում են Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության քննադատները այս առիթով, այն է, որ կառավարության կողմից հատուկ միջոցներ և ինչպես արտաքին հաղորդակցության, այնպես էլ երկրի ներսում մարդկանց շփման, տեղաշարժի խիստ սահմանափակումներ կիրառելու քայլերը արվեցին ուշացումով: Քայլերն ի սկզբանե դիպվածային էին և ոչ հետևողական (օրինակ, Իրանի հետ հաղորդակցությունը խստիվ սահմանափակվեց փետրվարի վերջերին, մինչդեռ հենց նույն ժամանակ կորոնավարակային մեծ օջախի վերածված Իտալիայի հետ ավիացիոն հաղորդակցությունը ակտիվ շարունակվում էր):

Առկա կառավարությունը սկզբում նկատելիորեն հապաղեց նաև երկրի ներսում վարակի բռնկման օջախները  «փակելու» կամ մեկուսացնելու հարցում ևս:

Արդեն ավելի քան երկու ամիս է, ինչ երկրում «արտակարգ դրություն» է, ըստ որում, թե՛ հայտարարված իրավական ռեժիմի իմաստով, թե՛, ցավոք, փաստացի իրադրության:

Արդեն իսկ նկատելի է նաև, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը ոչ թե պատրաստ է ստանձնել ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը, այլ ինտենսիվ քարոզչական աշխատանք է տանում՝ այդ պատասխանատվությունը հասարակության վրա բարդելու, ինչպես իրենք են սիրում ասել՝ ժողովրդին մեղավոր ու պատասխանատու նշանակելու ուղղությամբ:

Ավելին, այնպիսի ճնշող տպավորություն է, որ «թավշյա» կառավարությունը այդպես էլ չի կարողանում հստակ կողմնորոշվել, թե որոնք են առաջնահերթությունները և ինչպե՞ս վարվել. Ա) գնալ խիստ սահմանափակումների՞ և իր վրա վերցնել դրանից անխուսափելիորեն ծագող տնտեսական, սոցիալական, ենթակառուցվածքային խնդիրների ամբողջ ծանրությունը, թե՞ Բ) մեղմ կամ մեղմացված սահմանափակումների պայմաններում «բացել» տնտեսությունը, երթևեկը, շարժը:

Մոտավորապես 15-20 օրվա պարբերականությամբ կառավարության մոտեցումներում նժարը մեկ այս կողմ է թեքվում, մեկ այն կողմ: Կարող է թվալ, թե դա այդպիսի ճկուն մարտավարություն է: Մինչդեռ դա ավելի շուտ շշկռվածի, շփոթահարի և իր անելիքներում չկողմնորոշվողի, իր պատասխանատվությունը այլոց ուսերին թողնելու հակվածի վարք է հիշեցնում: Հանրագումարում, երկիրը, հասարակությունը կորուստներ ու գնալով ավելի ու ավելի ծանր պատկեր է ստանում թե՛ սոցիալ-տնտեսական առումով, թե՛ կորոնավարակի տարածման իմաստով:

Հիմնականը. «արտակարգ դրություն» հայտարարելը քիչ է: Դա կախարդական փայտիկ չէ, որ ասես՝ «դըմ-դմփ-հու» կամ «էկս-բեկս-կրեկս» ու ամեն ինչ տեղն ընկնի: Իշխանությունը պետք է հստակ ու հետևողական գործի, պետք է իմանա, թե ինչ է անում և ինչպես, ու ամենակարևորը՝ ի՞նչ արդյունքի սպասի այդ ամենը անելուց հետո: Անշուշտ գալու է նաև այն պահը, երբ այսօրվա իշխանավորները պատասխանատվություն կկրեն, «շշկռված» գործությունների կամ անգործության արդյունքում երկիրը արհավիրքի մեջ գցելու, տնտեսությունը վարի տալու և որ ամենից կարևորն է մարդկանց անմեղ մահերի համար։

Այսօր դեռ «տաք են»՝ մի օր ժողով են անում, մյուս օրը՝ ոչ, մի օր կեռաս են հավաքում, մյուս օրը լայվ մտնում ու փիլիսոփայում, բայց երբ կլինեն այլևս «նախկին», այդ ժամանակ հարցերը շատ կոնկրետ են լինելու, թե նոր իշխանությունների կողմից, թե անմեղ մահեր ունեցած ընտանիքների։

Այդ ժամանակ դժվար կլինի մեղքը գցել Էջմիածնեցի տիկնոջ, Վարդենիսի բժշկի կամ այլ քաղաքացիների վրա։

 Արմեն Հակոբյան   

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ