Այսպիսով, նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, դրանով իսկ պաշտոնապես ամրագրելով վերջին երկու տարում Հայաստանի Հանրապետությունում սեփականության վերաբաշխման և պետական ռեկետի քաղաքականությանը։ Սահմանադրության երաշխավոր համարվող նախագահի Նիկոլ Փաշինյանի կամակատար լինելու մասին շատ է խոսվել, չկրկնվենք։
Դատելով օրենքի մասին արդարադատության նախարարի մեկնաբանությունից, այն ընդունվել է կոնկրետ մարդկանց նկատմամբ կոնկրետ քրեական գործեր հարուցելու նպատակով։ «Եթե ապօրինի գույք ունեցող անձը պարտավորվում է իրեն փաստացի պատկանող ամբողջ գույքը հայտարարագրել և դրա նվազագույնը 75 տոկոսը փոխանցել պետությանը, դա չի ազդում քրեական գործի ընթացքի վրա, որովհետև սկզբունքն այն է, որ անձը գումար վճարելով չպետք է ազատվի քրեական պատասխանատվությունից», նշել է նա, ակամայից խոստովանելով, որ օրենքի նպատակը ոչ թե իր շեֆի բնորոշմամբ ժողովրդից գողացվածը հետ վերադարձնելն է, այլ կոնկրետ անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելը։ Ավելին, նույն նախարարը նախկինում հայտարարել էր, որ այս օրենքը հարուստներից գույքը վերցնելու և այն աղքատներին տալու օրենք չէ։ Սա ի գիտություն «Նիկոլը գողացված գումարը կբաժանի ժողովրդին» խաբեությանը դեռ հավատացողներին։
Թե ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այս օրենքը բոլոր նրանց համար, ովքեր մտածում են, որ դա իրենց չի վերաբերվում, քանի որ իրենք չունեն ապօրինի եկամուտներ, անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներից մեկում։ Սակայն այդ հրապարակման մեջ նշված՝ մեզանից յուրաքանչյուրի գույքն առանց դատարանի որոշման բռնագանձելու հնարավորությունից բացի, այս օրենքը այլ հետևանքներ էլ է առաջացնելու։
Հիշեցնենք սեփականության վերաբաշխման առաջին և արդեն իսկ անհաջողության մատնված օրինակը՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի, այսպես կոչված, նվիրաբերումը Ավետիսյանների ընտանիքի կողմից՝ նրանց նկատմամբ քրեական գործերը կարճելու դիմաց։ Ի՞նչ տեղի ունեցավ։ Դադարեց գործել հյուրանցային համալիր, որի հետևանքով աշխատանքից զրկվեցին մի քանի տասնյակ աշխատակիցներ, պետական բյուջեն չսատացավ տասնյակ կամ հարյուրավոր միլիոնավոր դրամի հարկեր, զբոսաշրջային քաղաքը զրկվեց հյուրեր ընդունելու բարձրակարգ հյուրանոցից, որն անխուսափելիորեն քայքայվելու է, իսկ նրա պահպանման ծախսերը կատարվելու են պետական բյուջեի գումարներից։ Դա ինչ որ մեկին օգուտ տվե՞ց, բացի Նիկոլ Փաշինյանից և նրա իշխանական շրջապատից, որոնք հիմա օգտվում են այդ հյուրանոցից սեփականատիրոջ իրավունքներով։
Այսօր ունենք մեկ այլ, սեփականության խլելու ավելի վայրենի օրինակ՝ «Յուքոմ» ընկերությունը։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ գործող իշխանության նպատակը այն ձեռք բերելն էր՝ սիմվոլիկ գումար տալով ներկայիս սեփականատիրոջը։ Ուշագրավն այն է, որ երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է «Յուքոմի» սեփականատեր ընտանիքի՝ Խաչատրյանների կողմից ապօրինի ճանապարհով հարստանալու մասին, չի «նկատում», որ իր իշխանությունը հիմա նույնն է ցանկանում անել։ Այդ պահին անգամ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը ընդունված չէր։ Ուշագրավ է նաև, որ ընկերության խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին մեղադրում են ոչ թե պետական ունեցվածքի յուրացման, այլ փողերի լվացման և կաշառք տալուն օժանդակելու մեղադրանքներով։ Ուրեմն որտե՞ղ մնաց «ժողովրդից գողացվածը» և այն հետ վերադարձնելը։ Այդուհանդերձ, այս ամենի մեջ մի տեսակ աննկատ է մնացել «Յուքոմի» մոտ 6 հազար աշխատակիցների հարցը։
Գաղտնիք չէ, որ նրանք տագնապի մեջ են և չգիտեն, թե ի՞նչ է լինելու իրենց հետ։ Եթե «Յուքոմն» արժանանա «Գոլդեն Փելեսի» ճակատագրին, ապա այդ մարդիկ կորցնելու են իրենց աշխատանքը, այսինքն իրենց եկամուտները, ապրուստի և սպառողական ու հիպոթեկային վարկեր մարելու միջոցները։ Այսինքն, սեփականության վերաբաշխման այս գործընթացը կարող է վնասել այդ սեփականության հետ որևէ առնչություն չունեցող հազարավոր մարդկանց կենսական շահերին, որոնց մեջ էլ կային մարդիկ, որոնք մինչ իրենց ընկերության հետ առաջացած խնդիրը չէին ենթադրում, որ սեփականության վերաբաշխումը կարող է իրենց առնչվել։ Չենք խոսում այն մասին, որ այդ ընկերության հարյուրավոր կամ գուցե հազարավոր աշխատողներ մասնակցել են երկու տարի առաջ տեղի ունեցած իշխանության «թավշյա» զավթմանը։ Այն ժամանակ էլ նրանք չէին մտածում, որ իրենց արածը մի օր հարվածելու է հենց իրենց։ Ահա թե ինչպես է սեփականության վերաբաշխման արդեն օրենքով սկսվող գործընթացը սպառնում մեզանից յուրաքանչյուրին, ով այսօր չի էլ կարող պատկերացնել, որ նման բան հնարավոր է։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը