04 05 2020

Կորոնավիրուսի նոր վտանգը. հայտնվելու ենք «վարակի աղբյուր» երկրի կարգավիճակում

Կորոնավիրուսի նոր վտանգը. հայտնվելու ենք «վարակի աղբյուր» երկրի կարգավիճակում

Կորոնավիրուսի դեմ պայքարը կառավարությունը փառավորապես տապալել է։ Արտակարգ դրության սկզբում և վերջում հիվանդների թվի ահռելի տարբերությունը, մահացածների թիվը դրա վառ վկայություններն են։ Երկու ամիս տևած արտակարգ դրության և ավելի քան մեկ ամիս տևած կարանտինի արդյունքում ոչ միայն կորոնավիրուսի տարածումը վերահսկողության տակ չառնվեց, այլև տնտեսությանն ու մարդկանց սոցիալական վիճակին ծանր հարված հասցվեց։ Այդ ընթացքում առանց աշխատանքի և եկամուտների մնացած հարյուր հազարավոր մարդկանց մեծ մասը իրենց գոյությունը պահպանեցին ունեցած խնայողությունների հաշվին, որոնք, բնականաբար, անսպառ չեն։ Ինչևէ։

Այսուհետև, կառավարությունը վիրուսի տարածման համար պատասխանատվությունը դնում է բացառապես քաղաքացիների վրա։  Նիկոլ Փաշինյան, Տիգրան Ավինյան և Արսեն Թորոսյան տրիոն դա անվանեց վիրուսի դեմ «ապակենտրոնացված» պայքար, որտեղ պետությունն  այլևս անելիք չունի և քաղաքացիների բարձր ինքնագիտակցությունը պետք է որոշիչ լինեն։ Վերոնոշյալ անձիք, հավանաբար, չեն հասկանում, որ եթե քաղաքացիների մեծ մասի ինքնագիտակցությունը բարձր լիներ, ապա իրենք երբեք իշխանություն չէի դառնա։ Մի խոսքով, այլ բան սպասել անպատասխանատու և կառավարելու անընդունակ իշխանությունից հնարավոր չէր։ Ինչո՞վ է սա վտանգավոր երկրի և բնակչության համար։

Առաջին, դա բերելու է վարակի ավելի բուռն տարածմանը։ Առողջապահական համակարգը կարող է այլևս չդիմանալ նման գերբեռնվածությանը անգամ եթե միայն միջին և ծայրահեղ ծանր հիվանդները բուժվեն հիվանդանոցներում։ Հայաստանը կարող է հայտնվել Իտալիայի, Իսպանիայի և մեր հարևան Իրանի իրավիճակներում։

Երկրորդ, տնտեսական գործունեությունը վերսկսածները կրկնակի հարված կստանան, քանի որ չաշխատած և կորցրած երկու ամիսներին կավենալան վարակված հազարավոր մարդիկ, որոնք չեն աշխատի, գնումներ չեն կատարի և ծառայություններից չեն օգտվի։ Համաշխարհային տնտեսական անկումն էլ իր ազդեցությունն է թողնելու մեր երկրի տնտեսության և տնտեսվարողների վրա։ Դա բերելու է տնտեսական անկման խորացման, հատկապես փոքր բիզնեսի ձեռնարկությունների փակման, գործազրկության աճի, բնակչության աղքատացման։ Սակայն Հայաստանում կորոնավիրուսի՝ ժողովրդական լեզվով ասած «բրախած» վիճակը կարող է հանգեցնել այն բանի, որ մենք ավելի շատ տուժենք, քան այլ երկրներ։ Գործող իշխանությունը դա չի հասկանում։ Եթե Նիկոլ Փաշինայնը նախ հայտարարում է, որ ֆորս մաժորի պատճառով մարդիկ կարող են չվճարել կոմունալ վճարները, ապա մի քանի օր անց ասում, որ ինքը չգիտեր, որ արտակարգ դրություն կարող էր այսքան երկար տևեր, ինչպե՞ս կարող է այդ մարդը հեռանկարային սցենարներ դիտարկի։

Այսինքն, երրորդ վտանգն այն է, որ կարող ենք հայտնվել մերժված երկրի վիճակում։ Պատկերացնենք մի իրավիճակ, երբ տեղի է ունենում այն, ինչ ասում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ունենում ենք 500 հազար վարակակիր, տասնյակ հազարավոր ծանր հիվանդներ և հազարավոր մահեր։ Դա նշանակում է, որ ի տարբերություն աշխարհի այլ երկրների, որտեղ կորոնավիրուսի տարածման դեմ արդյունավետ պայքարի շնորհիվ այն ավելի շուտ կվերանա, իսկ մեզ մոտ շարունակվի, հայտնվելու ենք «վարակի աղբյուր» երկրի կարգավիճակում։  Այսինքն, ցանկացած այլ երկիր գնալիս Հայաստանի քաղաքացիները պարտադիր 14 օր պահվելու են կարանտինի մեջ, մեր երկրից արտահանվող ապրանքները համարվելու են կասկածելի և վարակի տարածման աղբյուր, օտարերկրացիները զգուշանալու են մեր երկիր այցելել, և համաշխարհային տուրիզմի վերագործունեության դեպքում անգամ մենք մնալու են փակված երկիր։ Նման կարգավիճակի ծանր հետևանքները երկրի անվտանգության վրա, թերևս, կարելի է պատկերացնել։ Նիկոլ Փաշինյանի «ապակենտրոնացված» պայքարը կորոնավիրուսի դեմ բերելու է վերոնշյալ և բազաթիվ այլ, դեռևս ոչ տեսանելի հետևանքների։ Հետևանքներ, որոնք ազդելու են մեզանից յուրքանաչյուրի վրա։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ