23 04 2020

Հո չեն «վեթթինգել», էլ դու սուս ...

Հո չեն «վեթթինգել», էլ դու սուս ...

Դատավորների «զտումը», իշխանական բառամթերքով՝ «վեթթինգը», որ մոտ մեկ տարի առաջ հայտարարվեց, բավականին յուրօրինակ եղանակով է իրականացվել: Ճիշտ է՝ այն ժամանակ ասվեց, որ այդ գործը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության տեսանկյունից դատավորների բարեհուսության ստուգումը երկու-երեք ամիս է պահանջում, բայց հետագայում կարծես չեղան հրապարակային հաշվետվություններ առ այն, թե՝ ստուգվել է 121 դատավոր, որոնցից 101-ը համարվել է հուսալի, մնացյալը՝ ոչ կամ՝ հակառակը: Թեպետ, դա այնքան էլ էական չէ:

Էականն այն է, որ դատական իշխանություն ասվածն, ըստ էության, վերածվեց «թավշյա» իշխանապետի կամակատարի: Մանավանդ այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է պետության նախկին ղեկավարների նկատմամբ Նիկոլ Փաշինյանի քմահաճույքով քաղաքական հետապնդման իրականացմանը: 

Ասվածի ցայտուն վկայություն է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքներով «գործը»: Բոլոր այն դատավորները, որոնք օրենքի տառին համապատասխան, նախագահ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ կայացրել են այնպիսի որոշումներ, որոնք հակասում են Նիկոլ Փաշինյանի քինախնդրական նկրտումներին, բոլոր այդ դատավորների դեմ փաշինյանական ռեժիմը կատաղի հարձակում է սկսել, որն արտահայտվել է ինչպես քրեական հետապնդման, այնպես էլ՝ հրապարակային թիրախավորման ու «տրավլյայի»՝ վարկաբեկման արշավ իրականացնելու եղանակներով: Եվ հակառակը՝ «թավշապետական ռեժիմը» որոշակիորեն խրախուսել ու պարգևատրել է այն դատավորներին, որոնք համաձայնել են կամակատարի դերին ու դակել են կառավարությունից թելադրված որոշումը, այն է՝ ամեն գնով Ռոբերտ Քոչարյանին պահել բանտում: 

Այդ հարցում, այսինքն՝ քաղաքական հետապնդումները դատ և օրենքով ձևականորեն «փաթեթավորելու» գործում Նիկոլ Փաշինյանին որոշակի ծառայություններ է մատուցել և շարունակում է մատուցել, օրինակ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը: Նա, օրինակ, մեկ տարի առաջ, ինչպես արդեն նշել ենք այս թեմայով նախորդ անդրադարձում,բավարարել էր նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին ՀՔԾ քննիչի միջնորդությունը: Դրանից մի կես տարի անց, թերևս որպես «վարչապետական մրցանակ», Արթուր Մկրտչյանը դարձել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ: Եվ հիմա էլ արդեն այդ կարգավիճակով է շարունակում «ծառայություններ մատուցել» կառավարությանը, կոնկրետ՝ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին: 

Հա, բա «վեթթի՞նգը»: Այսինքն՝ դատավորների բարեհուսության ստուգումը: Հետաքրքիր է, օրինակ, թե դատավոր Արթուր Մկրտչյանն ինչպե՞ս է «վեթթինգվել»: Իսկ հետաքրքիր է այս հարցը հատկապես այն խորապատկերում, որ Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» թերթը, ոչ այնքան վաղուց, ի դեպ, ուղղակի անարգանքի սյանն էր գամում տվյալ դատավորին: 

Երկար սարուձոր չընկնենք և, օրինակի համար, հղում անենք  «Հայկական ժամանակի» 2017թ մարտի 17-ի «Հաց բերողին կալանավորելու որոշում կայացրած դատավորի սկանդալային անցյալն ու եկամուտները» վերնագրով հրապարակմանը: Այն հասանելի է նաև այս հղումով:

Այո, այո, խոսքը նույն դատավորի՝ Արթուր Մկրտչյանի մասին է: Նա, ի դեպ, այլ աղմկահարույց գործերի էլ է առնչվել: Ինչպես, օրինակ, Արգիշտի Կիվիրյանին կալանավորելու պատմությունը կամ Զարուհի Փոստանջյանի եղբոր հետ կապված պատմությունը, կամ Բուդաղյանների գործը: Բավականին տպավորիչ ցանկ է: Եվ ահա նման տպավորիչ դատավորական «ժառանգություն» ունեցող Արթուր Մկրտչյանը, դատելով ներկայիս կարգավիճակից, շատ էլ հուսալի է նույն այն Նիկոլ Փաշինյանի համար, ում թերթը ժամանակին նույն դատավորին այլ կերպ չէր բնորոշում, քան՝ «սկանդալային անցյալ» ունեցող: 

Բայց դե, մեկ-երկու ծառայության մատուցում նույն Նիկոլ Փաշինյանին, և այլևս նույն դատավորը ոչ միայն հուսալի է, այլև դատարանի նախագահ: 

Տպավորի՞չ է: Տպավորի՛չ է․ հատկապես՝ գործող իշխանության ու իշխանապետերի երկդիմությունը: 

Ի դեպ, «Հայկական ժամանակ»-ի երեք տարվա վաղեմության այդ հրապարակման մեջ նաև այսպիսի տողեր կան. «Հաց բերող Արթուր Սարգսյանին փետրվարի 9-ին երկրորդ անգամ կալանավորելու որոշում կայացրած դատավոր Արթուր Մկրտչյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների մասին հայտարարագիրը: Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը հացադուլ հայտարարեց փետրվարի 10-ին՝ իրեն կալանավորելու մասին դատավոր Արթուր Մկրտչյանի կայացրած որոշումից մեկ օր անց... 

Արթուր Մկրտչյանի քննած աղմկոտ գործերը ժամանակին առանձնացրել էր «Հելսինկյան ասոցիացիան»:... 2012 թվականին «Հելսինկյան ասոցիացիան» դիմել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն՝ խնդրելով մուտքի արտոնագիր չտրամադրել մի շարք դատավորների, ովքեր աչքի են ընկել օրինախախտումներով ու կամայական որոշումներով: Արթուր Մկրտչյանն ընդգրկվել էր այդ դատավորների ցանկում»:

Եվ ահա, նման հարուստ անցյալով դատավորին «վեթթինգած» և հուսալի ճանաչած իշխանությունը դեռ համարձակվում է «անուն դնել» դատական իշխանության այնպիսի ներկայացուցիչների, որ նաև «նախկին ռեժիմի» օրոք առանձնացել են իրենց անկողմնակալ և օրինավոր կեցվածքով և մասնագիտական բարեխղճությամբ: 

Բայց մի՛ կարծեք, թե «ՀԺ» նախկին խմբագիրը մոռացել է, թե ժամանակին ինչեր են գրել կամ ինչպես են բնորոշել, օրինակ, նույն Արթուր Մկրտչյան դատավորին: Պարզապես հիմա նրա ծառայությունը պետք է, օգտագործում են: Երբ այլևս այդ ծառայությունների կարիքը չզգան, լավ էլ կհիշեն իրենց «վարկաբեկանյութերը», որոնց խոսակցականով «կոմպրոմատ» են ասում: 

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ