24 05 2020

Այս «դատավորի» պարագայում արդարադատության մասին խոսքերն ավելորդ են

Այս «դատավորի» պարագայում արդարադատության մասին խոսքերն ավելորդ են

Շատերը նկատած կլինեն, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմում ներգրավված են այդ ասպարեզում գործող մի ամբողջ շարք լավագույն մասնագետներ: Ու հայրենի փաստաբանական համայնքի նման ներկայացուցիչների ներգրավվածության դեպքում առավել ևս աչքի է զարնում այն տեղակությունը, որ փաստաբաններ Հայկ Ալումյանը, Արամ Վարդևանյանը և Արամ Օրբելյանը հետ են վերցրել մայիսի 13-ին դատավոր Աննա Դանիբեկյանի կայացրած որոշման վերաբերյալ ներկայացրած վերաքննիչ բողոքները:

Սա իսկապես ոչ ստանդարտ երևույթ է: Նման որակավորում ու մասնագիտական գործունեության ասպարեզում բարձր համարում ունեցող փաստաբանները, որպես կանոն, եթե վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք են ներկայացնում, հաստատ, դա չեն անում մի քանի օր անց բողոքը հետ վերցնելու համար: Եվ, եթե նման քայլի են դիմում, նշանակում է, որ դատական իշխանության կողմից այնքան բացահայտ և ցցուն է կողմնակալությունը, այնքան ակնհայտ են օրվա քաղաքական իշխանության կողմից տրված պատվերը և դատական համակարգի կոնկրետ ներկայացուցչի՝ այդ պատվերին հետևելու հաճկատարությունը, որ անիմաստ է նույնիսկ բողոք ներկայացնել: Այս դեպքում հաստատապես հենց այդ իրավիճակն է:

Ինչի՞ մասին է խոսքը:

Մայիսի 13-ին, ինչպես նշվեց, դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց փաստաբանների միջնորդությունները՝Ռոբերտ Քոչարյանինգրավի դիմաց ազատ արձակելու, խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու, նրան Արցախի և Հայաստանի նախկին վարչապետերի անձնական երաշախավորությամբ ազատ արձակելու վերաբերյալ: Բնական է, որ Երևանի ընդհանուր իրավասույթան դատարանի այդ որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ ատյանում: Եվ փաստաբաններն էլ, ըստ կարգի, վերաքննիչ բողոքներ էին կազմել ու ներկայացրել:

Եվ ահա, այդ բողոքների քննությունը մակագրվում է Արմեն Դանիելյանին: Այն դատավորին, որն ավելի վաղ, 2019 թվականին  բեկանել էր Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու, գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումները:

Երկրորդ նախագահի փաստաբանական թիմի նշված ներկայացուցիչները, հետ վերցնելով վերաքննիչ բողոքները, հենց այդպես էլ ուղիղ տեքստով հայտարարեցին՝

դատավոր Արմեն Դանիելյանի դեպքում արդարադատություն, դատավարություն կամ իրավական ցանկացած գործընթաց ակնկալել հնարավոր չէ: Հետևաբար, ավելի նախընտրելի է բողոքները հետ վերցնել, քան մասնակցել կանխորոշված ֆարսի, որն անգամ դատավարություն չես անվանի:

Արմեն Դանիելյանը հանուն հանձնարարական կատարելու արել էր մի բան, որ նույնիսկ ամենաբռնատիրական համակարգերում չի արվում՝ պաշտպանական կողմին առարկելու հնարավորություն չէր տվել: Իսկ այն, որ նշված «դատավորը» անբավարար գնահատեց Արցախի նախկին ու այդ պահին գործող նախագահների անձնական երաշխավորությունները՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատելու վերաբերյալ, այն կարգի անբարո և ցածր դրսևորում է, որ նույնիսկ լրացուցիչ քննարկել չարժե:

Այս ամենի համատեքստում ամենից դառը ու, միաժամանակ, զավեշտական պահերից մեկն այն է, որ փաշինայանական իշխանությունը չի էլ փորձում գոնե ձևի համար մեկ այլ դատավորի հանձնարարել Ռոբերտ Քոչարյանին վերաբերող հարցի քննությունը:

Եվ իսկապես, ինչո՞ւ ավելորդ «գլուխ ցավեցնել», եթե կա արդեն մի քանի անգամ պատվերը կատարած, գործադիր իշխանության հրամանների առաջ բերանքսիվայր փռված կամակատար: Հետո՞ ինչ, որ նրա վարկանիշը ցածրից էլ ցածր է՝ «-20»:

Դա կարևոր չէ, կարևորը, որ իշխանությունը գտել է այնպիսի դատավորների, որոնք պատրաստ են վազեվազ սպասարկել «թավշապետին»:

Իշանությունը չի էլ ցանկանում ռիսկի դիմել, որովհետև դրա արդյունքում կարող է մասնագիտական կոչմանը համապատասխանող դատավորի հանդիպի ու բանը բանից անցնի: Եվ Փաշինյանի համար քաղաքական առումով կենսական նշանակություն ունեցող հարցով գործը հանձնարարվում է նույն դատավորներին, որոնք իրենց «դոսյեներում» այնքան ապօրինություններ են կուտակել, «թավշյա ռեժիմից» կախվածության մեջ են:

Մի խոսքով, փաշինյանական իշխանության պայմաններում միայն անուղղելի լավատեսը կարող է Ռոբերտ Քոչարյանին վերաբերող գործով դատարանի մուլյաժից արդարադատություն ակնկալել: Նման պայմաններում դատական գործընթացը զուտ արարողակարգային բնույթ է կրում՝ ավելի ու ավելի ընդգծելով քաղաքական պայքարի դիմելու անհրաժեշտությունը:

Ինչ վերաբերում է դատաիրավական այս բեսպրեդելին, ապա դա ևս համարժեք գնահատականի կարժանանա իր ժամանակին: Ի դեպ, այդ ժամանակն այնքան էլ հեռու չէ, ինչպես թվում է ոմանց:

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ