Այն, որ Հայաստանում պետական շահը փոխարինվել է Նիկոլ Փաշինյանի վարկանիշը և իշխանությունը պահելու թիվ 1 գերակայությամբ, ակնհայտ է վաղուց։ Կառավարության նախորդ նիստում «Քրեական դատավարության օրենսգրքում» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում կատարած փոփոխությունների քննարկումն ու հաստատումը հերթական անգամ ապացուցեին այդ փաստը։ Քննարկման ընթացքին կրկին չանդրադառնանք։ Միայն հիշեցնենք, որ այդ փոփոխությունների հաստատմանը փորձեց առարկել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, իսկ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, որքան էլ զարմանալի էր, համաձայնվեց դրանց հետ։
Այժմ համառոտ և հնարավորինս մատչելի այն մասին, թե ի՞նչ է նախատեսվում այս օրենքների փոփոխություններով, եթե դրանք ընդունվեն Ազգային Ժողովի կողմից, ինչի հավանականությունը կասկած չի հարուցում։
Եթե հանցագործության մեջ կասկածվող որևէ մեկի բանկային հաշիվների մասին տեղեկություններ ունենալու համար ներկայիս օրենքով անհրաժեշտ է դատարանի որոշումը, ապա փոփոխություններից հետո քննիչի կամ դատախազի գրությամբ ցանկացած մարդու բանկային գաղտնիք դատարանի որոշմամբ կարող է հայտնի դառնալ՝ անկախ այն բանից այդ մարդը որևէ կերպ ներգրավված է ենթադրյալ հանցագործության մեջ, թե ոչ։ Բավական է, որ ինչ-որ գործարք կատարած լինես մի մարդու հետ, որը հետագայում կասկածվել է հանցագործության մեջ, ապա քո բանկային հաշվի մասին ևս քննությանը հայտնի է դառնում և դու ևս ներգրավվում ես քրեական գործի մեջ։ Ինչպես միշտ, «թավշյա» վարչապետը սա պայմանավորում է կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությամբ։
Իրականում ի՞նչ նպատակ են հետապնդում այս փոփոխությունները և ինչ հետևանքներ կունենան։
Նպատակը քաղաքական է։ Սրանով Նիկոլ Փաշինյանը հերթական քայլն է կատարում դեպի լիակատար բռնապետություն։ Ի թիվս գործադիր և օրենսդիր իշխանությունները զավթելուն, դատական իշխանությունը զավթելուն ուղղված եռանդուն քայլերի, գործի է դրվում նաև ֆինանսական համակարգը իր անմիջական վերահսկողության տալ դնելու մեխանիզմ։ Հիշեցնենք, որ սրան զուգահեռ, նախաձեռնություն կա ՀՀ բոլոր քաղաքացիների համընդհանուր հայտարարգրման անցնելու մասին, որն առայժմ կյանքի չի կոչվել, բայց իշխանությունը սպասում է հարմար պահի սա ևս «կոռուպցիայի դեմ պայքարի» անվան տակ անցկացնելու համար։ Այսինքն, շղթան փակվում է և իրոք ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ցանկացած մեկս չի հայտնվի իշխանությունների ռեպրեսիվ համակարգի նշանակետում, եթե հանկարծ մասնակցենք որևէ հակակառավարական ցույցի, հանդես գանք լրատվամիջոցում կամ պարզապես դեմ լինենք գործող իշխանությանը։ Անմիջապես կհայտվի ինչ-որ քննիչ, որը դատարան գրություն կներակայացնի կոռուպցիոն ենթադրյալ հանցագործություն կատարած մարդու հետ քո գործարք կատարելու մասին և քո բանկային հաշիվը կհայտնվի Նիկոլ Փաշինյանի մոտ։ Հետո արդեն դու պետք է ապացուցես, որ ոչ մի հակաօրինական բան չես արել։ Այդ նպատակով էլ մեկ այլ օրենսդրական նախաձեռնություն է պատրաստվում, որտեղ՝ հակառակ իրավական երկրներում գործող դրույթի, որ քննություն իրականացնող մարմինը պետք է ապացուցի, որ մեղավոր ես, գործի է դրվելու հակառակ մեխանիզմը՝ դու ես պարտավոր ապացուցել, որ անմեղ ես։ Եթե մի տարի առաջ էր Նիկոլ Փաշինյանը հայտարարում՝ «կա՞ դատավոր, որ ինձ ասի չէ», ապա կարելի է պատկերացնել, թե ի՞նչ կլինի, եթե նա ունենա օրենսդրական լծակներ բացարձակ մենիշխանություն հաստատելու համար։
Հետևանքը տնտեսության հասցվող լրջագույն հարվածն է։ Առանց այն էլ եռակի անգամ նվազած ներդրումների պայմաններում, Հայաստանը ավելի վանող կդառնա ներդրումների համար։ Երկիր, որտեղ ամեն պահի կարող են իմանալ քո բանկային գաղտնիքի մասին այն պարագայում, երբ դու ոչ մի հանցավոր գործարքի մեջ չես ներգրավվել, բայց որևէ գումարային փոխանցում ես կատարել կամ ստացել նման գործարքի մեջ ներգրավված մարդու հետ, ոչ մի ներդրողի համար գրավիչ չի։ Ճիշտ այնպես, ինչպես արդեն իսկ գրավիչ չէ ավելի քան մեկ տարի շարունակվող ասֆալտին փռվելու կամ պատերին ծեփվելու, ձերբակալվելու կամ «մասկի-շոուներով» զինված ստուգման ենթարկվելու հեռանկարը։
Ի դեպ, պարտադիր չէ, որ այս ամենը փլվի հարուստ մարդկանց գլխին։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է հայտնվել բանկային գաղտնիքի բացահայտման առջև։ Ոչ ոք չի կարող ենթադրել, որ ինչ-որ մեկից ստացված կամ քո կողմից փոխանցվող մեծ կամ փոքր գումարը չի առնչվելու նախկինում կամ վաղը հանցագործություն կատարած անձի հետ։ Եթե ոմանք մտածում են, որ կոռուպցիայի դեմ պայքար անվան տակ հարուստների դեմ պայքար տանող և նրանց նկատմամբ վերահսկողություն սահմանելու Նիկոլ Փաշինյանի այս քաղաքականությունից իրենց չի հասնելու, ապա չարաչար սխալվում են։
Տնտեսության հասցվելիք վնասի մասին խոսելիս, ոչ միայն պետք է մոռանանք օտարերկրյա ներդումների ասին, այլև պատկերացնենք, թե ինչ լուրջ հարվածի տակ է հայտնվում Հայաստանի ամենակայացած ճյուղերից մեկը՝ ֆինանսաբանկային համակարգը։ Միայն քանդելու մեջ վարպետացած ներկա իշխանությունն ու նրա ղեկավարը ական են դնում բանկային համակարգի տակ։ Կասկած չկա, որ այլևս վստահելի չի լինի հայկական բանկերում գումար պահելն ու ավանդներ ներդնելը, քանի որ նրանք այլևս ի վիճակի չեն լինելու ապահովել գումարների գաղտնիությունը։ Արդյունքում, վերջին մեկ տարում ուժեղացած գումարի արտահոսքը երկրից ավելի կուժեղանա։ Ունևորներն իրենց գումարները կպահեն արտասահամանյան բանկերում, իսկ սակավ գումար ունեցողները՝ տանը, դոշակի տակ։ Միաժամանակ, անկանխիկ գործարքների թիվը կնվազի, կմեծանա կանխիկ և ստվերային գործարքների թիվը, որտեղ կոռուպցիոն ռիսկերն ավելի մեծ են։
Սակայն այս ամենն առանձնապես չի հուզում Նիկոլ Փաշինյանին։ «Չկա մի տեսակետ, որը չենք լսել, չենք կարդացել, բայց այս խնդիրը պետք է լուծվի և պետք է լուծվի հիմա», հայտարարում է նա, փաստացի թքած ունենալով երկրի և ժողովրդի համար այս որոշման ծանր հետևանքների վրա, որոնց մասին, ինչպես երևում է նրա հայտարարությունից, ինքը տեղյակ է:
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը