14 05 2020

50-70 մարդու բանկային գաղտնիք մատուցել են Նիկոլ Փաշինյանին

50-70 մարդու բանկային գաղտնիք մատուցել են Նիկոլ Փաշինյանին

Անցած տարեվերջին «Քո բանկային գաղտնիքն այլևս գաղտնիք չի լինի» հրապարակմամբ ներկայացրել էինք այն հիմնական դրույթը, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրիս բանկային գաղտնիքը հասանալի դարձնել իշխանություններին՝ դրանից բխող քաղաքական և տնտեսական ահաբեկումների հետևանքներով։ Մասնավորապես, եթե որևէ մեկը գործարք կատարած լինի հանցագործություն կատարելու մեջ կասկածվող մարդու հետ, ապա անկախ նրանից կապ ունի տվյալ հանցագործության հետ, թե ոչ, նրա բանկային հաշվի մասին տեղեկությունները նույնպես հայտնի են դառնում քննություն իրականացնող մարմինին։ Սակայն ինչպես տեսանք օրերս, ոչ միայն այս տեղեկատվությունը կարող է հասանելի լինել և ոչ միայն իրավապահ մարմիններին։ 

Ազգային Ժողովում ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը հետևյալը հայտարարեց․ «Մենք դեպքեր ունենք, գոնե հիսուն դեպք ունենք, երբ մարդը բանկում ունի 20 միլիոն և ավել ավանդ, եկել պետությանը հայտարարագիր է տվել, որ ինքը 26 հազար դրամի կարիք ունի, իհարկե, ծրագրից օգտված 146 հազար մարդու մեջ տոկոս չի կազմում։ 9-րդ միջոցառումից օգտված 70 մարդ կա որոնք իրար հետ մի միլիարդ դրամ ավանդ ունեն բանկերում»։ Ի՞նչ է սա, եթե ոչ բանկային գաղտնիքի բացահայտում։ Սակայն «իմքայլական» տրամաբանությամբ այստեղ բանկային գաղտնիքի բացահայտում չկա։

«Յուրաքանչյուր անձի ունեցած ավանդի մեծությունը, նրա հաշիվների շարժը, վերցրած վարկերի ծավալը, այս ամենն իրոք հանդիսանում է բանկային գաղտնիք և որևէ մեկը չի կարող առանձին անձի վերաբերյալ տվյալներ ունենալ, բայց ամփոփ տվյալներ պետական մարմինները, նաև  լրագրողները կարող են հարցում անել և ստանալ», իր վարչապետին այսպես շտապեց օգնության հասնել ԱԺ պատգամավոր և խորհրդարանական վերջին ծեծկռտուքը հրահրած Բաբկեն Թունյանը։

Պատգամավորը գուցե չգիտի՞, որ դեռևս 2018 թ․-ի օգոտոսի 17-ի հանրահավքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց կոնկրետ մարդու բանկային հաշվին եղած 30 մլն դոլար գումարի մասին կամ էլ չի լսել նրա «կա՞ դատավոր, որ ինձ ասի չէ» սպառնալիքը դատական համակարգին։ Բնական է, որ գիտի։ Պարզապես միամիտ է ձևանում՝ փորձելով տպավորություն ստեղծել, որ օրենք չի խախտվել և խախտվելու, որ երկրի ղեկին հայտնված մարդը հոգեպես անհավասարակշիռ և հիստերիկ կամայականություններով առաջնորդվող չէ և ցանկացած պահի նրան չեն մատուցի այն, ինչը նա պահանջում է՝ անկախ դրա գաղտնիք կամ օրենքով թույլատրելի լինել-չլինելուց։ Սակայն դա էլ մի կողմ դնենք և վերադառնանք Բաբկեն Թունյանի վերոնշյալ պարզաբանում-արդարացմանը։

Ինչպե՞ս է պատկերացնում մեր նախկին գործընկեր պատգամավորը, այդ ի՞նչ «ամփոփ» տվյալներ են, որոնք վերաբերվում են կոնկրետ 50 հոգու, որոնք ունենք 20 միլիոն և ավելի ավանդ կամ կոնկրետ 70 հոգու, որոնք միասին վերցրած մի քանի միլիարդ ավանդ ունեն։ Վիճակահանությա՞մբ են ստացել այդ 50 կամ 70 հոգու տվյալները և բոլորն էլ եղել են օգնություն ստացածնե՞րը, թե՞ նրանք անուն ազագանուններ չեն ունեցել։ Ինչպե՞ս կարող են իմանալ այս կամ այն մարդը որքա՞ն գումար ունի իր բանկային  հաշվին, եթե չգիտեն նրա անուն ազգանունը, աջակցություն ստացողների ցանկում նրա լինել-չլինելը։ Մի՞թե Հայաստանի բանկերում միայն այդ 50 կամ 70 մարդը ունեն 20 մլն-ական դրամի ավանդներ և այդ 50 կամ 70-նն էլ դիպուկահարի ճշտությամբ հայտնվել են աջակցություն  ստացողների և միաժամանակ «ամփոփ տվյալների» մեջ։ Պարզ չէ՞, որ «ժողովրդի» վարչապետը պահանջել և ստացել է այդ մարդկանց ցանկը։ Մնում է միայն հարցնել, դուք իսկապե՞ս հիմար եք, թե՞ շարունակում եք մարդկանց հիմարի տեղ դնել։ Եվ եթե առանց համապատասխան օրենքի է Նիկոլ Փաշինյանը քիթը խոթում մարդկանց բանկային հաշիվների մեջ, ապա կարելի է միայն ենթադրել, ինչ կլինի, եթե նա օրենքով նման հնարավորություն ստանա։ 

Արա Մարտիրոսյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ