20 05 2020

Տապալված կարևորագույն ոլորտներ, որոնց մասին Նիկոլ Փաշինյանը «փաստեր» չունի

Տապալված կարևորագույն ոլորտներ, որոնց մասին Նիկոլ Փաշինյանը «փաստեր» չունի

Նիկոլ Փաշինյանի հերթական «100 փաստը» առանձնապես չէր տարբերվում նախորդներից, թերևս բացի նրա նկատմամբ հետաքրքրության անկումից։ Եվ պատճառը միայն ծաղրանքի առիթ դարձած ընձառյուծի հայտնվելն ու ՃՈ կողմից Նիկոլ Փաշինյանի կնոջ տուգանվելը նման փաստերի մեջ հայտնվելը չէր։ Օրինակ, կառավարության հակաճգնաժամային օժանդակության ծրագրերից յուրաքանչյուրը ներկայացվեց որպես առանձին փաստ։ Քանակ ցույց տալու այդ մոտեցումն ուղղակի զավեշտալի էր։ Ներկայացվեցին նաև կորոնավիրուսի հետ կապված այլ միջոցառումներ, որոնցով հանդերձ, այս թեմային նվիրված փաստերը կազմել էին 100 «փաստի» ավելի քան մեկ քառորդը։ Մինչդեռ, կարևորը ոչ թե ծրագրերի թիվն է, այլ դրանց արդյունավետությունն և հասցեականությունը, ինչը չկա։

Տնտեսական վիճակագրական ցուցանիշներ, տաբեր միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի դիրքի վերաբերյալ գնահատականներ, նախորդ կառավարության  կողմից սկսված և շարունակվող ծրագրեր, սոցիալական որոշ միջոցառումներ, որոնց մեծ մասը ճյուղային նախարարի կամ փոխնախարարի ներկայացման մակարդակի էին և վերջ։ Փոխարենը, «100 փաստում» բացակայում էին երկրի զարգացման համար կարևորագույն ոլորտներում կառավարության կատարած աշխատանքի մասին արդյունքները։     

Այսպես, Նիկոլ Փաշինյանը ոչինչ չասաց․

1․ Իր սիրելի թեմայից՝ կոռուպցիայի դեմ պայքարից, մեր երկրում դրա հաղթահարված լինելուց, օլիգարխներից։ Հիմա նրա քննադատած օլիգարխները նրա ամենասիրելի մարդիկ են, իսկ հատկապես վերջին օրերի կոռուպցիոն սկանդալները ուղղակիորեն ուղղված են հենց Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանեկան շրջապատին։ Նրա մատնանշած «թալանված գումարների» իբր հետ վերադարձի մասին մեկը մյուսին հակասող տվյալներին էլ անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակմամբ։

2․ Հայաստանում ներդրումների մասին, որտեղ մխիթարական ոչինչ չկա։ 2018 թ․-ի ապրիլ-մայիսից սկսած օտարերկրյա ներդրումները նվազել են, իսկ 2019 թ․-ին մնացել նույն մակարդակի վրա։

3․ Հայաստանից ֆինանսական արտահոսքի մասին։ 2019 թ․-ին 2017 թ․-ի համեմատ Հայաստանից ֆինանսական արտահոսքն ավելացել է մոտ 500 մլն դոլարով, իսկ զուտ ներհոսքը (երկիր մտնող և երկրից դուրս եկող գումարների տարբերությունը)՝ նվազել մոտ 260 մլն դոլարով։

4․ Իր կողմից տարփողված ճանապարհաշինության մասին, որի ծավալներն այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա առաջին երեք ամիսներին համեմատ կրկնակի նվազել են։

5․ Արտաքին պարտքի մասին, որը նրա շահարկումների հիմնական թեմաներից է եղել նախկինում։ Ընդամենը մամուլի ասուլիսից մեկ-երկու օր հետո տեղեկատվություն  տարածվեց ԱՄՀ-ից Հայաստանի նոր՝ 280 մլն դոլարի վարկ վերցնելու մասին։ Ինչ մնում է մինչ կորոնավիրուսային ժամանակաշրջանին, ապա 2018 փ․-ի ապրիլից մինչև 2019 թ․-ի վերջը արտաքին պարտքն ավելացել է մոտ 300 մլն դոլարով։

6․ Հայաստան զանգվածային հայրենադարձության կամ ներգաղթի մասին։ Բանն այն է, որ 2019 թ․-ին Հայաստանից հեռացողները գերազանցել են Հայաստան եկողներին 6529-ով ավելի մարդ, ինչն ավելացել է 2018 թ․-ին արձանագրված 4585-ի համեմատ։ Ի դեպ, առաջ անցնելով նշենք, որ եթե այս թիվն առաջիկայում դառնա դրական, ապա դա հետևանք է կորոնավիրուսի և տասնյակ հազարավոր մարդկանց Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնելու անհնարինության։

Այս ամենի մասին Նիկոլ Փաշինյանի «փաստեր» չունի, քանզի փաստերն այստեղ խոսում են միայն նրա և նրա կառավարության տապալման մասին։

Արա Մարտիրոսյան    

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ